«Ես ցանկանում եմ այդ փոփոխությունները, բայց եւ ցանկանում եմ զգուշացնել այն հնարավոր բարդությունների մասին, որոնք հերթական կոլապսի կմտանեն համակարգն ու գործընթացները»,- մեկնաբանելով իշխանությունների կողմից դատական համակարգում իրենց կողմից հռչակված բարեփոխումներ անելու քայլերը 1in.am-ի տաղավարում ասել է փաստաբան, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը։
Նրա խոսքով, այնպիսի փոփոխությունները, ինչպիսին ներկայացված փաթեթներն էին (որոնցից Հակակոռուպցիոն դատարանի եւ այլ կառուցակարգերի մասին փաթեթը ներկայացվեց այս տարվա հունվարին, մյուսը՝ Դատական օրենսգրքի եւ հարակից օրենսդրության մեջ փոփոխությունները ներկայացվեցին փետրվարի սկզբին) չեն տալու այն կայուն արդյունքը, որն անհրաժեշտ է, կամ որի անհրաժեշտության մասին տարիներ շարունակ բարձրաձայնվում էր։
«Երբ մենք փորձում ենք մի քանի դատավորների՝ մի մասին գործող դատավորներից, մյուս մասին նոր թեկնածուներից, առանձնացնել ինչ-որ գործեր քննելու համար, /այս դեպքում կալանք, մինչդատական վարույթ/, բայց չենք փոխում եւ ապահովում այն մեխանիզմները, որոնք պետք է հավասարակշռեն օրենքներին եւ Սահմանադրությանը համապատասխան գործունեություն, ապա այս իրավիճակային փոփոխությունը իրավիճակային հետեւանքներ է ունենալու։ Հնարավոր է՝ այդ փոփոխության առաջին շրջանում այդ դատավորները առերեվույթ կայացնեն օրինական դատական ակտեր։
Բայց քանի որ չկա այն հակակշիռը, որը կայուն, հետեւողականորեն զսպելու է բոլոր ապօրինի, կամ օրենքով արգելված տատանումները, ապա այս մարդիկ իրավիճակային փոփոխությունների եւ այլ պայմանավորվածություների արդյունքում փոխելու են իրենց վեկտորը եւ մենք այս նոր՝ առանձնացված դատավորների կորպուսով ունենալու ենք այն նույն արդյունքները, ինչ մինչ այժմ»,- նշել է Եգորյանը։
Փաստաբանի խոսքով, այդպիսի հավասարակշռող կայուն մարմիններից է օրինակ՝ ԲԴԽ-ն է, որը պետք է ապահովի այդ շեղումները եւ տատանումները, նվազեցնի կամայականությունները, այդպիսի մարմիններ են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Դատախազությունը, նախաքննություն իրականացնող մարմինները։ Սակայն, ըստ Եգորյանի, երբ այս համակարգը ձեւավորված չէ առնվազն իր նոմինալ կարողությունները կայուն եւ հետեւողական իրականցնելու տեսանկյունից, ապա այս շղթայում միշտ ցանկացած օղակ կարողանալու է շարքից դուրս գալ, քանի որ տեսնելու է այդ փոխզսպման, պատասխանատվությունից խուսափելու բացերը եւ գայթակղվելու է դրանցով, արդյունքում փնտրելու է այդ գայթակղությանը համարժեք որեւէ պայմանավորվածություն։
«ԲԴԽ-ի հետ կապված բոլորն ընդունում են, որ կա խնդիր, իսկ ավելի բաց ասած՝ կա կոնկրետ հակազդեցություն ԲԴԽ-ի կողմից, որը առաջնորդվում է այդ կառույցի նախագահի կողմից։ Այդ մարմինը ոչ միայն իր ֆունկցիան չի կատարում, այլեւ ակնհայտ քաղաքական դիրքավորում է զբաղեցնում։ Սա կարելի է պնդել ելնելով նրանից, որ որեւէ սթափեցնող, կամ հակակշռող հայտարարություններ ԲԴԽ որեւէ անդամի կողմից չարվեց՝ ի պատասխան ԲԴԽ նախագահի հայտնի հայտարարության։ ԲԴԽ-ում ունենք այս պատկերը, եւ ունենք ընդամենը երկու թափուր տեղի լրացման հնարավորություն․ արդյունքում, լավագույն դեպքում, եթե շատ պայմանական անվանենք, ունենք 5-ը 5-ի դեմ հակակշռում, ըստ էության՝ հավասարակշռում, որի պայմաններում այդ մարմինը չի կարող արդյունավետ գործել․ քվեարկությունների համար 6 ձայն է պետք, իսկ որոշ քվեարկությունների համար՝ 