Քաղաքական շաբաթօրյակ

«Հուսով եմ, որ Արեւմուտքը կփորձի այս բանակցային գործընթացում ավելի ակտիվանալ՝ այսպես ասած, իր մեղքը կփորձի քավել»․ Լուսինե Հակոբյան

 

«Դրա վերաբերյալ չկա միանշանակ ինչ-որ դիրքորոշում, այս իշխանությունը կարող է եւ մնալ, կարող է եւ գնալ, այդ կաղապարներին ես չեմ հավատում, որ քանի որ պարտվել է, պետք է գնա»,- այդ մասին Հանրային ռադիոյի «Քաղաքական շաբաթօրյակ» հաղորդման տաղավարում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա Միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը ՝ պատասխանելով այն հարցին, թե այս իրավիճակում իշխանությունը պետք է մնա՞, թե՞՝ պետք է հեռանա։

Հակոբյանը հավելել է․ «Եկեք հասկանանք, թե այս պահին ինչպիսի դասավորություն ունենք ուժերի․ մենք ունենք իշխանություն, որը, համաձայն եմ, անկարող գտնվեց 2,5 տարի արդյունավետ կառավարում իրականացնելու հարցում, ինչը էլ ավելի խտացավ պատերազմական իրավիճակում, եւ այսօր ունենք այն, ինչ ունենք։ Սա դնենք մի կողմ, հիմա ո՞ւմ ունենք, ունենք հնարավորություն, որ այդ նույն իշխանությունը Նիկոլ Փաշինյանին կպարտադրի հրաժարական, կամ՝ հասարակության ինչ-որ մի մասի պարտադրանքով դա կանի, եւ կփոխարինի իրենց թիմի ներսից ինչ-որ մեկով, օրինակ՝ Արարատ Միրզոյանով։ Բայց արդյո՞ք դա ընդունելի կլինի դրսի այդ ռեակցիոն ուժերի համար․ ոչ։ Նրանք էլի ասելու են՝ թող ամբողջ թիմը գնա, քանի որ իրենք առանց կոմպրոմիսի ցանկանում են, որ գա Վազգեն Մանուկյանը եւ մեկ տարի մենք ընտրություններ չունենանք։ Ասում ենք՝ լեգիտիմությունն է հիմքը, այո, ժողովուրդն է հիմքը, բայց այդ նույն ժողովրդի քանի՞ տոկոսն է այսօր աջակցում Վազգեն Մանուկյանին։ Նա ասում է՝ կգա ու մեկ տարի հետո արդար ընտրություններ կանցկացնի, հարց, Վազգեն Մանուկյանը, բացի 1996 թվականից, ե՞րբ է երբեւէ դիրքորոշւմ հայտնել այն բոլոր դեպքերում, երբ մեր հանրապետությունում տեղի չեն ունեցել ազատ եւ արդար ընտրություններ։ Չի հայտնել, մասնակցել է երդմնակալություններին, աջակցել է այդ ընտրությունները կեղծած իշխանություններին, զբաղեցրել է Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը, հանդես է եկել աջակցող դիրքորոշումներով։ Իսկ եթե դու ընդունում ես ընտրակեղծարարության արդյունքը հանդիսացող ընտրությունների փաստը, դա ընտրակեղծարարությանը մասնակցել է նշանակում։ Եւ հիմա նա խոսում է ազատ, արդար ընտրություններից, բայց չկան այն բանի նախադրյալները, որ ինքը կկարողանա այդպիսի ընտրություններ անցկացնել, հատկապես, երբ ասում են, որ ինքը 16 ուժերի չեզոք թեկնածուն է, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այդ ուժերի պարագլուխը Ռոբերտ Քոչարյանն է»։

Հակոբյանի խոսքով, պատերազմից հետո հասարակության մի որոշ հատված կորցրել է վստահությունը իշխանության հանդեպ, բայց արտահերթ ընտրությունների գնալու համար ավելի կարեւոր բան պետք է արվի՝ ընտրական ռեֆորմ։

«Թե չէ, երբ որ մենք ԿԸՀ-ում ունենք Տիգրան Մուկուչյանին եւ իր թիմը, ՏԸՀ-ներում ունենք այն նույն մարդկանց, որոնք տարիներ շարունակ կեղծել են, այս իրավիճակում մենք չենք կարող այդ լծակները տալ Վազգեն Մանուկյանին, որի շուրջը համախմբված են այդ նույն ընտրակեղծարարները, եւ այդ պարագլուխներին ասենք՝ եկեք, խնդրեմ, արեք ազատ արդար ընտրություննե՞ր։ Ոչ։ Ժողովրդավարությունը շատ է տուժել այս պետությունում, 2018-ին այն վերականգնվեց, այն շատ անկատար է, բայց մենք չենք կարող նորից հետ գնալ»,- նշել է Հակոբյանը։

