Կարեւոր է հենվել ժողովրդի իշխանության ազատ կամարտահայտման վրա. Տիգրան Եգորյան

«Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ ղեկավարների կողմից ընդունված եռակողմ փաստաթղթի ուժը պայմանավորված է ուժերի բալանսից, դա հայտարարություն է, որի կատարումը պայմանավորված չէ դրա իրավական ուժով, այն պայմանավորված է իրականությամբ, կողմերի, ու այլ մասնակցություն, ազդեցություն ունեցող պետությունների ընկալմամբ։ Այս պահին մենք ունենք ընդամենը սա։ Սա շատ փխրուն մի բան է, եւ մեծ հաշվով այն կախված է հավասարակռումներից»։

Այդ մասին 1in.am-ի հետ զրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը։

Հարցին, թե արդյո՞ք այդ փաստաթուղթն է ծառայելու հետագա փաստաթղթի ձեւավորման հենք, Եգորյանը նշել է. «եւ այո, եւ՝ ոչ, պարտադիր չէ, բայց այն կարող է հանդիսանալ ինչպես նվազագույն, այնպես էլ՝ առավելագույն հենք։ Շատ մեծ նշանակություն կունենան հետագա մեր քայլերը, ձեռնարկված իրավական, քաղաքական (ինչպես ներքին, այնպես էլ արտաքին), դիվանագիտական քայլերը։ Սա չափազանց մեծ նշանակություն կարող է ունենալ այն տեսանկյունից, թե ինչպիսին կլինի այս կամ այն հարցի վերաբերյալ հետագա համաձայնությունը, կամ հավասարակշռումը, որը կարող է փոխվել եւ հօգուտ մեզ, եւ՝ ի վնաս»։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս երկրների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հայտարարություններին, որոնք կարծես անհամաձայնություն են հայտնում ընդունված եռակողմ հայտարարությանը, եւ հարցին, թե արդյո՞ք դա կարող է որեւէ բան փոխել՝ Եգորյանը նշել է, որ այսպես թե այնպես, նրանց, այսպես կոչված, կարողացածը ածանցյալ կամ փոխկապակցված  է մեր մասնակցության, ցանկության եւ կամքի ձեւավորման կարողության հետ։

«Այստեղ արդեն հենց ներքին ժողովրդավարության հետ կապված հարցերն են էական, որոնք կարող են, կամ չեն կարող նպաստել պետության կամքի ճիշտ ձեւավորմանը, արտահայտմանը, ներկայացմանը, եւ դրա հանդեպ հարգանքի պարտադրմանը»,- նշել է Եգորյանը։

Փաստաբանը մեկնաբանել է նաեւ այն հարցը, որ այսօր քաղաքական տարբեր շրջանակներից կոչեր են հնչում, որ այդ հայտարարությունը պետք է եւ հնարավոր է փոխել, եթե այդ հնարավորությունը կա, ինչո՞ւ չօգտվել դրանից

«Հիմա ձեռք են բերվում պայմանավորվածություններ, եւ որեւէ մեկը չի կարող կանխորոշել դրանց ժամկետներն ու բովանդակությունը, եւ եթե այդ քննարկման/բանակցության ընթացքում դու ունես որոշ հնարավորություններ, կամ առավելություններ, եւ ունես դրանք օգտագործելու կարողություն, կամ առնվազն այդ մարդիկ այդպես են պնդում, ո՞րն է այն նպատակահարմարությունը այսօր, այս պահին այդ բոլոր խաղաքարտերը կամ կարողությունները ցուցադրելու եւ սեղանին դնելու։ Այսօր կարող ենք չեղարկել, վաղը՝ ո՞չ։ Կամ եթե այսօր չեղարկեցինք, ի՞նչ ենք անելու վաղը։ Կամ եթե այսօր չչեղարկեցինք, կոնկրետ ինչ-որ հետեւանքներ հստակորեն հասկանալի՞ են։ Թե՞՝ ի վերջո, դա կախված է բանակցային, եւ դրան զուգահեռ ուղեկցող բազմաթիվ այլ գործընթացներից»,- նշել է Եգորյանը։

Փաստաբանը մեկնաբանել է նաեւ այն հարցը, որ ընդդիմությունը պահանջում է, որպեսզի պարտված իշխանությունը հեռանա, ապա պետք է ստեղծվի նոր մարմին, որը այդ պարտության բեռը չի կրում, ու հետագա բանակցություններում կկարողանա ինչ-որ բան փոխել։

