Պահանջը ժողովրդի իշխանության հաղթահարումն է․ Տիգրան Եգորյան

«Դատարանների վարքում ոչ մի տարօրինակ բան չկա, այդպես էլ պետք է լիներ, այդպես էր նաեւ նախորդող 2 տարիների ընթացքում։ Ուղղակի, քանի որ իրավիճակը այդ աստիճան խտացված եւ լարված չէր, այդ աստիճան տեսանելի չէր հասարակ դիտորդի համար։ Բայց շատերի համար տեսանելի է եղել, որ սա է զարգացման միտումը, որը ունենալու է այսպիսի, կամ ավելի վատ արդյունք։ Իհարկե, որքան ավելի է սրվում  իրադրությունը, այդքան ավելի ակնկբախ են դառնում այն խնդիրները, որոնք չէին վերացել։ Պարզապես, այժմ այդ խնդիրների խտացման եւ քաղաքական, իրավական եւ ոչ իրավական, աշխարհաքաղաքական տարբեր գործընթացների զուգորդման հետեւանքով մենք ավելի ընդգծված պատկեր ենք ստանում։ Սա նոր բան չէ, սա եթե կուզեք, 90-ականներին մեկնարկած ճգնաժամի շարունակությունն է, որը ընդհատված է եղել ՀՀ պետականության եւ Սահմանադրության կոմայով, որը մեկնարկեց 1997 թվականին, եւ 2018 թվականի հեղափոխական գործընթացներից հետո այդ հիվանդն արթնացավ, բայց բազմաթիվ օրգան համակարգեր չեն գործում, եւ սա միայն քաղաքական ճգնաժամ չէ։ Սա պետական համակարգի ճգնաժամ է, սա հասարակության ներսում կոնկրետ սեգմենտների, որոնք հնարավորություն են ունեցել, այսպես ասած, վայելելու 20 տարուց ավել ժամանակահատվածը եւ հաղթահարելու ժողովրդի իշխանությունը, սա նրանց  պայքարն է ժողովրդի իշխանության դեմ, իրենց կենսական շահերի համար, որոնք ուղիղ հակոտնյա են ժողովրդի, ՀՀ շահերին եւ Սահմանադրությամբ սահմանված կարգին ու կանոններին»։

Այդ մասին 1in.am լրատվականի հետ հարցազրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը՝  պատասխանելով այն հարցին, թե շատերի համար անհասկանալի է դատական համակարգի վարքը հատկապես հետպատերազմական իրավիճակում, եւ արդյո՞ք գործ ունենք այդ համակարգի ճգնաժամի հետ։

Ի պատասխան այն հարցի՝ թե արդյո՞ք իշխանությունը նախորդող տարիներին չէր տեսնում այս խնդիրները, Եգորյանը նշել է, թե չի չի կարող ասել՝ որքանով էր տեսնում եւ հաշտվում, բայց կարող է ասել, որ բոլոր նախադրյալները, հնարավորությունները, բավարար եւ անհրաժեշտ տեղեկատվությունը ազդակների տեսքով իշխանությունը ուներ․ այլ հարց է, թե եթե չի տեսել՝ ինչո՞ւ, եթե տեսել եւ չի կարողացել հաղթահարել՝ ինչո՞ւ, եթե փորձել է հաղթահարել, չի ստացվել եւ հարմարվել է՝ ինչո՞ւ։

Այսօր իշխանությունը ընդունում է, որ բացթողումներ են եղել․ ըստ Եգորյանի, այժմ  ուշացած, բայց դեռ կարելի է փրկել իրավիճակը, եթե կա ախտորոշում։

«Չնայած, ես լիարժեք ախտորոշում չեմ տեսնում, ինքնին բացթողման փաստն ընդունելը բավարար չէ, շատ կարեւոր է հստակ ախտորոշել հիվանդությունը, եթե ախտորոշումը հստակ չէ, դրա դեմ կիրառվող միջոցները չեն լինելու արդյունավետ։ Հետեւաբար, առավելագույն արդյունքի նվազագույն ժամկետում հնարավոր չի լինելու հասնել»,- նշել է նա։

