Ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի այսօրվա գործիչները եւս կդրսեւորեն ոչ ստանդարտ մտածողություն եւ Ղարաբաղ այցելելու լուծումներ կգտնեն. Լուսինե Հակոբյան

«Իրավունքի Եվրոպա Միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած ակցիային:

1in.am-ի հետ զրույցում Հակոբյանը մանրամասնել է, թե ինչ պահանջներ են ներկայացրել ակցիայի ժամանակ, ում հետ են հանդիպել եւ ինչ են քննարկել: 

Մասնավորապես, Լուսինե Հակոբյանը պատմել է, որ ինքը, մի շարք գործիչների,  բազմաթիվ երիտասարդների հետ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ էին գնացել դեռեւս սեպտեմբերի 28-ին քաղհասարակության կողմից հղված հայտարարությունների եւ նամակների հետեւից: 

Հակոբյանը հիշեցրել է, որ սեպտեմբերի 28-ից սկսած մի շարք ՀԿ-ներ հայտարարություններ են տարածել, անձամբ ինքը մի քանի նամակներ է հղել եվրոպական կառույցներին, Հայաստանում գործող դեսպանատներին, բացի այդ, ՄԱԿ-ին ուղղված հատուկ հայտարարություն էր ընդունվել հոկտեմբերի 15-ին, որտեղ իրավապաշտպան կազմակերպությունները ներկայացրել էին այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում եւ Արցախում` ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում: 

Մասնավորապես, Հակոբյանը հիշատակել է 36 քաղաքացիական զոհերի, 100-ից ավելի վիրավորների առկայությունը, մոտ 10 հազարի հասնող ենթակառուցվածքների վնասումներն ու ոչնչացումները, (այդ թվում մանկապարտեզներ, հոսպիտալներ, դպրոցներ), Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու հրթիռակոծումը, ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից ահաբեկիչների ներգրավումը, հակամարտության գոտում լրագրողների թիրախավորումը, քաղաքացիական անձանց հանդեպ կատարված վայրագությունները: 

«Մասնավորապես, Հադրութի վերջին դեպքերն են հայտնի, այդ ամենը վկայող լուսանկարներ կան, նաեւ կան փաստեր այն մասին, որ տեղի է ունենում անմարդկային վերաբերմունք հայկական կողմի ռազմագերիների նկատմամբ, եւ այդ վարքը չի փոխվում, Ռամիլ Սաֆարովի կողմից կատարված հանցագործությունից ի վեր ձեռագիրը նույնն է եւ ակնհայտ, որ այդ վերաբերմունքը հայերի նկատմամբ հատուկ քաղաքականություն է, ինչն արձանագրված է արդեն նաեւ ՄԻԵԴ վճիռներով, կան նաեւ տարբեր միջազգային զեկույցներ, մասնավորապես ԵԽ-ի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի այն մասին, որ Ադրբեջանում պետական քաղաքականության մակարդակով իրականացվում է հայատյացության քաղաքականություն։

Այդ բոլոր փաստերը արտացոլված էին մեր հայտարարություններում եւ նամակներում, որ հղել էինք տարբեր մարմիններին, այդ թվում` ՄԱԿ-ին:

Փոխարենը, մենք տեսնում ենք այդ բոլոր կառույցների անհամարժեք արձագանքը: Մինչ ՄԱԿ-ի Ադրբեջանում գտնվող ներկայացուցիչները բավական ակտիվ են, թվիթերյան հրապարակումներ են անում, այցելում են Գյանջա եւ այլն, այստեղից մենք ակտիվություն չենք տեսնում: 

Այն շատ տխուր «չեզոք» գնահատականնենրը, որ հնչեցվում են տարբեր կառույցների կողմից, պատճառը տեսնում ենք նաեւ այդ կազմակերպությունների այստեղի ներկայացուցիչների պասիվության մեջ, եւ հավանական ենք համարում, որ փաստերը, որոնք առկա են, կամ իրենք ճիշտ կերպով չեն տեղ հասցնում, կամ` ամենեւին տեղ չեն հասցնում: 

Հենց այդ պատճառով էլ որոշեցինք ակցիա իրականացնել ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ: 

ՄԱԿ-ն այստեղ ունի տարբեր գործակալություններ. օրինակ` ՅՈՒՆԻՍԵՖ-ը, որը երեխաների հարցերով է զբաղվում, ՄԱԿ-ի փախստականների հարցով բարձր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչությունը: Մենք տեսնում եք, որ այդ կառույցներն, ըստ էության, անգործության են մատնված, որեւէ արձագանք չկա Լեռնային Ղարաբաղից Հայաստան եկող ներքին տեղահանվածների խնդրին: Թեեւ տեսանք, որ սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանաթուրքական ագրեսիայի զոհ են դառնում նաեւ երեխաները, կան վիրավոր երեխաներ, որոնք գտնվում են հիվանդանոցներում, այդ կառույցները դա եւս անարձագանք են թողում: Այդ պատճառով մենք դիմում էինք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին` ասելով, որ այդ բոլոր փաստերի առկայության պարագայում իրենք իրավունք չունեն պասիվություն դրսեւորել, որ մենք ակնկալում ենք, որ իրենք կակտիվացնեն իրենց ջանքերը ադ ամենը փաստագրելու, ճիշտ արձագանքելու եւ միանշանակ գնահատականներ հնչեցնելու հարցում»,- նշել է Հակոբյանը: 

