Իր հայտարարությունից հետո ԲԴԽ-ի նախագահը չպետք է շարունակեր պաշտոնավարել

Ինչպե՞ս պետք է լուծվի Ադրբեջանում հայտնված հայազգի գերիների հարցը, ի՞ նչ հնարավորություններ կան։

1in.am-ի տաղավարում պատասխանելով այդ հարցին «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը նշել է․

«Այս հարցը միայն իրավական ճանապարհով լուծելու հույս ունենալը սխալ է, իրավական ճանապարհով այդ հարցի լուծումը շատ դանդաղ գործընթաց է, եւ սրան անպայման պետք է զուգահեռվի քաղաքական միջոցների արդյունավետ գործադրումը․ դրանք էլ միայն արտաքին քաղաքական չեն, դրանք նաեւ ներքին քաղաքական են, որովհետեւ եթե դու՝ որպես պետություն, ուզում ես շատ ավելի կոշտ դիրքորոշում ձեւավորել այդ հարցի կապակցությամբ, դու պետք է այդ հարցի կապակցությամբ միասնական թիկունք ունենաս։ Ամբողջ պետությունը, ժողովուրդը, անկախ դրա քաղաքական, կամ՝ այլ սեգմենտացումից, այս հարցի կապակցությամբ պետք է միանշանակ եւ հստակ դիրքորոշում ունենա՝ ի նպաստ հայաստանյան, եթե կուզեք, ուլտիմատումի։ Իսկ որպեսզի Հայաստանը ներկայացնող որեւէ մեկը կարողանա այդպիսի պահանջ դնել, (անկախ նրա հանդեպ վերաբերմունքից), նրան պետք է հաղորդվի այդ սատարումը։ Եթե սա չի արվում, բնականաբար, պետությունը չի կարող ավելի կոշտ ու ամուր լինել, եւ այդ հարցով վերջնագիր ներկայացնել։ Ի վերջո, պետք է հասկանալ, որ այդ հարցով կոշտ դիրքորոշումը նաեւ շատ վտանգներ է պարունակում, որոնց նվազեցմանը նաեւ կնպաստի այն, որ ամբողջ ազգը միասնական է։ Այս հարցով պատասխանատվության շատ մեծ բեռ ունեն այն բոլոր անձինք, խմբերը, որոնք պառակտիչ, եւ անգամ այս հարցում միասնականությունը խաթարող գործունեություն են ծավալում»։

Իսկ արդյո՞ք հնարավոր է կասեցնել պատերազմից հետո մեկնարկած պրոցեսը՝ հայտարարությունները, համաձայնագրերը, մինչեւ այս հումանիտար հարցը չլուծվի։

Ի պատասխան այս հարցի ԻԵՄ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանն էլ նշել է․

«Դա հայտարարությամբ ֆիքսված պայմանավորվածություն է․ Ադրբեջանն ուղղակիորեն հրաժարվում է կատարել այդ պարտավորությունը, Ռուսաստանն էլ, կարծում եմ՝ բավարար ջանքեր չի գործադրում այդ կետի կատարումն ապահովելու հարցում։ Այո, մենք պետք է կոշտ դիրքորոշում ձեւավորենք եւ ասենք, որ մինչեւ այս հարցը չլուծվի, այլ ոլորտներում այս պահին որեւէ համագործակցություն չենք կարող քննարկել․ ընդ որում, դա նախապայմաններ չենթադրող հարց է, դա մարդասիրական իրավունքի նորմի խախտում է։ Միաժամանակ, Ադրբեջանն, ըստ իս, չի կարող այդ անվախ եւ անզիջում դիրքերից հանդես գալ, սա ժամանակավոր մանյովր է, ուղղակի մեր գերեւարված անձինք են պատանդի կարգավիճակում այս պարագայում։ Ադրբեջանը միջազգային համայնքի մոտ իր իմիջը վերականգնելու խնդիր ունի, որովհետեւ տարբեր պետություններ արեցին հայտարարություններ՝ դատապարտելով ադրբեջանա-թուրքական ագրեսիան ՀՀ նկատմամբ, եւ այս պարագայում Ադրբեջանը ձգտելու է մաքրել իր իմիջը՝ փորձելով ասել, թե Հայաստանն է մեղավոր եղել պատերազմի սանձազերծման համար։ Եւ այս պարագայում մենք պետք է կարողանանք գրագետ ձեւով համագործակցել նաեւ միջազգային կառույցների հետ, քանի որ նրանք էլ քնած չեն։ Մինչեւ 2020-ը այլ իրողություններ էին այս տարածաշրջանում, հիմա արդեն այլ մարտահրավերներ են, եւ դրանք արձանագրված են։ Օրինակ՝ ԵՄ օրակարգում արձանագրված է այս տարածաշրջանում միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, եւ այլն։ Իսկ այդ մարտահրավերները ինչի՞ շնորհիվ են ստեղծվել՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի, այսինքն, իրենք խնդիր ունեն իրենց իմիջը մաքրելու եւ այդ հանգամանքները եւս պետք է օգտագործել»։

