Երբ ընտրական միջավայրը խիստ անբարենպաստ է ժողովրդի իշխանության պահպանման համար, ինչպե՞ս պետք է գնանք արտահերթ ընտրությունների․ Լուսինե Հակոբյան

«Իհարկե, հնարավոր է հենց հիմա ցրել Ազգային ժողովը եւ նշանակել արտահերթ ընտրություններ, բայց այդ սցենարն առաջարկողները մի քիչ ավելի խորը պետք է մտածեն, եւ հասկանան, թե այս պայմաններում, երբ ընտրական միջավայրը խիստ անբարենպաստ է ժողովրդի իշխանության պահպանման համար, ինչպե՞ս մենք պետք է գնանք արտահերթ ընտրությունների։ Բարեփոխված չէ Ընտրական օրենսգիրքը, ընտրական հանձնաժողովները նույն կազմերով նույն տեղում են, գիտենք, թե նրանք ում ձեռքում են գործիք ծառայել, ինչքան ժամանակով, ինչի դիմաց եւ այլն, իսկ դատարանների մասին 2․5 տարի է խոսում ենք․ այս ամենով գնալ արտահերթ ընտրությունների, նշանակում է՝ ուղղակի իշխանությունը հանձնել հրապարակում կանգնած հայհոյող, ժողովրդին արհամարող, ժողովրդից մերժված զանգվածին։ Ուստի, պետք է փոխվեն ընտրական հանձնաժողովների կազմերը, ԿԸՀ կազմը, ՏԸՀ կազմերը, բարեփոխվի ընտրական օրենսդրությունը։ Խոսքը մեծածավալ բնարեփոխումների մասին չէ, նկատի ունեմ մի քանի կարեւոր բաներ, որոնք անպայմանորեն պետք է փոխվեն։ Եւ այն բոլոր ուժերը, որոնք չեն խոսում այդ մասին, եւ կոչ են անում Փաշինյանին անմիջապես վայր դնել իր լիազորությունները, կամ անմիջապես արտահերթ ընտրություններ անցկացնել, նրանք կամ ուղղակի կարճատես են, կամ էլ՝ ուզում են օգնած լինել հրապարակում գտնվող այդ ուժերին»,- 1in.am լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա Միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։

Փաստաբանի խոսքով, այսօր հրապարակում հավաքվել են այն ուժերը, որոնք մերժվել են, որոնք տարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ են ներգրավված եղել, որոնք թույլ չեն տվել, որ ժողովրդավարությունը գա Հայաստան, որոնք իրավունքի գերակայության հետ որեւէ կապ չեն ունեցել, որոնք թալանել են մարդկանց, մեր բանակը հասցրել են այնպիսի վիճակի, որ մնացել ենք անձնական հերոսության եւ սխրանքների հույսին, եւ այդ մարդիկ հիմա էլի որեւէ հեռանկար, ճանապարհային քարտեզ, ծրագիր չեն առաջարկում, ուղղակի ուզում են բերել մեկին, որը «իր մասնակցած վերջին ընտրություններում 1 տոկոսից քիչ ձայն է ստացել, ուզում են նրան կարգել վարչապետ՝ ինչ-որ անորոշ ժամանակով, ընտրություն չանեն 1 տարի, ինչը զուգորդվում է ժողովրդին ուղղված անվայել արտահայտություններով, բռնության կոչերով, եւ դեռ վերջում էլ զարմանում են, որ ժողովուրդն իրենց հետեւից չի գնում»։

Փաստաբանը անդրադարձել է նաեւ հրապարակի առաջնորդների կողմից ժողովրդի հասցեին հնչող ատելության խոսքին, մասնավորապես ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի գրառումներին։