«Քանի որ դա շատ անկախատեսելի եւ դժվար հաշվելի պրոցես է, եւ քաղաքականությունը, դիվանագիտությունը շատ ավելի մեծ բաժին ունեն այդ պրոցեսներում, ուստի, ավելի իրավական տեսանկյունից նայենք այս պրոցեսներին։ Այո, պատմությունը շատ հարուստ է նման օրինակներով, երբ պարտություն կրող առաջնորդները զիջում են իրենց տեղը այլ ուժերի։ Բայց մեր իրավիճակը մի փոքր այլ է, եւ այստեղ կարեւոր է քննարկել ժողովրդի իշխանության փոխանցման հարցը, ժողովրդի իշխանության կրելու հնարավորությունը։ Երբ խոսում են ժամանակավոր ինչ-որ կառավարությունների, կամ կառավարման մարմինների մասին, շատ կարեւոր է հենվել ժողովրդի իշխանության ազատ կամարտահայտման եւ դրան չհակասող գործընթացների վրա, քանի որ եթե այս հարցերի շահարկման արդյունքում բարձրացվում է իշխանության փոփոխության հարցը՝ առանց ժողովրդի կամքի վրա հենվող գործընթացի, ապա սա շատ վտանգավոր պրոցես է։ Եւ երբ նայում ենք զարգացումներին, տեսնում ենք, որ հիմնականում այդպիսի հարցեր բարձրացնում են այն սեգմենտները, որոնք առանձնապես մեծ հույս չունեն այդ հավասարության եւ ազատության պայմաններում ստանալու ժողովրդի քվեն։

Այս իշխանությանը մեղադրում են, որ 2 տարում չի հասցրել պետության կառավարելիությունն այն աստիճանի յուրացնել, որ ավելի արդյունավետ գործեին համակարգերը։ Իսկ որտե՞ղ է այն երաշխիքը, որ նման ծանր իրավիճակում այնպիսի ներքին գործընթացը, որը կբերի նոր բանակցողի, նոր իշխանության եւ կոնֆիգուրացիաների, մեզ հնարավորություն կտա ավելի ուժեղ լինել, քան՝ հիմա։ Գուցե այդ նոր եկող մարդիկ չե՞ն կարողանալու այնպիսի ավելի բարձր արդյունքներ ապահովել, քան սխալներով, դանդաղ, ոչ արդյունավետ, բայց արդեն ինչ-որ կետի հասած իշխանությունը, գուցե այս պահին ՀՀ շահերից բխում է ոչ թե ցպահանջ հրաժարականի եւ արյան ծարավը, այլ կոնսոլիդացիան, թեկուզ սխալված, բայց ժողովրդի կամքով ընտրված իշխանության շուրջ համախմբումը»,- նշել է Եգորյանը։

Հարցին, թե արդյո՞ք կառավարության հրաժարականը դուռ բացում է մեր ավելի նպաստավոր դիրքերի համար, Եգորյանը պատասխանել է, որ դա «շատ վտանգավոր պրոցես է այս պահին, քանի որ ամեն դեպքում մենք չունենք հստակ դիրքորոշումներ, եւ ճանապարհային քարտեզ այդ պահանջը ներկայացնողների կողմից, մենք ունենք միայն մեղադրանքներ»։

«Մի կողմից մեղադրվում է կառավարող ուժը ոչ լիարժեք անկեղծության կամ մասնակցային գործընթացներ ձեւավորելու հարցում, մյուս կողմից այդ պահանջը ներկայացնողները չեն բացահայտում, թե ինչի մասին է խոսքը, եւ նրան առանձին հարցազրույցները ցույց են տալիս, որ ոնց որ թե նրանք էլ ծրագիր չունեն։ Նաեւ իրավական գործընթացն է կարեւոր, լավ, կառավարությունը հրաժարական տվեց, ի՞նչ կլինի հետո, ԻՔ խմբակցությունը պետք է դրվի այնպիսի վիճակի մեջ, որ կատարի դրսից պարտադրվող կա՞մք, արդյո՞ք դա կհամապատասխանի ժողովրդավարությանը, կբխի՞ մեր Սահմանադրության ոգուց։ Եթե պետք է արտահերթ ընտրություններ կազմակերպվի, ապա ե՞րբ դա պետք է արվի, դրա համար ժամանակ է պետք, ինչպիսի՞ պայմաններում է այդ գործընթացը իրականացվելու, այս անորոշ եւ շահարկումներով լի դաշտո՞ւմ, երբ շատ մեծ է ժողովրդի վրա հոգեբանական այնպիսի կործանարար ազդեցությունը, որը ընտրական գործընթացների առումով չի համապատասխանելու ժողովրդավարության սկզբունքների ստանդարտներին։ Սա վտանգավոր է ոչ թե իշխանության, այլ հենց պետության համար։

Օրինակ՝ ըննդիմախոսները ասում են՝ լայն վստահություն վայելով խորհրդակցական մարմին պետք է ստեղծել, ի՞նչն է խանգարում հիմա այդ խորհրդակացական կարգով քննարկումները ավելի ընդգրկուն եւ բովանդակային դարձնելուն։ Եւ, այո, այստեղ նաեւ իշխանության պատասխանատվության հարցը կա։ Ճիշտ չէ այս իրավիճակում պառակտիչ եւ պետությունը հյուծող պրոցեսների համար պարարատ հող ստեղծել, պետք է օգտվել ժողովրդավարական համակարգի ողջ ռեսուրսից, անգամ ամենաանփորձ իշխանությանը ժողովրդավարությունը տալիս է հնարավորություն ավելի ընդգրկուն գործընթացներ ձեռնարկել»,- նշել է Եգորյանը։