Փաստաբանը անդրադարձել է նաեւ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հայտարարությանը, ըստ որի, մոտ 500 փաստաբաններ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

«Ես խնդիր չէի տեսնի փաստաբանների պալատի վերջին հայտարարությունների հետ կապված, ես չէի համարի, որ փաստաբանները պետք է ամբողջությամբ չեզոք լինեն, ոչ մի քաղաքական պրոցեսի չմասնակցեն, եւ այլն, բայց այդ նույն պալատի ղեկավարությունը՝ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ, երբեւէ որեւէ քաղաքական իրադարձության որեւէ գնահատական չեն տվել․ եղավ 2018 թվականի ապրիլը, եղավ 2016 թվականի ապրիլյան պատերազմը, եղան բազում կեղծված ընտրություններ, բայց այդ կառույցի ղեկավարությունը երբեւէ չտվեց քաղաքական գնահատական։ Մինչդեռ այն կոնտեքստում, երբ որ շատերին է հայտնի Պալատի նախագահի եւ նրանից կախման մեջ գտնվող խորհրդի որոշ անդամների քաղաքական նախասիրությունները, աֆիլյացիան նախկինների հետ, հանկարծ, հենց որ նախկինները պահանջում են իշխանության անհապաղ հրաժարականը, մեկ էլ Պալատի ղեկավարությունը միանում է այդ պահանջին։ Այ դա արդեն շատ տարօրինակ է եւ խիստ վարկաբեկում է փաստաբանության ինստիտուտը՝ հաշվի առնելով նրանց նախկին դիրքորոշումները պետության համար տարբեր կարեւոր իրադարձությունների կապակցությամբ, կամ դիրքորոշումների բացակայությունը։

Ի դեպ, 2018-ին, երբ նախագահը պետք է ՍԴ դատավորի թեկնածու առաջադրեր, մի շարք փաստաբաններ կոչով դիմեցին, որպեսզի նախագահը դա անելու համար անցկացնի բաց եւ թափանցիկ մրցույթ, բայց այսօրվա ցանկից շատ քչերը միացան այդ պահանջին, այն դեպքում, որ դա լրիվ պրոֆեսիոնալ պահանջ էր։ Եւ մի բան էլ․ այսօրվա դրությամբ խոսվում է այդ հայտարարությանը մոտ 600 փաստաբանի միանալու մասին։  Փաստաբանների պալատը, եթե չեմ սխալվում, մոտ 3000 անդամ ունի, սա նշանակում է, որ նրանցից մոտ 2400-ը այդ պահանջին չեն միանում»,- ասել է Հակոբյանը։

Վերջինս մեկնաբանել է նաեւ քաղհասարակության նկատմամբ իրականացվող հակաքարոզչությունը, որը իրականացնում են նախկին իշխանությունների ներկայացուցիչները, քաղհասարակության ներկայացուցիչներին ներկայացնելով որպես «սորոսական» եւ արեւմուտքի գործակալներ։

Հակոբյանը նախ նշել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը հիշատակված հիմնադրամից միայն մեկ անգամ է փոքր դրամաշնորհ ստացել, այն էլ՝ 7 տարի առաջ, ապա, հավելել է, որ այդ հակաքարոզչությունն արվում է հասարակության մեջ լուրջ դերակատարում ունեցող, հանրային կարծիքի վրա ազդել կարողացող անձանց վարկաբեկելու, նրանց որպես դրսի գործակալներ ներկայացնելու համար։

«Նաեւ շատ հետաքրքիր է այդ հակաքարոզչության խտրականությունը։ Ավետիք Իշխանյանը այսօր իրենց սիրելի իրավապաշտպանն է, բայց այդ մարդը ամեն տարի, ընդհուպ մինչեւ այս տարի, մեծ գումարներով դրամաշնորհներ է ստացել նույն հիմնադրամից, նույն Սիրանույշ Սահակյանը, որն այսօր իրենց սրտի իրավապաշտպանն է, մինչեւ 2012 թվականը ղեկավարել է «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն եւ հարյուր հազարներով դրամաշնորհներ է ստացել, ինչո՞ւ նրա մասին հիշատակում չկա, Լուսինե Սահակյանը, որն այսօր Արթուր Վանեցյանին է պաշտպանում, Ավետիք Իշխանյանի Հելսինկյան կոմիտեի խորհրդի անդամն է, ինչո՞ւ նրա մասին խոսք չկա, Վազգեն Մանուկյանի փեսան՝ Սարհատ Պետրոսյանը, «Թրանսփարենսի Ինթերնեյշնըլ»-ի խորհրդի անդամն է, եթե ԹԻ-ին սեւացնում են, Վազգեն Մանուկյանի փեսային ինչո՞ւ են մոռանում»,- ասել է Հակոբյանը։