«Բացի նրանից, որ Նաիրա Զոհրաբյանը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահն է, նա նաեւ ԵԽԽՎ անդամ է, եւ այս պարագայում ուղղակի անպատկերացնելի է այդ բառապաշարը, բայց միայն նրան չառանձնացնենք․ այնտեղ մի ամբողջ բույլ է՝ մարդատյացության, նույնիսկ հայատյացության տարբեր դրսեւորումներով։ Բայց հիմա ինձ համար զարմանալի չէ այն, ինչ կատարվում է, դա այն է, ինչ կատարվում էր 2․5 տարի տարբեր հարթակներում՝ սոցցանցերում, իրենց կողմից հովանավորվող ԶԼՄ-ներում, եւ այդ խնդիրները շատ վաղուցվանից պետք է լուծվեին։ Այդ նույն մարդիկ տարիներ շարունակ թիրախավորում էին քաղհասարակությանը, հիմա էլ սորոսականության միֆ են սարքել, թե «ա՜յ, սորոսը ինչ-որ դրսի ծրագրեր է բերել, արեւմտյան գործակալների մի ամբողջ տարափ փորձում է չգիտեմ՝ ինչ անի», եւ նույն մարդիկ հարմարավետորեն մոռանում են, որ նույն այդ քաղհասարակությունը տարբեր հարցերում եւ մեր սահմանադրական արժեքներն է պաշտպանել, եւ այս վերջին պատերազմի ժամանակ բերանքսիվայր տարբեր ոլորտներում աշխատում էր՝ միջազգային կառույցների ուղղությամբ, բողոքի ակցիաներ էր անում, իրազեկում էր, զանազան փաստեր էր հավաքում։ Եւ սրանք այսօր թիրախավորում են եւ քաղհասարակությանը, եւ հանրության մեջ քիչ թե շատ ազդեցիկ դեմքերին, եւ փորձում են զանազան միֆերով, եւ մանիպուլյատիվ հնարքնեիրով այդ մարդկանց արժեզրկեն, նրանց խոսքը հեզինակազրկեն, բայց հարմարավետորեն մոռանում են այդ նույն Սորոսի հիմնադրամից դրամաշնորհներ ստացած տարբեր «իրենցոնքականներին»․ նույն Ավետիք Իշխանյանը, որը ամեն տարի, այդ թվում՝ այս տարի մեծ գումարի դրամաշնորհներ է ստացել «Սորոսի» հիմնադրամից, «Թրանսփարենսի Ինթերնեյշընալ»-ին են նշում որպես սորոսական, բայց դրա խորհրդի անդամ է նույն Վազգեն Մանուկյանի փեսան՝ Սարհատ Պետրոսյանը, իրեն եւս մոռանում են։ Այս սորոսականությունը շատ աբսուրդ մանիպուլյացիա է․ կան կազմակերպություններ, որոնք պայքարել են սահմանադրական արժեքների համար, արդար դատարաններ ունենալու համար, քաղաքացիների արդար դատաքննության իրավունքի համար, անկախ եւ անկողմնակալ դատարաններ ունենալու համար, քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման համար, քաղաքացիների ազատ խոսքի իրավունքի իրացման համար, ազատ հավաքների իրավունքի իրացման համար, այն բոլոր արժենքերի համար, որոնք ժողովրդավարական պետությունների հենասյուններն են, եւ այդ բոլոր արժեքների համար պայքարած քաղհասարակությանը ցանկանում են կապել մի մարդու, որը տարբեր պետություններում հիմնադրամներ է ստեղծել եւ ժողովրդավարական արժեքներն է խթանել։ Բայց ինքը մենակ չի եղել, այդ նույն արժեքների խթանման համար տարբեր արեւմտյան պետություններ եւս դրամաշնորդներ են տրամադրել ՝ ԱՄՆ-ն, Շվեդիան, Գերմանիան, ԵՄ-ն։ Բայց այս մարդիկ չեն կարող թիրախավորել այդ պետություններին եւ կազմակերպություններին, որովհետեւ մտածում են՝ վաղը էլի կարող է գան իշխանության, հո նրանց չեն ասելու՝ դուք այստեղ գործակալական ցանցեր եք պահում, իրենց հետ հարաբերությունները չեն ցանկանում փչացնել, ոչինչ չեն ասում, ու ընտրել են էդ բիձուկին՝ Սորոսին, եւ ամբողջ ժամանակ՝ Սորոս, հա Սորոս, արթնանում են՝ Սորոս, քնում են՝ Սորոս»,- նշել է Հակոբյանը։

