Ադրբեջանը չի կարող վերահսկվող տարածքներում ում ուզի վերաբնակեցնի. Լուսինե Հակոբյան

«2012 թվականից հայկական կողմը ունի գործեր ՄԻԵԴ-ում, որտեղ բարձրացվել են Ադրբեդջանում հայտնված մոլորյալ անձանց, կամ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերը, /խոշտանգումներ, սպանություններ/, եւ արդեն սպասվում են ՄԻԵԴ վճիռները։ Այս պատերազմի արդյունքում եւս, գիտեմ, որ բավականին դիմումներ պատրաստվում են ներկայացման։ Եթե կան անձինք, որոնց ազգականները նման իրավիճակում են հայտնվել, մեր կազմակերպությունը եւս պատրաստ է աջակցություն տրամադրել այդ ընտանիքներին, եւ նրանց գործերը ներկայացնել ՄԻԵԴ»,- այդ մասին 1in.am-ի հետ զրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա Միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը:

Իրավապաշտպանը մանրամասնել է, թե կոնկրետ ովքեր կարող են դիմել իրենց․ «Խոշտանգումների դեպքերով եւ գերության մեջ գտնվող անձանց գործերով կզբաղվենք, կամ սպանված անձանց գործերով։ Բայց, իհարկե, ամեն գործ իր առանձնահատկություններն ունի, ուստի, եթե կան քաղաքացիներ, որոնք ունեն գանգատներ եւ ցանկանում են հետամուտ լինել, կարող են դիմել մեզ, մենք կուսումնասիրենք եւ խորհուրդներ կտանք՝ արդյո՞ք այդ գործը հեռանկարներ ունի, ՄԻԵԴ-ում, թե՝ ոչ»։

Հակոբյանը նշել է, որ տեղյակ է, որ «այդ մասով պետությունը որոշակի քայլեր ձեռնարկել է», որ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը բավական ակտիվ աշխատանք է իրականացրել, երկու անգամ դիմել է միջանկյալ միջոցի կիրառման համար, որոնք բավարարվել են, իր տեղեկություններով այնտեղ շարունակական աշխատանք է կատարվում, ուղղակի, ըստ Հակոբյանի, համագործակցության խնդիր կա, եւ եթե պետական մարմինները տիրապետում են որոշակի ինֆորմացիայի, որոնք կօգնեն անհատական դիմումները ավելի հիմնավոր ներկայացնելու, ապա նրանք պետք է բաց լինեն եւ անհրաժեշտ տեղեկությունը տրամադրեն քաղաքացիական հասարակությանը եւ քաղաքացիներին, հատկապես հաշվի առնելով այն, որ անհատական դիմումները այն առումով են կարեւոր, որ դատարանը դիմողների համար կիրառում է հատուկ պաշտպանության միջոցներ, եւ դրանք կարող են ներառել ոչ միայն խախտված իրավունքի ճանաչում, այլեւ արդարացի հատուցման տրամադրում, մասնավորապես՝ նյութական եւ ոչ նյութական՝ բարոյական վնասը, որը կրել են հարազատները։

Անդրադառնալով հայ ռազմագերիների խնդրին, ընդհանրապես, Հակոբյանը նշել է, որ քաղաքացիական հասարակությունը եւս աշխատում է այդ ուղղությամբ, եւ հենց նախօրին միջազգային գործընկերների, Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների եւ դիվանագիտական կորպուսի հետ այդ հարցերն են բարձրացվել առաջնային կարգով։

«Հորդորել ենք, որ իրենք իրենց ողջ ներազդեցությունն օգտագործեն պարտադրելու ադրբեջանական կողմին վերադարձնելու ռազմագերիներին, քաղաքացիական անձանց, եւ զինվորների դիակները։ Նրանք խոստացել են, որ այդ ուղղությամբ իրենց ջանքերը կկրկնապատկեն։ Մենք, իհարկե, այդպես չենք թողնի, եւ անընդհատ կաշխատենք այդ ուղղությամբ։ Դա մի հարց է, որը, իրոք, մարդու իրավունքներին է առնչվում եւ պետք է առաջնահերթ լուծում ստանա, սակայն, մենք տեսնում ենք, որ տարածքային շահերը ավելի կարեւոր էին, այդ հարցերին Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից ավելի մեծ ուշադրություն է դարձվում, եւ բնականաբար, չկա շահագրգռություն այդ անձանց վերադարձնելու հարցում»,- նշել է Հակոբյանը։