2/3։ Ուստի, մենք չենք կարող հույս ունենալ, որ փոփոխությունների արդյունքում այն հատվածները, որոնք պետք է սպասարկի ԲԴԽ-ն, սպասարկելու է լավագույնս եւ առավելագույնս, եւ ի նպաստ այդ բարեփոխումների։ Հետեւաբար, մենք ունենք ռիսկ, որ ամեն հաջորդ քայլին, երբ այդ կարգավորումները կմտնեն ուժի մեջ եւ կսկսեն իրագործվել, ԲԴԽ-ն կիրականացնի այնպիսի քայլեր, կամ հակառակը անգործություն կդրսեւորի, եւ չի անի ոչինչ, ինչի արդյունքում կձախողվի այն, ինչն ակնկալվում է այս փոփոխությունները առաջ տանող անձանց, կամ խմբի կողմից։
Արդյունքում ունենալու ենք ավելի վատ իրավիճակ, կորսված ժամանակ, խնդիրների ավելի մեծ կուտակում, բայց հետաձգված էֆեկտով»,- նշել է Եգորյանը։
Նրա խոսքով, ոչ ոք չի ասում, թե գործադիր իշխանությունը, ասենք՝ Արդարադատության նախարարությունը, պետք է փորձի ազդել ԲԴԽ-ի վրա։ Խոսքն, ըստ փաստաբանի, այն մասին է, որ կան մտածված, խելամիտ, գործողություններ, որոնք պետք է հնարավորինս ճշգրիտ պլանավորվեն եւ այնպիսի սինխրոնությամբ իրականցվեն, որ շեղվող վարքագիծ, պայմանավորվածություններ եւ այլ արատավոր դրսեւորումներ հնարավոր չլինի իրականացնել։ Ըստ Եգորյանի, ԲԴԽ-ի այս կազմի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, եւ կան լուծումներ, որոնց արդյունքում այդ կազմի ամենաարատավորված եւ ԲԴԽ-ի հեղինակությանն ակնհայտ սպառնացող անդամներին կարելի է «մեկուսացնել»։
«Այդ գործիքակազմից է, կամ դա իրագործող մարմիններից է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Կոռուպցիայի գործերով դատախազությունը։ Այդտեղ կա նաեւ որոշակի օրենսդրական հարց, որը եւս կարգավորելու դեպքում շատ ավելի արդյունավետ պրոցեսներ է հնարավոր է իրականացնել, ավելի ընդգրկուն քննությունների եւ ուսումնասիրության դաշտ կարելի է բացել։ Այս բոլորը իրավաչափ, օրինական գործիքներ են, որոնք եթե արդյունավետ չես կիրառում՝ չես կարողանում համակարագային փոփոխություններ առաջացնել։ Պատկերացրեք այսպիսի իրավիճակ․ ԲԴԽ-ն պետք է ընտրի այն դատավորներին, որոնք պետք է քննեն կալանքի գործերը։ Ենթադրենք՝ գործող դատավորներից ընտրեցին 5 հոգու, ենթադրենք այդ 5 հոգին սկզբի համար ինչ-որ մի քանի գործերով փորձում են դրսեւորել այնպիքի վարք, որ առերեւույթ չերեւա, որ իրենք պոտենցիալ, այսպես ասած, «պրոբլեմներ» են օրինականության եւ արդարադատության համար։ Եւ այդպես մի քանի ամիս, իսկ հետո գալիս է մի այնպիսի փուլ, այնպիսի խնդիր, ինչպիսին օրինակ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո առաջացած էքսցեսն էր, եւ այս մարդիկ իրենք վարքը իրենց պայմանավորվածությունների շրջանակներում փոխում են։ Ի՞նչ պետք է անել, ոչինչ, ոչինչ չենք կարողանալու անել։ Կլինի նոր կոլապս, ամբողջ ջանքերը կնետվեն ջուրը։ Եթե մեր հույսն այն էր, որ այն թարմը արյունը, որ նոր երկու անդամների տեսքով ներկարկվեց ԲԴԽ, պետք է այնպիսի պրոցեսներ առաջացնի, որոնք անհրաժեշտ են կառույցի առողջացման համար, ապա չմոռանանք, որ դրա համար ժամանակ է պետք։ Ու նաեւ մեծ է ռիսկը, որ այդպիսի պրոցեսներ այդ ներկակումը չառաջացնի, հնարավոր չլինի հաղթահարել այնտեղ ձեւավորված մեծամասնությունը, որն ինչ-որ բալանսի է եկել եւ դրսեւորում է այն վարքը, որը դրսեւորում է։ Եւ եթե այդպիսի մեծ հավանականություն կա, ուրեմն, չեմ հասկանում, թե ո՞րն է նպատակը լրացուցիչ հարցեր առկախել ԲԴԽ-ից՝ ունենալով հստակ պատկերացում, որ ԲԴԽ-ի վարքագիծը, մեղմ ասած, միանշանակ չէ»,- ասել է Եգորյանը։