Տիգրան Եգորյանն էլ հավելել է, որ մենք ավելի քան 25 տարի անտեսել ենք միջազգային քաղաքականության եւ դիվանագիտության հիմքում իրավական բլոկը տեղադրելու հարցը, իրավական հենքը բացակայել է, այդ ուղղությամբ իրավական որեւէ արդյունավետ գործառույթ չի իրականացրել պետությունը։

«Հիմա նոր-նոր ինչ-որ փորձեր կատարվում են, եւ այստեղ գերիների խնդիրը չի կարող որպես անջատ խնդիր դիտարկվել, որով պետք է իրավական գործընթացներ տեղի ունենան։ Առհասարակ, եւ ամբողջ ղարաբաղյան հարցի կոնտեքստի, եւ պատերազմական հանցագործությունների հետ կապված բազմաթիվ հարցեր մեզ մոտ պետք է առաջնային պլան մղվեն՝ ոչ միայն քաղաքական հայտարարություններով, կամ բանավորության վրա հիմնված ինչ-որ, այսպես ասած, քննարկումներով, դիվանագիտական սեթեւեթումներով, այլ շատ կոնկրետ գործողություններով, այդ թվում նաեւ ՄԱԿ-ի բոլոր ռեսուրսները, լծակները օգտագործելու միջոցով»,- հայտարարել է Եգորյանը։

Հարցին, թե Հայաստանի ներսում անորոշության հանգուցալուծումը ո՞րն է, ո՞ր դեպքում Հայաստանը պատրաստ կլինի ընտրության, Տիգրան Եգորյանը պատասխանել է

«Այսօր կա մի կարեւոր նախապատրաստական ծրագիր, որը, սակայն, պետք է հեղափոխությունից անմիջապես հետո մեկնարկեր, ու իր ամբողջ ծավալով լուծեր տարիներով կուտակված հարցերը՝ եւ ընտրական իրավունքի ոլորտում, եւ արդարադատության ոլորտում, կոռուպցիայի ցանցի հաղթահարման ուղղությամբ, բազմաթիվ այլ խնդիրների, որոնք պետությունը վերածել էին փոքրիկ կրպակի, բայց քանի որ մենք ունենք հիմա այն, ինչ ունենք, այս առնվազն 6 ամիսը պետք է օգտագործվի վերակենդանացման այն միջոցառումների վրա, որոնք կապահովեն նվազագույն բավարար մթնոլորտը, որտեղ առավելագույն արդյունավետությամբ կարող են տեղի ունենալ ընտրական գործընթացներ։ Դրանք վերաբերում են ինչպես բուն ընտրական պրոցեսներին եւ օրենսդրությանը, այնպես էլ՝ ընտրության տեղեկացվածության եւ կամքի արտահայտման ազատության ամրագրման պրոցեսին, նաեւ իրավապահ համակարգին եւ արդարադատության մարմիներին, դատարանների նվազագույն բավարար մակարդակին։ Դրանք 6 ամսում հնարավոր է իրագործել»։

Լուսինե Հակոբյանն էլ հավելել է, որ գոնե դատական իշխանությունում պետք է մթնոլորտը փոխելու ուղղությամբ որոշակի ջանքեր գործադրել․ հակառակ դեպքում ընտրություններում կունենանք մի պատկեր, երբ դիտորդներին, վստահված անձանց ահաբեկողները կարող են մեկուսացվել տեղամասից եւ ներկայացվել դատարան, սակայն, հնարավոր է, որ դատավորներն էլի կալանքի միջնորդությունները չբավարարեն, եւ այդ անձինք վերադառնան տեղամասեր ու շարունակեն ահաբեկել։

Պատերազմից հետո եղել են դեպքեր, երբ դատարանները մերժում էին դատախազության բավականին հիմնավոր հայցերը արդյո՞ք սա սաբոտաժի մասին է խոսում։

Լուսինե Հակոբյանը շեշտում է, որ մինչեւ փաստերի մեջ չխորանաս, չի կարող վերջնական եզրահանգումներ անել, բայց մի կարեւոր դիտարկում կա, որը անզեն աչքով բոլորին էր պարզ։