Պատերազմի ընթացքում քաղաքացիական անձանց, քաղաքացիական եւ մշակութային օբյեկտների հանդեպ Ադրբեջանի կատարած վայրագությունների վերաբերյալ Արեւմտյան երկրների եւ կազմակերպությունների արձագանքների մասին խոսելիս՝ Հակոբյանը նշել է, որ «այնպես չէր, որ արձագանք չկար, պետք է դիտարկել առանձին պետությունների մակարդակով»․ օրինակ՝ Ֆրանսիան հենց սկզբից արձագանքեց, Միացյալ Նահանգների դիրքորոշումն էլ, ըստ Հակոբյանի, կարելի է ավելի պրոհայկական գնահատել, Եվրամիության արտաքին ծառայության մամուլի խոսնակն էր հապճեպ հայտարարություն արել Գյանջայի դեպքերի կապակցությամբ, բայց դրանից հետո ավելի բալանսավորված հայտարարություն արեց հենց այդ ծառայության ղեկավարը՝ Ժոզեֆ Բորելը եւ հատուկ ընդգծեց Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների հարցը։

«Բայց, ինչ խոսք, արձագանքը համարժեք չէր, Հայաստանը որպես ժողովրդավարական երկիր ակնկալում էր ժողովրդավարական համայնքի ավելի մեծ աջակցությունը, եւ արձագանքը, եւ այդ առումով, իհարկե, արձագանքը բավարար չէր, եւ դա էր պատճառը, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավունքի գերակայության նկատմամբ հանրային ընկալումները, հավատը մեծապես տուժեց։ Ուստի, կարծում եմ, որ այժմ եվրոպական եւ ամերիկյան կողմերը, որոնց, այնպես ստացվեց, որ Ռուսաստանը հետին պլան մղեց եւ միակողմանիորեն ստանձնեց խաղաղապահի գործառույթը, ավելի կմեծացնեն իրենց մասնակցությունը հետագա բանակցություններին»,- նշել է Հակոբյանը։

Տեղեկություններ կան, որ այս պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղից գրավված տարածքներում Թուրքիան մտադիր է բնակեցնել թուրքախոս վարձկաններին եւ նրանց ընտանիքներին։ Մեկնաբանելով այդ տեղեկությունները՝ Հակոբյանը նշել է, որ այնպես չէ, որ Թուրքիան այսօր ում ցանկանա, կարող է այնտեղ բնակեցնել, եւ որ ամենակարեւորը՝ մեր տարածաշրջանում չեն կարող ահաբեկչական օջախներ ստեղծվել։

«2005 թվականին ԵԱՀԿ-ն՝ Ադրբեջանի հայցով հատուկ առաքելություն էր իրականացրել հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող ազատագրված տարածքներում՝ գնահատելու այն հանգամանքը, թե արդյո՞ք հայկական կողմը այդ տարածքներում հատուկ բնակեցման քաղաքականություն է իրականացնում, քանի որ համարվում էր, որ այդ տարածքները ենթակա են վերադարձման Ադրբեջանին։ Վերջում զեկույցում արձանագրել էին, որ հայկական կողմը վերաբնակեցման ծրագիր չի իրակնացնում։ 2006-ին էլ ԵԱՀԿ-ն մեկ այլ առաքելություն էր իրականացրել՝ էլի Ադրբեջանի հայցով, թե արդյո՞ք հայակական կողմը հատուկ հրդեհում է այդ տարածքների անտառները։

Ուստի, մեր կողմը եւս պետք է նախաձեռնողականությունը վերցնի իր ձեռքը։ Ես ինքս միջազգային կազմակերպություններին հիշեցրել եմ այդ առաքելությունները, ասել եմ, որ միջազգային գործընկերները պետք է հանդես գան նման նախաձեռնություններով, եւ այս անգամ եւս նման առաքելություն ուղարկեն այդ տարածքներ՝ ստուգելու, թե արդյո՞ք Ադրբեջանն այդ տարածքները բնակեցնում է այն մարդկանցով, որոնք իբրեւ թե այդ տարածքներից տեղահանվել էին ժամանակին, թե՞՝ ջիհադիստ ահաբեկիչներով եւ նրանց ընտանիքներով»,- նշել է Հակոբյանը։