Պարզ էր, որ դատավորների 30-40 տոկոսը, որպես նախկին իշխանության բնական դաշնակիցներ, այսպես էին իրենց պահելու․ Լուսինե Հակոբյան

«Գործերի մանրամասներին տեղյակ չեմ, քանի որ ամբողջական պատկերը չկա, չեմ կարող դատել, թե օրինակ՝ այդ գործերով քննիչներն ինչ նյութեր են դատարան ներկայացրել, եւ ի սկզբանե այդ մի վերապահումն անեմ, բայց մյուս կողմից, երբ մենք տարիներ շարունակ տեսել ենք, թե ինչպես են դատարաններն անվերապահորեն եւ առանց ապացույցներին ուշադրություն դարձնելու, առանց նայելու, թե ինչքանով են կալանքի միջնորդությունները հիմնավորված եղել, ուողղակի դակել դրանք, այդ համատեքստում՝ հատկապես հիմա, երբ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտնի հայտարարությունից հետո սկսեցին համատարած կերպով տրամագծորեն հակառակ որոշումներ կայացնել, դա արդեն շատ խոսուն է»։

Այդ մասին «Նոյան Տապան» լրատվականի հետ հարցազրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ փաստաբան Լուսինե Հակոբյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ վերջին օրերին ականատես դարձանք, թե ինչպես են որոշ մարդիկ հրապարակային բռնության կոչեր հնչեցնում, սակայն դատարանները նրանց չեն կալանավորում, արդյո՞ք սա դատարանների անկախության ապացույց է։

Հակոբյանը նշել է, որ նաեւ հայտնի են փաստեր, երբ «դատավորներից շատերն 17+-ի կազմակերպած ցույցերին են մասնակցում»։

«Բայց նաեւ հաշվի առնենք այն, որ դատական համակարգի խնդիրների մասին տարիներ շարունակ խոսել ենք, շարունակ ականատես ենք եղել քաղաքական շարժառիթներով հետապնդումների, եւ այս համատեքստում եւս պետք է դիտարկել այն գործողությունները, որոնք այսօր իրականացնում են դատարանները։ Նաեւ հաշվի առնենք միջազգային կառույցների գնահատականները, որոնք տարիներ շարունակ խոսում էին Հայաստանում անկախ դատական համակարգի բացակայության մասին, ՄԻՊ-ի 2013 թվականի զեկույցը, որտեղ մի շարք խնդիրներ էին վերհանվում, այդ թվում զոնալ դատավորների համակարգի խնդիրը, կաշառքների վերաբերյալ խնդիրները, կարգապահական վարույթների եւ դատավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում խտրական մոտեցումների խնդիրները։

Առկա էր նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ կապվածություն՝ պայմանավորված նրանց հետ տարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ ընդգրկված լինելով, ինչպես նաեւ տարբեր՝ քաղաքական եւ այլ պատվերներ կատարելու հանգամանքով, ուստի պարզ էր, որ այսօր դատավորի մի 30-40 տոկոսը, որպես նախկին իշխանության բնական դաշնակիցներ, այսպես էին իրենց պահելու։

Դրա համար էր, որ 2․5 տարի քաղհասարակությունը, տարբեր քաղաքական ուժեր նշում էին, որ դատական համակարգը պետք է խորքային բարեփոխումների ենթարկել, քանի որ 2018-ի հեղափոխությունից հետո ՀՀ-ում ձեւավորվել էր լեգիտիմ օրենսդիր եւ գործադիր իշխանություն, սակայն դատական համակարգը որեւէ բարեփոխման չէր ենթարկվել եւ հնարավոր չէր պատկերացնել, որ այդ կոռուպցիոներ դատավորները, որոնք որպես անկախ եւ անկողմնակալ դատարան հանդես չեն եկել, զուտ հեղափոխության իրականացման փաստի ուժով պետք է վերափոխվեին եւ կախարդական փայտիկով սկսեին արդարադատություն իրականացնել։ Դա հնարավոր չէր, եւ միջազգային փորձն էր նաեւ ցույց տալիս, որ նման բան տեղի չի ունեցել ոչ մի պետությունում, եւ որ պետք էր ուղղակի խորքային բարեփոխումներ իրականացնել։ Եւ դա եւս իշխանության բացթողումն է»,- նշել է Հակոբյանը։