Իրավապաշտպանի խոսքով, իրենց ընդունել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շոմբի Շարփը. վերջինս «ինչ-որ առումով ընդունել է, որ ակցիայի մասնակիցների մտահոգությունները` պասիվության վերաբերյալ, տեղին են», ասել է, որ իրենք ջանքեր գործադրվում են, թեեւ միգուցե դրանք այդքան էլ տեսանելի չեն, խոստացել է ավելի ակտիվացնել եւ ավելի տեսանելի դարձնել դրանք, նաեւ նշել է, որ իրենք Լեռնային Ղարաբաղ չեն կարողանում այցելել, քանի որ սահմանափակված են իրենց մանդատով, եւ իրենց կաշկանդվածությունը ընդունել է նաեւ Հայաստանի կառավարությունը: 

«Այսինքն, ցանկանում էր ասել, որ այդ հարցում կա փոխադարձ համաձայնություն, սակայն, մենք նշեցինք, որ հենց ՄԱԿ-ը` ինքնին, գոյություն ունի ոչ ստանդարտ մտածողության տեր մարդկանց շնորհիվ, որոնցից մեկը ամերիկուհի Էլինոր Ռուզվելտն էր, եւ որ մենք ակնկալում ենք, որ այդ կառույցի այսօրվա գործիչները այսօր եւս կդրսեւորեն ոչ ստանդարտ մտածողություն եւ կգտնեն լուծումներ ու եղանակներ Ղարաբաղ այցելելու, այնտեղ կատարվածը փաստագրելու, դրանց պատշաճ արձագանք տալու ուղղությամբ»,- նշել է Հակոբյանը: 

Հակոբյանը ասել է, թե չի կարծում, որ Հայաստանը դուրս է Եվրոպայի հետաքրքրությունների տիրույթից, եւ որ մենք «դեռ շատ աշխատանք ունենք անելու, որպեսզի ամբողջական պատկերը տեղ հասցնենք»: 

«Բացի ռազմաճակատում տեղի ունեցողից, այսօր նաեւ տարբեր այլ ասպարեզներում են պատերազմներ ընթանում` դիվանագիտական, տեղեկատվական եւ այս բոլոր տեղերում մենք անելիքներ ունենք: Տեղեկատվական ասպարեզը գիտեք` ինչպիսի մանիպուլյացիաներով եւ կեղծիքներով է հեղեղված,  տեսնում ենք, թե ինչպես է ադրբեջանաթուրքական ղեկավարությունը լծված պատմությունը կեղծելու գործին, իսկ դա պետք է շտկել, ճիշտ պատկեր ներկայացնել, որպեսզի այդ ամենը չեզոք դիտորդի համար տեղեկատվական աղմուկ չդառնա: Իսկ դա մեծ հմտություներ է պահանջում: 

Իհարկե, տարբեր պետություններ մեր «հարեւանների» հետ կապված ունեն տնտեսական եւ ֆինանսական շահեր, բայց կարծում եմ, որ ի վերջո համամարդկային արժեքները պետք է գերակայեն: Ամեն պետություն եւ պետության ղեկավարություն, ի վեջո, պետք է ընտրություն կատարի` եթե իր պետությունը հռչակվել է որպես համամարդկային արժեքների կրող, ինքը իրո՞ք կրում է այդ արժեքները, թե՞` ոչ: Պետություններ կան, որ արդեն շատ հստակ են կողմնորոշվել, պետություններ կան, որ տատանվում են, պետություններ կան, որտեղ հստակորեն գերակայում են տնտեսական շահերը, օրինակ` Մեծ Բրիտանիան հստակորեն հայտարարում է, որ Թուրքիան իր դաշնակիցն է: Նաեւ եվրոպական պառլամենտի վերջին քննարկումն էր հստակ ցույց տալիս, որ եվրոպական շատ գործիչներ կարողանում են շատ ճիշտ գնահատել իրավիճակը եւ իրերը կոչել իրենց անուններով: Այո, միգուցե մեզանից կրկնակի-եռակի ավելի ջանք է պահանջվելու, քան մի պետությունից, որը ունի նավթ, գազ, այլ ռեսուրսներ, բայց ի վերջո մենք կարողանալու ենք դա անել»,- նշել է Հակոբյանը: 

Իրավապաշտպանը կարեւոր է համարել նաեւ տեղի ունեցողի վերաբերյալ փաստերի հավաքագրումը. պետք է լուրջ թիմեր ունենալ, պետք է փորձել համազգային ներուժը օգտագործել, բոլոր ատյաններին դիմել եւ ըստ կառույցի` համապատասխան պահանջ ներկայացնել ընդդեմ Ադրբեջանի: 

Լուսինե Հակոբյանը նշել է նաեւ, որ սա իրենց վերջին ակցիան չէր, իրենք հետեւելու են միջազգային կազմակերպությունների եւ կառույցների գնահատականներին, եւ բոլոր այն դեպքերում, երբ գնահատականները կլինեն չեզոք եւ ընդհանրական, իրենք գնալու եւ պահանջելու են, որպեսզի այդ գնահատականները շտկվեն:

https://www.youtube.com/watch?v=eua1PN8kzKw&feature=youtu.be