Մեր բանակցային մեկնարկային կետերը վճռվելու են պատերազմի դաշտում․ Տիգրան Եգորյան

«Իրավիճակը մեզ համար սովորական իրավունքից կամ օրինականությունից մի քիչ դուրս է․ այստեղ իրավունք կամ քաղաքականություն տիրույթները չափազանց միախառնված են, եւ սրված են պատերազմով, բոլոր իրավունքները եւ բոլոր հնարավոր իրավական հետեւանքները, որոնք կարող են լինել մեր առավելությունը կամ թերությունը, կամ հնարավորությունը հասնելու առավել նպաստավոր, կամ տվյալ իրավիճակում հնարավոր առավելագույն արդյունքի, ամեն դեպքում այսօր կախված են ռազմական խնդիրների լուծման մեր պոտենցիալից եւ կարողությունից։ Ցավոք, իրավունքը կերտելու հետ կապված մի իրավիճակում ենք հայտնվել, երբ այն պետք է ուժեղի դիրքերից իրագործվի։ Մեր բանակցային մեկնարկային կետերը վճռվելու են պատերազմի դաշտում»։

Այդ մասին 1in.am-ի հետ զրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ընթացող պատերազմի ժամանակ Ադրբեջանը խախտում է պատերազմը վարելու բազում կանոններ, արդյո՞ք դա իրավական հետեւանքներ է ենթադրում։

Եգորյանը նշել է, որ խորքային մակարդակում այս ամբողջ տեղի ունեցողը վերաբերում է նաեւ մեր ինքնիշխանությանը, եւ դա շատ աբստրակտ հարց չէ, այն ժողովրդի իշխանության վրա հիմնված ինքնիշխանության հարցն է, եւ որ այսօր մենք շատ ավելի տարբեր վիճակում չենք, քան բոլոր այն պետությունները, որոնք իրենց պատմության կոնկրետ փուլերում գտնվել են ժողովրդի իշխանության եւ իսթեբլիշմենթի իշխանության բախման բեկումնային կետերում։

«Եւ այս առումով, մենք նման ենք 1961 թվականի ամերիկյան իրավիճակին, մասնավորապես նախագահ Քեննեդու հետ կապված։ Խնդիրներն են այլ, բայց իրավիճակը նույնն  է։ Քենեդին մի հեղափոխական էր, որը նախագահ էր ընտրվել, բայց ամբողջ պետական համակարգի մեծամասնությունը նրան չէր ընդունում, եւ դրա ամենսուր դրսեւորումներից էր 1961 թվականին ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ամեն վայրկյան պայթելու եզրին հասած էսկալացիան։ Եւ այդտեղ Քենեդուն հաջողվեց հաջողության հասնել բացառապես ժողովորդի կողմից իրեն փոխանցված իշխանությունը այդ պետական ինստիտուտների առջեւ կրկին եւ կրկին վերահաստատելով, այդտեղ չգործեց ուղիղ հրամանատարական հիերարխիկ համակարգը, այդտեղ գործեց իր հեղափոխական, եթե կուզեք, հաշվարկը։ Այդ հնարավոր պատերազմի սանձազերծումը Քենեդին կանխեց ավիակիրների հրամանատարության նկատմամբ իր եղբոր վերահսկողությունը սահմանելով, որը երկու անգամ կանխեց զինվորական ղեկավարության կողմից տրված հրամանները, որոնք համաձայնեցված չէին գերագույն գլխավոր հրամանատրի հետ։ Այսօր էլ մեզ մոտ որոշումների կայացման մեխանիզմները, ազդեցությունները՝ տեսանելի, եւ ոչ տեսանելի, համեմատելի են։ Եւ այս ելակետերը ծանր կացության մեջ են դնում վարչապետին»,- նշել է Եգորյանը։

Մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, որ այս փուլում «դիվանագիտական լուծում չկա», Եգորյանը նշել է, որ «մեծ հաշվով մարդու իրավունքների պատմությունը դա իրավունքի նվաճում է, եւ այստեղ էլ իրավունքի նվաճման խնդիր ունենք, որը պետք է լուծվի ռազմաճակատում»։

«Սուբյեկտայության խնդիր ունենք, ինքնիշխանության իրավունքի ունենք, աշխարհի մեծերի սեղանին հավասար, կամ առնվազն շահավետ մեկնարկային դիրքերով նստելու նվաճման խնդիր, որը այժմ ճակատում է իրագործվում։ Թեեւ պատերազմը չի ընթանում միայն ռազմաճակատում, այն հավասարապես ընթանում է նաեւ ներքին ճակատում եւ տեղեկատվական ճակատում»,- հավելել է Եգորյանը։

«Անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառման հավանակության մասին խոսելով՝ փաստաբանը նշել է, որ «նախկինում էլ այդ հարցը քննարկման առարկա է եղել՝ թեկուզ տարբեր եզրերով, ոչ ուղիղ»։

«Այս հարցի, միգուցե ոչ ուղիղ ձեւակերպմամբ, բայց այս բովանդակության կապակցությամբ խոսել են Հայաստանի տարբեր առաջնորդներ։ Եւ հիմա էլ այդ կապակցությամբ ոչ միայն ՀՀ-ն է սկսել կոնկրետ գործողություններ, այլ նաեւ վերջերս դրան անդրադարձավ ՌԴ նախագահը՝ խոսելով էթնիկ խնդիրների մասին։ Սրանք կարեւոր փաստարկներ են։ «Անջատում հանուն փրկությանը» դա ուղղակի իրավունք չէ, որը ինքնորոշման իրավունքի բաղարիչ կարող է լինել, հատկապես, որ այս պահի դրությամբ լրիվ այլ մակարդակում այլ ծանրության խնդիրների առջեւ են կանգնած Հայաստանն ու Արցախը։ Բոլոր հնարավորությունները պետք է օգտագործվեն։ Ասում են՝ իրավունքը միշտ մնալու է թղթի վրա, մինչեւ այն չնվաճվի, հիմա դա կլինի ներպետական, թե միջազգային մակարդակում, կոնցեպտը նույնն է՝ իրավունքը պետք է նվաճվի»,- նշել է Եգորյանը։