Արդյո՞ք դատական այս համակարգով արտահերթ ընտրությունների գնալը ռիսկային կարող է համարվել։

«Դատական համակարգն ունի մի քանի խողովակներ եւ ժամանակագրական կետեր, երբ էական կլինի դրա դերակատարությունը ընտրական գործընթացներում՝ նախընտրական, ընտրական, եւ հետընտրական։ Բայց դա ընդամենը մեկ բաղադրիչ է։ Ընտրական գործընթացի նախապատրաստման, իրականացման, եւ ամփոփման կարգավորող օրենսդրության էական խնդիրներ կան, ընտրական կարգի, բովանդակության խնդիրներ կան, որոնք չլուծելու դեպքում, ընտրական համակարգը չի ծառայելու Սահմանադրության 2-րդ հոդվածով առաջադրված խնդրի լուծմանը։ Եթե խոսվում է ընտրությունների նկատմամբ վերահսկողության մասին, ապա նույնիսկ լեգիտիմ իշխանությունն ի զորու չէ վերահսկել այն համակարգը՝ առկա օրենսդրությամբ»,- նշել է փաստաբանը։

Նա հիշեցրել է, որ 2018 թվականից հետո անընդհատ խոսվել է, որ անհրաժեշտ է շտապ կազմակերպել անցումային արդարադատություն, եւ «խոսքը միայն այն մասին չէր, որ կան կոնկրետ պատասխանատվության սուբյեկտներ», անհրաժեշտ էր 20-ից ավել տարիներ ձգվող կենսական շահեր ունեցող ագրեսիվ փոքրամասնության եւ ժողովրդի միջեւ առկա բախումը հանգուցալուծել։ Դա չի արվել, եւ 2018 թվականից հետո այս սեգմենտները անցան ընդհատակ՝ մնալով սպասման մեջ։

«Նրանք չկորցրեցին իրենց կենսական շահերը, այդ շահերը շարունակել է համակարգը․ դատական, եւ պետական տարբեր մարմիններ շարունակել են սպասարկել նրանց թվացյալ շարժի, բայց իրականում վերահսկելի երաշխավորության պրոցեսներով՝ ինչպես քրեական գործերի, այնպես էլ՝ օրենսդրական միջոցներով։ Իշխանությունը նրանց ասում էի՝ բարեփոխվեք, ո՞վ է ձեզ խանգարում։ Բայց այս մարդկանց կապը տարիներ շարունակ այնքան ներծծված է եղել կոնկրետ կենսակերպի եւ ամեն մեկի անհատական կյանքի մեջ, որ հնարավոր չէր ուղղակի կտրել եւ անցնել առաջ, նրանք պետք է ունենային հենարան։ Իսկ այդ նախկին կապի տերը կար, միշտ եղել է, ուղղակի անցել էր ընդհատակ։ Բայց իր ներքին ազդեցությունն այդ ցանցի նկատմամբ երբեք չէր դադարել, գուցե նվազել էր տեսանելությունն ու ազդեցության մակարդակը, բայց չէր վերացել, եւ հնարավոր չէր մարդուն, էական չէ՝ դատավոր, դատախազ, քննիչ, առանց իր կեղտոտ խնդիրների լուծման ճանապարհային քարտեզի, որը ընկալելի կլիներ նրա համար, առաջարկել բարեփոխվել։ Դատական իշխանության առանձին ներկայացուցիչների համար դա այլընտրանք չէր, եւ նրանք պահպանել են իրենց համար հենարան հանդիսացած ընդհատակ անցած ուժերի նկատմամբ որոշակի եւ բավարար չափով լոյալությունը»,- նշել է Եգորյանը։