Իրավապաշտպանը հավելել է նաեւ, որ այն ամենն, ինչը ներկայացվում է որպես Արեւմուտքի գործակալական ցանցի գործունեություն, իրականում մեր Սահմանադրությունից բխող սկզբունքների կյանքի կոչմանն ուղղված ջանքեր են, մասնավորապես, քաղհասարակությունն ասում է, որ պետք է ունենալ անկախ եւ անկողմնակալ դատարան, ազատ, արդար ընտրություններ, ինչը մեր Սահմանադրության պահանջն է, եւ այդ նույն սկզբունքները արտացոլված են նաեւ ՌԴ, Գերմանիայի, Ֆրանսիայի, այլ երկրների Սահմանադրությունների մեջ։

«Դրա համար ֆինանսավորում են ստացել Արեւմուտքի՞ց, բա ո՞ւմից պետք է ստանային, հո Սերժ Սարգսյանի կառավարությունը չէ՞ր ֆինանսավորելու, նրանք հակառակը, պետք է ամեն ինչ անեին, որ նման նախաձեռնությունները խեղդեին բնում, եւ այդպես էլ արել են»,- նշել է Հակոբյանը։

Հաղորդավարը նշել է, որ պատերազմից հետո նաեւ եվրոպական ֆունդամենտալ արժեքների հանդեպ անվստահություն է առաջացել մեր երկրում, մարդիկ տեսնում են, որ այդ արժեքները կրողները Ալեքսեյ Նավալնու համար պատժամիջոցներ են կիրառում ՌԴ դեմ, բայց երբ պատերազմի ժամանակ այստեղ հազարավոր մարդիկ են մահանում, Թուրքիան նման ագրեսիվ քաղաքականություն է վարում, նրանք որեւէ պատժամիջոց չեն կիրառում՝ հաշվի առնելով սեփական շահերը: Այսինքն, երկակի ստանդարտներ են նկատվում, եւ մարդիկ մտածում են, որ եթե սրանք են եվրոպական արժեքները, ապա դրանք մեզ պետք չեն։

Հակոբյանի կարծիքով, ընդհանուր առմամբ, ճիշտ է, բայց Եվրոպան էլ միատարր չէ: «Օրինակ՝ Եվրոպական պառլամենտում տեղի ունեցավ քննարկում, որտեղ պատգամավորները բավականին ուղղակի եւ միանշանակ էին իրենց գնահատականներում: Եւ այո, միեւնույն ժամանակ, Արտաքին գործողության ծառայությունը համարժեք հայտարարություններ չարեց: Եւ այդ մասին մենք եւս մեր եվրոպացի գործընկերների հետ խոսել ենք, եւ բացատրել ենք, որ այդ դիրքավորումը մեծապես վնասեց Հայաստանում Եվրամիության վարկանիշին, վնասեց արեւմտյան եւ եվրոպական արժեքների նկատմամբ հայ ժողովրդի ունեցած հավատին։ Իրենք այդ ընկալումը ունեն։ Վերջին երեք օրերի ընթացքում ԱԼԳ Քաղհասարակության ֆորումի տարեկան առցանց համաժողովն էր ընթանում, եւ այդտեղ արվեցին հայտարարություններ, որ նախաձեռնվելու է եւ դոնորների կոնֆերանս, եւ ԵՄ-ն փորձելու է հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղում կարողանան մուտք ունենալ, եւ այնտեղ հումանիտար եւ այլ աջակցություն կարողանան ցուցաբերել, նաեւ պատրաստ էին օժանդակելու այդ ընթացքում կատարված միջազգային հանցագործությունների քննությանը եւ բացահայտմանը, ուժեղացնելու միջազգային ահաբեկչության դեմ ջանքերը՝ նկատի ունենալով վարձկանների եւ ահաբեկիչների տեղակայումը հակամարտության գոտում։ Ինչպես նաեւ բարձրաձայնեցին, որ անհրաժեշտ է ապահովել այնտեղից տեղահանված քաղաքացիների վերադարձը, քանի որ հակառակ պարագայում դա էթնիկ զտման տեսք է ունենալու եւ այդ տերմինաբանությունը հնչեց արդեն:  Ճիշտ է, ցավոք սրտի ուշացումով, բայց հուսով եմ, որ Արեւմուտքը կփորձի այս բանակցային գործընթացում ավելի ակտիվանալ՝ Մինսկի խմբի ձեւաչափի վերականգնման եւ այլնի հարցում, այսպես ասած, իր մեղքը կփորձի քավել»: