Գլխավոր դատախազությունը քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է տեղական եւ պետական մարմիններում ծառայող անձանց զրպարտելու, կամ վիրավորելու համար պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի 100-500-ապատիկի չափով։ Արդյո՞ք այստեղ խոսքի ազատության սահմանափակման վտանգ կա։
1in.am-ի տաղավարում պատասխանելով այս հարցին՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը նշել է, որ այդպիսի վտանգ կա, քանի որ ՄԻԵԴ-ը իր կայունորեն սահմանված դատական պրակտիկայում որպես ընդհանուր սկզբունէ սահմանել է, որ պետական եւ ՏԻՄ լիազորություններ իրականացնող պաշտոնյաները պետք է ավելի հանդուրժողական լինեն ազատ խոսքի նկատմամբ։
«Սա ընդհանուր սկզբունք է։ Ես, իհարկե, մանրամասնորեն ծանոթ չեմ այդ նախագծին, բայց, ըստ էության, դա ավելի է սահմանափակելու խոսքի ազատության իրավունքի իրացումը։ Մյուս կողմից, իհարկե, կա այն երեւույթը, որ խոսքի ազատության իրավունքը Հայաստանում մեծապես չարաշահվում է, եւ հայտնի են այն շրջանակները, լրատվամիջոցները եւ անձինք, որոնք անցնում են խոսքի ազատության իրավունքի սահմանները, որովհետեւ այդ իրավունքն ամենեւին էլ բացարձակ իրավունք չէ։ Բայց միաժամանակ, նման սահմանափակումների միջոցով չէ, որ այդ անթույլատրելի խոսքը պետք է սահմանափակվի։ Նաեւ խնդիրն այն է, որ նման օրենսդրական նախաձեռնությունները մեկուսի ակտեր չեն․ պետք է դրանք դիտարկել մեր դատական համակարգի համատեքստում։ Եւ եթե մի կողմից մենք ունենանք նման նախագծեր, որոնք կդառնան օրենք, իսկ մյուս կողմից ունենանք այն դատական համակարգը, որը մինչ այսօր ունենք, ապա այդ օրենքները կմնան թղթի վրա ճիշտ այնպես, ինչպես մնացած օրենքները, կամ՝ կկիրառվեն ընտրողաբար։ Եւ այդ նույն կոնտեքստում կարելի է բերել զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացման ամբողջ գործընթացին հետեւած ժամանակահատվածում մեր ուշադրության կենտրոնում եղած բազում դատական ակտեր, երբ անգամ շատ ողջամիտ թվացող հայցերը դատարանների կողմից չեն բավարարավել։ Օրինակ՝ վերջերս ԶԼՄ-ների, այսպես ասած, «սորոսականության» արշավի շրջանակներում մեր վստահորդի իրավունքները պաշտպանելու համար Մարիաննա Գրիգորյանի անունից էինք հայց ներկայացրել մի շարք թափթփուկների դեմ։ Այդ հայցերը մենք 2019 թվականի վերջից ներկայացնում էինք, եւ կոնկրետ մեկ գործով դատավոր կա, որ ընդհանրապես չի ուզում վարույթ ընդունել։ Տեւական ժամանակ վարույթ չէր ընդունում, ամեն ձեւով փորձում էր ազատվել այդ գործից, հետո ինչ-որ այլ պատրվակներով փորձում էր ցույց տալ, թե հայցվորը, այսպես ասած, կորցրել է հետաքրքրությունը գործի նկատմամբ, եւ այդ հիմքով էր ուզում կարճել գործի քննությունը։ Սա ակնհայտորեն երկու բան կարող է նշանակել․ 1՝ դատավորը անհանգիստ է, որ այդ նույն շրջանակները հետագայում կարող են իրեն էլ թիրախավորել, (մեր աչքի առաջ է Աննա Դանիբեկյանի էպիզոդը, թե ինչպես էին այդ նույն շրջանակները նրան կոպտելով, վիրավորելով տեսանկարահանում եւ ուղեկցում մթության մեջ), 2՝ դատավորը համամիտ է այդ շրջանակների հետ, իրենց հետ համագործակցում է, եւ այդ պատճառով չի ցանկանում քննության ընդունել այդ հայցերը։ Իհարկե, այդ դատական ակտը բողոքարկել ենք, ներկայումս Վերաքննիչ դատարանում քննություն է ընթանում, եւ հուսով եմ, որ Վերաքննիչ դատարանի դատավորները ողջամիտ եւ ավելի համարձակ կգտնվեն։ Բայց ուզում եմ ասել, որ նման օրենսդրական նախաձեռնությունները մեկուսի մեզ որեւէ բանի չեն հանգեցնելու։ Դրանց համակարգային մոտեցում է պետք եւ դա պետք է անել դատական համակարգի խորքային բարեփոխումների հետ միասին։ Ինչը այս պահին չենք տեսնում»,- նշել է Հակոբյանը։
Անդրադառնալով խորհրդարանի կողմից վերջերս ընդունված ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի նախագծին, որով վիրավորանքի եւ զրպարտության համար 5 եւ 10 մլն դրամի փոխհատուցում է նախատեսվում` Հակոբյանը նշել է, որ այդ նախագծի հետ կապված լրագրողական կազմակերպությունները ընդդիմախոսել են, եւ բավականին լուրջ, ծանրակշիռ փաստարկներ են ներկայացրել։
«Արձանագրենք նաեւ, որ այս պահին փոխհատուցման առավելագույն չափը վիրավորանքի համար 1 մլն դրամն է, եւ զրպարտության դեպքում բարոյական վնասի փոխհատուցման առավելագույն չափը՝ 2 մլն դրամ։ Սա քիչ գումար չէ, բայց, միեւնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ շատ հազվադեպ է եղել, որ դատարանները այդ չափի հայցեր են բավարարել։ Ուստի, եթե մեծացնենք այդ փոխհատուցման չափերը, դա ոչինչ չի փոխելու։ Նախ` դատավորներ է պետք ունենալ, որոնք կկիրառեն դա։ Բայց առավել կարեւորն այն է, որ այդ փոխհատուցման չափերը իրականում խախտում են խոսքի ազատության իրավունքի կարեւորագույն հիմունքները, դրանք խախտում են համաչափության սկզբունքը, որովհետեւ դա առաջին հերթին հարված է լինելու լրատվամիջոցներին, իսկ ԶԼՄ-ները, բնականաբար, այնպիսի բարվոք գույքային վիճակում չեն, որ նման փոխհատուցումներ վճարեն։ Եւ նորից կա այն մտավախությունը, որ դա ընտրողաբար է կիրառվելու։ Այսինքն, լռեցնելու ազդեցություն կունենա այն քննադատներին, որոնք շատ հաճախ օբյեկտիվ քննադատության են ենթարկում իշխանությանը, թեեւ, գուցե նպատակը այդ անպարկեշտ շրջանակներին եւ ոչ իրավաչափ խոսք արտահայտողներին լռեցնելն էր»,- նշել է Հակոբյանը։
Նրա խոսքով, կան մի շարք միջոցառումներ, որոնք կարելի էր իրականացնել այդ ամենի փոխարեն․ ՄԻԵԴ-ը ձեւավորել է հսկայական օգտակար դատական պրակտիկա այս հարցերի վերաբերյալ, որոնց մասին, սակայն, մեր դատական համակարգում նորմալ տեղյակ չեն, որ այդ ամենը կիրառեն եւ իրավաչափ դատական ակտեր կայացնեն, եւ պաշտպանեն այն մարդկանց, որոնց իրավունքները խախտվել են։
Բացի դրանից, կան այլ տարբեր միջոցներ եւս․ օրինակ՝ լրագրողական ինքնակարգավորման մեխանիզմները։
«Դրանք աշխարհում կան, աշխարհը մեծ փորձ ունի, եւ պետք է դրանք ուսումնասիրել, այդ մեխանիզմները սահմանել, եւ ճշտորեն կիրառել։ Բացի դա, նաեւ միտում կա մեծացնել դատարան դիմելու համար նախատեսված պետական տուրքը։ Դա եւս մեծ խնդիրներ կառաջացնի, որովհետեւ դա նույնպես սահմանափակելու է մարդկանց արդար դատաքննության իրավունքը, որի կարեւոր բաղադրիչ է դատարանի մատչելիության իրավունքը։ Մյուս կողմից էլ մենք ունենք այս հարձակումները մեր հասարակությունում հանրային կարծիք ձեւավորող անձանց դեմ։ Եւ այն անձինք, որոնք թիրախավորվում են, իրենց համար դատական ատյաններին դիմելը ոչ թե պետք է թանկարժեք եւ անհասանելի հաճույք դառնա, այլ հակառակը , նրանց համար պետք է ավելի մատչելի եւ արտոնյալ իրավիճակ սահմանվի, որովհետեւ դա բխում է նաեւ իրավապաշտպաններին հատուկ պաշտպանության տակ առնելու պետության պարտավորությունից։ Այդ պարտավորությունները ամրագրված են միջազգային մի շարք գործիքներով, նաեւ մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարը կոնկրետ իրավապաշտպանների պաշտպանության հարցով է զբաղվում, այդ մանդատն էլ ունի, ուստի, ինչո՞ւ իրավապաշտպաններին ընդհանրապես չազատել պետական տուրք վճարելու պարտավորությունից, երբ ակնհայտ է, որ նրանք չարամիտ դիտավորությամբ սիստեմատիկորեն արդեն մի քանի տարի հարձակումների են ենթարկվում շատ կոնկրետ հայտնի շրջանակների կողմից»,- ասել է Հակոբյանը։