Նա նշել է նաեւ, որ դատական ռեֆորմը պետք է տեղի ունենա, բայց հիմա պարզ չէ, թե այս կարողություններով՝ դա ով եւ ինչպես պետք է անի․ իշխանությունը պետք է իր այս ապատիկ վիճակից դուրս գա, հասկանա, թե ովքեր են իր դաշնակիցները, այդ մարդկանց եւ կռույցների հետ լուրջ աշխատանք տանի։

«Իսկ այդ հրապարակի ուժերը մարդու մասին ուղղակի չեն մտածում։ Եթե իրենք մտածեին, նույն Նաիրա Զոհրաբյանը պետք է նստեր եւ օրուգիշեր ԵԽԽՎ-ին տարբեր նամակներ գրեր, տարբեր միջազգային կառույցներում հանդես գար, եւ ոչ միայն ինքը։ Մարդկանց պետք է առաջին հերթին փրկել, անհետ կորածներ կան, գերիներ կան, այդ մարդկանց թողած ո՞նց կարելի է հիմա իշխանության կռիվ տալ․ չմոռանանք, որ մարդը բարձրագույն արժեք է, եկեք մարդու հարցը լուծեք, հետո արտահերթ ընտրությունների եւ այլ հարցեր քննարկենք»,- նշել է Հակոբյանը։

Հարցին, թե արդյո՞ք հիմա դատական համակարգը սպասում է հրապարակի կողմից իշխանության զավթմանը, Հակոբյանը պատասխանել է․

«Այո, միանշանակ։ Եւ ոչ միայն դատական համակարգը, եկեղեցականների ինչ-որ մի խումբ է այդ նույն հույսերով՝ Կաթողիկոսի գլխավորությամբ, Փաստաբանական պալատի ղեկավարության մի հատվածն է այդ հույսերով, իրենց վաղուցվա դաշնակիցների վերադարձն են փայփայում, եւ ամեն կերպ աջակցում են»։

Ըստ փաստաբանի հրապարակում հավաքված կուսակցությունների ղեկավարները փորձում են ուրիշների ձեռքով շագանակներ հանել կրակից․

«Մի քանի օր առաջ, երբ որ առավոտյան ձյուն էր գալիս, ականատես եղա, որ այնտեղ ուղղակի մի քանի վրան էր տեղադրված, մի քանի հոգի էլ դուրսը կանգնած էին, առաջնորդները չկային․ այդ առաջնորդները այդ են, իրենք ունակ չեն զրկանքներ կրելու։  Ես հիշում եմ, որ 2008 թվականին էլի ցուրտ ձմեռ էր, բայց մարդիկ եւ շարժման առաջնորդները էդ զրկանքները կրում էին, այնտեղ գիշերում էին, գիշերուցերեկ հավաքներ էին անում, բայց այս մարդիկ անընդհատ ուզում են ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանեն, ուրիշները գնան զրկանքներ կրեն, իրենք էլ՝ իրենց պատկերացրած «էլիտաները», գնան վատ եղանակին իրենց տներում տաքուկ նստեն, ուրիշները իշխանություն մատուցեն, իրենք էլ գան էլի նույն իրենց իշխանապահպանության, ունեցվածքապահպանության խնդիրները լուծեն, այս է»,- նշել է Հակոբյանը;

Իրավապաշտպանը հավելել է նաեւ, որ ինքը չի մասնակցի այդ բողոքի ցույցերին, քանի որ այդ 17-ը հրապարակում են։ «Եթե իրենք խոհեմություն ունենային, առնվազն մի 10 տարի լռեին, հնարավոր է՝ ես էլ գնայի բողոքի եւ բազմաթիվ առողջ մտածողություն ունեցող քաղաքացիներ գնային բողոքեին, կամ էլ՝ այլ կերպ փորձեին ինչ-որ բան փոխել այս պետությունում, բայց քանի դեռ իրենք հրապարակում են, ժողովուրդը, որը միշտ իմաստուն է, չի գնալու, չի կանգնելու իրենց կողքին, որովհետեւ մարդիկ տեսել են, թե իրենք ով են»,- նշել է Հակոբյանը։