Իսկ արդյո՞ք այժմ կան կարճաժամկետ լուծումներ, որոնք կօգնեն հաղթահարել այս փակուղային իրավիճակը, ապա անցնել խորքային բարեփոխումներին։ Ըստ Հակոբյանի, միանշանակ կան․ կան դատավորներ, որոնք իրենց քաղաքական կողմնորոշումն ի ցույց են դնում եւ դա ազդում է իրենց մասնագիտական գործունեության վրա, առաջին հերթին այդ փաստերը պետք է քննվեն, եւ նրանց լիազորությունները պետք է դադարեցվեն։ Դրա համար պետք է մշակվի օրենսդրական փաթեթ՝ տեղական ու միջազգային մասնագետների ներգրավմամբ։

«Մեկ օրինակ բերեմ, թե եթե այդ բարեփոխումները չիրականացվեն, ինչով է դա սպառնալու ազատ, արդար ընտրական իրավունքի իրացմանը։ Պատկերացրեք՝ արտահերթ ընտրությունների օրը տեղամասերում տեղի են ունենում ինչ-ինչ բռնություններ, (իսկ այս 17+-ի տրամադրություններից, քարոզչությունից ակնհայտ է, որ նման բաներ տեղի կունենան), եւ այդ բռնություն գործադրողներին ոստիկանությունը մեկուսացնում է, գործեր են հարուցվում, եւ նրանց հարցերը հասնում են դատարան, եւ դատավորները նրանց ազատ են արձակում դատարանի դահլիճից, նրանք վերադառնում են տեղամասեր եւ շարունակում են բռնություն կիրառել դիտորդների, վստահված անձանց, ընտրական պրոցեսի այլ մասնակիցների հանդեպ։ Դա շատ հանգիստ տեղի կունենա, եթե այս ստատուս քվոն այսպես պահպանվի»,- նշել է Հակոբյանը։

Ոստիկանության պահվածքն այս համատեքստում Հակոբյանը համեմատաբար դրական է գնահատում․ այն ֆոնին, ինչ եղել է, ոստիկանության գործողությունները կարելի է մեկ քայլ առաջ գնահատել։

Հակոբյանը մեկնաբանել նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու փաստը՝ Փաշինյանին սատարող անձանց հանդեպ հայտնի որակման համար։

Ըստ Հակոբյանի, ընդհանրապես, նման որակումները միանշանակ չունեն արդարացում, էլ ավելի չունեն, երբ դու զբաղեցնում մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որը խիստ պարտավորեցնող է, հատկապես, երբ դա առաջին դեպքը չէ, երբ Զոհրաբյանն իրեն այդպես է դրսեւորում։

«Բայց ես այլ բանի կուզեի անդրադառնալ․ Նաիրա Զոհրաբյանի ինչի՞ն է պետք այդ պաշտոնը, երբ ինքը գալիս է ԱԺ եւ ասում, որ ԱԺ-ում միակ գործընթացը, որ պետք է ծավալվի վարչապետ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացն է։ Հետպատերազմական, կամ հենց պատերազմի ժամանակ, երբ մարդու իրավունքների հետ կապված այսքան խնդիրներ ունեցանք՝ գերիներ, քաղաքացիական խոշտանգումներ, տարբեր խախտումներ, Զոհրաբյանը որպես այդ հանձնաժողովի նախագահ մի նիստ հրավիրե՞ց, քննարկեցի՞ն այդ հարցերը, ի՞նչ արեց ինքը այդ կարգավիճակում, որ հիմա մտածում է, որ իրեն այդ կարգավիճակից զրկելը հանցագործություն է։ Մարդիկ իրենց գործառույթները պետք է կատարեն․ երբ որ դու այդ կարեւորության հանձնաժողովի նախագահ ես, դու պետք է քո լիազորությունները իրականացնես։ Չեմ ասում, թե մյուս հանձնաժողովների նախագահներն էլ իրենց լիազորություններն են պատշաճ իրականացրել, եւ պետք է իրենց տեղում մնան։ Նրանց բոլորի վերաբերյալ պետք է լուրջ ուսումնասիրություն իրականացվի, եւ այն մարդիկ, ովքեր իրենց տեղում չեն եղել, եւս պետք է թողնեն այդ պաշտոնները՝ լինեն իշխանական, թե՝ ընդդիմադիր»,- նշել է Հակոբյանը։