Նա հիշեցրել է, որ իր ղեկավարած ԻԵՄ կազմակերպությունն արդեն մի քանի հայց է ներկայացրել տարբեր ԶԼՄ-ների դեմ, որոնք ակնհայտորեն փորձել են հարձակումներ իրականացնել իրենց կազմակերպության հեղինակության եւ գործարար համբավի վրա։ Իրենց հայցին միացել են նաեւ այլ իրավապաշտպաններ: Բացի դրանից, իրենք դատարաններում նման գործերով նաեւ այլ իրավապաշտպանների շահեր են ներկայացնում։ Եւ Հակոբյանի խոսքով, իրենք անընդհատ բախվում են իր նշած խնդիրներին․ դատական իշխանությունը պատշաճորեն չի պաշտպանում իրավապաշտպանների իրավունքները։
Մյուս կողմից, ըստ Հակոբյանի, պետությունն էլ պատշաճ քայլեր ձեռնարկելու փոխարեն, ինչ-որ անհասկանալի միջոցառումներ է իրականացնում։ Նա օրինակ է բերել պատգամավորներից մեկի հայտարարությունը, որով վերջինս առաջարկում էր նորից քրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը։ Դա, ըստ Հակոբյանի, նորից անհասկանալի է, այն դեպքում, երբ ապաքրեականացումը շատ պետություններում ողջունվել է, քանի որ դա իրավունքների պաշտպանության ավելի բարձր ստանդարտ է սահմանում։
Անդրադառնալով դատաիրավական բարեփոխումների տեմպին՝ Հակոբյանը նշել է, որ այստեղ էլ նորից «տեսնում ենք ինչ-որ կոսմետիկ քայլեր»։
«Խոստացվել էր անցումային արդարադատություն, վեթթինգ, փոխարենը սահմանափակվեցին դատական օրենսգրքում մի քանի հանձնաժողովներ նախատեսելով, որոնք ի սկզբանե չէին կարող արդյունավետորեն գործել։ Հռչակվել էր, որ քաղհասարակությանն էլ են տեղ տալիս, բայց եթե նայում ես այդ հանձնաժողովների կազմերի բալանսին, հասկանալի է, որ քաղհասարակության 1 կամ 2 ներկայացուցիչները այնտեղ ոչինչ չեն կարողանալու փոխել։ Եթե անգամ ԲԴԽ-ում շատ քիչ բան է հնարավոր փոխել 5/5 բալանսի պայմաններում, ապա պատկերացրեք, թե 8/2, կամ 7/2 բալանսի պայմաններում ի՞նչ է հնարավոր փոխել։ Նույնը Հակակոռուպցիոն դատարանը, որը շատ լավ նախաձեռնություն է, բայց թե ինչպես դա կիրականացվի, արդեն շատ հարցականներ են առաջանում, քանի որ չափանիշները ճիշտ չեն ընտրված։ Եթե այդ դատարանը համալրվի պատշաճ կադրերով, դա կարող է աշխատել, բայց այստեղ սահմանել են որոշակի տեսակի կարգապահական տույժերի ենթարկված չլինելու ստանդարտ։ Եւ եթե հիշենք նախահեղափոխական եւ հետհեղափոխական շրջանների Փաստաբանների պալատի գործունեությունը, երբ թիրախավորվում էին քիչ թե շատ անկախ փաստաբանները, որոնք ՓՊ նախագահի թրի տակով չէին անցել, ապա կտեսնենք, որ այդ չափանիշները ոչ մի բանի չեն ծառայելու, կամ ծառայելու են նրան, որ մենք նորից չենք կարողանալու անկախ, մասնագիտական հարուստ փորձառություն ունեցող կադրերով համալրել Հակակոռուպցիոն համակարգը։ Էլ չասած, որ հակակոռուպցիոն դատարանը ներկա դատավորների կազմից դատավորներով համալրելու համար ավելի պարզեցված ընթացակարգ է նախատեսված, քան՝ փաստաբանների, քննիչների, դատախազների կազմից։ Ուստի, ստացվելու է, որ ավելի կարեւոր գործերը քննելու են այս դատավորներից ընտրված դատավորները»,- նշել է Հակոբյանը։
Անդրադառնալով Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավարությունը, Հակոբյանը նշել է, որ եթե դատական համակարգում ոչինչ չփոխվի, այդ գործին եւս այն ճակատագիրն է սպասվում, ինչ Մարտի մեկի գործին։
«Եթե դատական համակարգում խորքայնորեն բան չփոխվի, այդ գործին լավ հեռանկար չի սպասվում, չնայած նրան, որ կան բոլոր հիմքերը, նոր երեւան եկած հանգամանքներն էլ բավականին լուրջ են։ Երբ հեղափոխությունը եղավ, մենք լիահույս էինք, որ շատ գործեր, որոնցով ծածկադմփոց էր արվել, արդար լուծում կստանան, բայց այս դատական համակարգի պարագայում այդ հույսն ավելի արագ է մեռնում»,- ասել է Հակոբյանը։