«Նոյեմբերի լույս 10-ի հայտարարության ստորագրման գիշերը հեղաշրջման փորձ էր տեղի ունենում, երբ այսպես կոչված ընդդիմությունը կազմակերպված խմբերով փորձում էր խլել իշխանությունը, էլ ինչո՞վ բացատրել այն, որ այդ ուժերը չէին ցանկանում առնվազն մեկ տարի ընտրություններ անցկացնել՝ ասելով, թե հանրությունը պատրաստ չէ դրան, կամ ինչ-որ մեկին, որը իր մասնակցած վերջին ընտրություններին 1 տոկոսից էլ քիչ ձայն էր հավաքել, ուզում էին անհասկանալի մանդատով կարգել վարչապետ։ Հիմա այդ քարոզչության փոփոխություն եմ նկատում․ արդեն սկսել են այդ նույն ուժերից առանձին անձինք անջատվել եւ փորձում են հանդես գալ որպես, այսպես ասած, անկախ էքսպերտներ, որոնք երկու կողմին էլ քննադատում են՝ ասելով, թե ընդդիմությունը սխալ մարտավարություն ընտրեց, մարդկանց հետ ճիշտ չհաղորդակվեց, եւ որ շատ կոպիտ սխալ կլինի եթե արտահերթ ընտրություններին ընդդիմությունը չմասնակցի։ Այսինքն, տեսան որ իրենց մարտավարությունը տապալվեց, եւ մարտավարությունը փոխեցին։ Բայց դատական համակարգի պարագայում ակնհայտ էր, որ այն միանգամից ցատկեց իր հին դաշնակիցների կողքը եւ դա ակնառու դարձավ ԲԴԽ նախագահի հայտարարությամբ, որի ոչ անհրաժեշտությունը կար, ոչ էլ նա նման լիազորություն ուներ։ Եւ այն քայլերը, որոնք առանձին դատավորների կողմից հետեւեցին այդ հայտարարությանը, ակնհայտորեն ի ցույց էր դնում նրանց կողմից անկախության բացակայությունը, եւ կախյալությունը նախկին կլանից»,- նշել է Հակոբյանը։

Իսկ ինչո՞ւ չի դադարում աժիոտաժը ԲԴԽ-ի շուրջ։

Ըստ Տիգրան Եգորյանի ԲԴԽ-ն կարեւոր ազդեցություն գործելու իրավական լծակներ ունի, եւ եթե այն աշխատի կայուն, իր ամբողջ ֆունկցիոնալությամբ, կարող է շատ էական ստաբիլիզացիոն մարմին դառնալ։

«Կարող է նաեւ լինել «չար ուժերի» երաշխավորը։ Կարող է լինել ապակայունացման երաշխավոր, կամ արտոնություններ շնորհող մարմին։ Այս պահին մենք չունենք այնպիսի ԲԴԽ, որը կերաշխավորեր Սահմանադրությամբ սահմանված դատարանների անկախությունը, կամ արդար դատաքննության իրավունքի ապահովման ուղղությամբ այնպիսի ջանասեր աշխատանք իրականացներ, որը կկայունացներ կարգազանց դատավորների գործունեությունը։ Բայց այժմ, եթե լրացվեն երկու անդամների թափուր տեղերը այնպիսի թեկնածուներով, որոնք ի զորու են նախանձախնդրություն դրսեւորել, մենք կունենանք բալանսավորված ԲԴԽ՝ 5-ը 5-ի դեմ։ Դա դեռ չի նշանակում, որ ԲԴԽ-ն կկարողանա արդյունավետ գործել, որովհետեւ ԲԴԽ-ն միայնակ ոչինչ չի կարող անել՝ առանց այնպիսի օժանդակ մարմինների արդյունավետ գործունեության, ինչպիսին են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Արդարադատության նախարարությունը»,- նշել է Եգորյանը։

ԲԴԽ-ի իրավաբան անդամի թափուր պաշտոնում առաջադրվելու է Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը։

Մեկնաբանելով այս լուրը՝ Լուսինե Հակոբյանը նշել է․ «Այո, քաղհասարակության մոտ որոշ վերապահումներ կան նրա թեկնածության հետ կապված Մատաղիսի և այլ գործերով, բայց, միեւնույն ժամանակ, այն, որ ԲԴԽ-ից արդեն որոշակի անհանգստության նշաններ են գալիս, նշանակում է, որ Գագիկ Ջհանգիրյանն ունակ է այնտեղ ձեւավորված կայուն անդորրը խաթարելու, ինչը լավ նշան կարելի է դիտարկել։ Բացի դրանից, ԲԴԽ-ի նախագահն էլ իր այդ հայտարարությունից հետո չպետք է շարունակերպաշտոնավարել, քանի որ այդ հայտարարությունը դատական համակարգի անկախության դեմ էր»։