Այժմ մենք ունենք ՄԻԵԴ մակարդակով ընդունված իրավական փաստաթուղթ, որով փաստվում է Թուրքիայի մասնակցությունը. Լուսինե Հակոբյան

«Սա շատ կարեւոր ձեռքբերում է. ՄԻԵԴ մակարդակով արձանագրվել է Թուրքիայի ներգրավվածությունը հակամարտության այս սրացման հարցում։ Եթե մեր միջազգային գործըներների մոտ կային տարընթերցումներ կամ հակադիր կարծիքներ, թե Թուրքիան գուցե չունի ներգրավվածություն, ապա այժմ մենք ունենք ՄԻԵԴ մակարդակով ընդունված իրավական փաստաթուղթ, որով փաստվում է Թուրքիայի մասնակցությունը, իսկ դրանից հետոն, այն, թե ինչպես այս փաստը կօգտագործվի, արդեն կախված է մեզանից, մեր դիվանագիտությունից, մեր խորհրդարանական դիվանագիտությունից»։

Այդ մասին 1in.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը՝ մեկնաբանելով ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ կառավարության պահանջի բավարարումն ու միջանկյալ միջոցի կիրառումը Թուրքիայի նկատմամբ, որով դատարանը կոչ է արել կոնֆլիկտում ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում` Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։

Միեւնույն ժամանակ, Հակոբյանի խոսքով, հասկանալի է, որ սրան պետք է հետեւի լիարժեք դիմումը, որը կներկայացնի Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալամբողջ ապացուցողական բազան, եւ, ըստ երեւույթին, դրան կհետեւի արդեն ՄԻԵԴ վճիռը։

«Նաեւ սրանով չպետք է կանգ առնել, պետք է խոր եւ համակողմանի փաստագրել կյանքի իրավունքի խախտումները, խոշտանգումների արգելքի խախտումները, սեփականության իրավունքի վնասները, որ պատճառվել են այս հարձակումների արդյունքում, եւ ես վստահ եմ, որ քաղաքացիական հասարակությունը, տարբեր դերակատարներ անպայման կզբաղեն սրանով, եւ միջոցներ կգտնեն, որպեսզի եւ Ադրբեջանին, եւ Թուրքիային միջազգային մակարդակով պատասխանատվության ենթարկեն այդ խախտումների համար»,- նշել է Հակոբյանը՝ հավելելով, որ սա առաջին հերթին իրավական հաղթանակ էր, որը կօգտագործվի քաղաքականության մեջ։

Անդրադառնալով Եվրախորհրդարանում Արցախյան հակամարտության հարցով տեղի ունեցած լսումներին, եւ այդ լսումների ժամանակ հնչած ելույթներին՝ Հակոբյանը նշել է, որ այդ ելույթները մեծամասամբ հայամետ էին եւ քննադատում էին Ադրբեջանին ու Թուրքիային, թեեւ կային նաեւ հավասարության նշան դնող ելույթներ։ Սակայն, ըստ Հակոբյանի, ավելի շատ էին համարձակ շեշտադրումներն այն մասին, որ հիմնական պատասխանտուն Թուրքիան է։

«Հստակ կար արձանագրում, որ այստեղ հիմնական գործող անձը ոչ թե Ադրբեջանն է, այլ՝ Թուրքիան, եւ դրա համար հիմնական կոչերը այն մասին էին, որ պետք է քայլեր ձեռնարկել ընդդեմ Թուրքիայի։ Նաեւ հստակ ճանաչվում էր այն, որ Թուրքիան Սիրիայից վարձում է ահաբեկիչ վարձկանների եւ ներգրավում այս հակամարտության մեջ, եւ սա մի բան է, որը ուղղակի անհանդուրժելի է Եվրոպայի համար՝ հաշվի առնելով ահաբեկչությունների այն ամբողջ նախապատմությունը, որ Եվրոպայում տեղի են ունեցել։ Սա, այսպես ասած, կարմիր գիծ է, որը ցույց է տալիս, որ ադրբեջանական դիվանագիտության այս 20 տարվա ամբողջ նավթախավիարային ջանքերը միայն այդ մի հանգամանքով պայմանավորված ջուրը լցվեցին եւ մեր դիվանագիտության առաջխաղացման համար բարենպաստ հող կա։ Սակայն, նաեւ հակառուսական տարրեր կային այդ ելույթներում, հնչում էին տեսակետներ, թե Ռուսաստանը սատարում է Հայաստանին։ Այստեղ մենք անելիք ունենք հավաքելու բոլոր հայտարարությունները առ այն, որ ՌԴ-ն չեզոքություն է պահպանում։ Նաեւ մի քիչ ավելի հուզական էլեմենտ էլ կար․ այդ ելույթներից ակնհայտ էր, որ եվրոպացի շատ գործընկերներ ճանաչում են 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց անտարբերության մեղքը եւ հասկանում էին, որ պատասխանտվություն ունեն հայ ժողովրդի հանդեպ երկրորդ ցեղասպանությունը թույլ չտալու համար»,- նշել է Հակոբյանը։

Հակոբյանը հիշատակել է նաեւ այդ լսումների արդյունքում բարձր հանձնակատարի հնչեցրած եզրափակիչ խոսքը, որտեղ հանձնակատարը նշել էր, որ ինքը «65 անգամ լսեց նույն ուղերձը», բայց չլսեց, թե երբ որ ասվում է գործուն քայլեր, ասողները ի՞նչ նկատի ունեն։

«Այսինքն, մենք պետք է նաեւ այդ պատգամավորների հետ աշխատենք. մենք մեզ համար ձեւակերպենք, թե մեր սպասելիքը եվրոպական, միջազգային այլ գործընկերներից որն է, եւ իրենց դա հաղորդակցենք, որպեսզի իրենք էլ կարողանան դա փոխանցեն բարձր հանձնակատարին, կամ այլ խողովակներով, որպեսզի կարողանանք արդյունքի հասնենք»,- նշել է Հակոբյանը։

Անդրադառնալով հայկական Սփյուռքի գործողություններին՝ Հակոբյանը նշել է, որ «Սփյուռքը ոտքի է կանգնել, մենք տեսնում ենք տարբեր մարդաշատ ակցիաներ տարբեր երկրներում, այդ ալիքը ակնհայտորեն տարածվելու է, սակայն, մենք պետք է շատ կենտրոնացված աշխատանք տանենք Սփյուռքի կառույցների հետ»։

«Մենք ինքներս նախ պետք է որոշենք, թե այս իրավիճակում մեր պահանջը որը պետք է լինի, ապա դա պետք է հաղորդակցենք Սփյուռքի կառույցներին, որպեսզի իրենք եւս կարողանան արդյունավետ աշխատանք կատարել։ Նրանք ավելի մեծ պոտենցիալ ունեն, ունենք հայտնի գործիչներ, որոնք միջազգային հայտնի ֆիգուրների հետ կապեր ունեն, իրենք եւս կարող են բարձրաձայնել այս հարցը եւ փորձել մի քիչ ավելի մեծ ուշադրություն հրավիրել տարբեր պետությունների ղեկավարների կողմից, որպեսզի ավելի գործուն քայլեր ձեռնարկվեն այս ռեգիոնում խաղաղության հաստատման եւ Արցախի համար ավելի բարենպաստ կարգավիճակի հասնելու համար»,- նշել է Հակոբյանը։