Նա հավելել է, որ այդ համատեքստում երբ շաբաթներ առաջ ԲԴԽ նախագահը խոսեց «վնգստացող դատավորների» մասին, դա հենց պետք էր ուղիղ ձեւով հասկանալ․  ԲԴԽ նախագահն ասում էր՝ հիմա մեր ժամն է եկել, դա մարտակոչ էր ավելի քան 2 տարի սպասած, վնասներ կրած համակարգի իր զինակիցներին։

Ըստ Եգորյանի, դատական համակարգում առկա խնդիրները հնարավոր կլինի լուծել, եթե այդ խնդրիների լուծման համար գծագրվի ճանապարհային քարտեզ, որը կհասցվի այն տրամաբանական կետին, որում հնարավորինս կայունացված կլինի դաշտը։

«Սա չափազանց մեծ, ինտենսիվ եւ բարձր համագործակցության պայմաններում հանարվոր է 6 ամսում իրագործել, որից հետո միյան հնարավոր կլինի անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնք կապահովեն Սահմանադրության 1 եւ 2 հոդվածների կենսագործումը»,- նշել է Եգորյանը։

Իսկ արդյո՞ք Սահմանադրությունն «արձագանքում» է ընդդիմության ցույցերի մասնակիցների պահանջներին։

Ի պատասխան այս հարցի Եգորյանը նշել է․ «Ես գիտեմ պահանջի հիմքում ընկած շարժառիթները եւ նպատակները․ որքան էլ դրանք փորձեն քողարկել, բայց տեսանելի են դառնում առանձին գործիչների կամ, այսպես ասած, իրավաբանների հայտարարությունների եւ հարցազրույցների արդյունքում։ Պահանջը շատ հասկանալի է․ այն ոտնձգություն է ՀՀ ժողովրդի իշխանության, ինքնիշխանության ատրիբուտի նկատմամբ, իսկ այդ ատրիբուտը մեկն է․ լավ թե վատ, մեղավոր, թե անմեղ, չենք քննարկում, բայց դա վարչապետ Փաշինյանն է։ Դա ԻՔ խմբակցությունը չէ, ՔՊ կուսակցությունը չէ։ Պահանջը ժողովրդի իշխանության հաղթահարումն է, որը կախված է այդ սիմվոլի հեռացումից։ Եթե դա նրանց հաջողվեց անել, նրանք հաղթահարում են ժողովրդի իշխանությունը։ Երբ հեռացվում է ժողովրդի իշխանության սիմվոլը, բոլոր մարմինների նկատմամբ արդյունավետ ազդեցության հնարավորություն է ստեղծվում։ Սահմանադրությանը հակասող, հանցավոր ազդեցության, որն այսօր արդեն որոշակի չափով դրսեւոևրվում է, եւ գնալով սրվելու է։ Բայց Փաշինյանի հեռացման նպատակից բացի այն ձեւավորում է միջոց իրենց նշած այդ 1 տարում լուծելու բոլոր այն խնդիրները, որոնք կուտակվել են ի նպաստ այդ պահանջն առաջադրող խմբերի, անձերի։ Եթե դա ստացվի, ընտրություն չի էլ լինելու մեծ հաշվով, որովհետեւ բոլոր նրանց նկատմաբ, ովքեր մյուս կողմից ենթադրաբար կարող են հանդես գալ որպես հավակնորդ թեկնածուներ, նրանց նկատմամբ իրականացվելու է հաշվեհարդար։ Եւ դրա մասին այս ուժերը արդեն իսկ կոնկրետ խոսնակների բերանով ասում են, այդ հաշվեհարդարի հիմքում ընկած են լինելու ինչպես ընթացիկ քրեական գործերը, այնպես էլ՝  նորերը, դրանց անհրաժեշտ է լինելու օրինականության աստառ հաղորդել, որը հենց Փաշինյանի հեռացումից հետո բոլոր պետական ինստիտուտների նկատմամբ ճնշումների միջոցով է իրականացվելու, հենց նրանց ձեռամբ»։