Իրավապաշտպանը անդրադարձել է հնչեցվող այն կարծիքներին, որ պետք է այս պատերազմն ուսումնասիրող հատուկ հանձնաժողով ստեղծել․ արդյո՞ք հիմա դա հնարավոր է։

Ըստ Հակոբյանի, միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման հանձնաժողովներ՝ հատուկ հարցերի շուրջ, հիմնականում ստեղծվում են Խորհրդարաններում, եւ այդ հանձնաժողովների կազմում լինում են իշխանական եւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, եւ հրավիրյալ փորձագետներ, սակայն, այս պարագայում, երբ ընդդիմությունը որեւէ այլ հարց չի ուզում քննարկել, բացի վարչապետի հրաժարականը, դժվար է պատկերացնում, որ նման հանձնաժողով այս պահին հնարավոր է ստեղծել։

«Գումարած՝ մթնոլորտն իսկապես խիստ անբարենպաստ է դրա համար այս պահին, կրքերը շատ թեժ են, եւ այդ 17+-ը կրքերն էլ ավելի են բորբոքում, եւ պետականության հանդեպ հարգանքի բացակայությունը շատ ակնառու է այդ գործողություններում։ Տարբեր պետություններում, երբ երկիրը նման արհավիրքների է հանդիպում, որպես կանոն բոլոր ուժերը միավորվում են, փորձում են պետությունը ոտքի կանգնեցնել, տարբեր հարթակներում հանդես գալ։  Ես վստահ եմ, որ հենց հիմա Ադրբեջանում արվում է դա, փորձում են տարբեր միջազգային հարթակներում մաքրել իրենց վրայից ագրեսորի համբավն ու ներկայացնել, թե Հայաստանն է եղել այդ ամենի մեղավորը, խոշտանգումներն էլ կներկայացնեն որպես ֆեյքնյուզեր։ Փոխարենը մենք ի՞նչ ենք անում․ այդ 17+-ը պատերազմի ժամանակ ամեն ինչ արել է, որ մենք պարտվենք, ես տարբեր լրագրողներից ունեի տեղեկություններ, որ պատերազմի ժամանակ այդ ուժերի տարբեր ներկայացուցիչներ Արցախում տարբեր հյուրանոցներում նստած այն քարոզչությունն են իրականացրել, որ հողերը հանձնելու են եւ իմաստ չունի պայքար մղելը, անգամ գեներալներ են եղել, որ դիրքերում են այդ նույն քարոզչությունն իրականացրել, այսինքն, ամեն կերպ պարտությունն են մոտեցրել, նոյեմբերի լույս 10-ի գիշերը հեղաշրջման փորձ արեցին, չստացվեց, հիմա այլ մեթոդներով են փորձում այդ հեղաշրջումն իրականացնել, փոխանակ՝ հավաքական կամք եւ ուժ դրսեւորեն, եւ մեր փոքրիկ պետության առջեւ ծառացած մարտահրավերներին փորձեն ադեկվատ արձագանքել, չեզոքացնել, որոշ տեղերում նախահարձակ լինել։ Այս պարագայում իրենք, բնականաբար, օբյեկտիվ քննությամբ շահագրգռված չեն։ Բայց այդ քննությունն անհրաժեշտություն է, եւ ինչ-որ մի կետում այդ քննությունը պետք է անել, կարծում եմ՝ հաջորդ ընտրություններից հետո»,- նշել է Հակոբյանը։