Խունդկարյանի ընտրությունը նախկին ուժերի նվաճումներից եւս մեկը կլինի

«Ի սկզբանե ակնհայտ էր, որ Երվանդ Խունդկարյանը ՍԴ է գնում նախագահ դառնալու հավակնություններով, ուստիեւ ամբողջ ինտրիգը նրա շուրջ էր պտտվում: Տեղեկություններ կային, որ ավելի քչին նա չի էլ համաձայնվել եւ ի սկզբանե նրան խոստացվել է այդ պաշտոնը: Եւ այդ սցենարի զարգացմանն էլ հիմա ականատես ենք լինում»:

Այդ մասին 1in.am-ի հետ զրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը` մեկնաբանելով ՍԴ-ում ընթացող ՍԴ նախագահի ընտրությունները, եւ այն փաստը, որ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է միայն Խունդկարյանը:

ԻԵՄ ավագ իրավախորհրդատու, փաստաբան Եգորյանն էլ անդրադառնալով հնարավոր պայմանավորվածություններին` նշել է, որ այդպիսի հնարավորության թույլատրելիությունը անգամ լուրջ մտահոգվելու առիթ պիտի լինի իրեն ՍԴ դատավորի առաքելությանը եւ ստանդարտներին համապատասխանող համարող ցանկացած դատավորի համար:

«Իշխանության հետ հնարավոր պայմավորվածության առումով նշեմ, որ ցանկացած նման նկրտում, թեկուզ խոստման մակարդակում, լուրջ հետեւանքներ կարող է ունենալ եւ հարված կլինի Սահմանադրությանը: Երվանդ Խունդկարյանն ինքնաառաջադրվել է, այս ամենին գումարելով մինչ այդ եղած քննարկումները, ինչպես նաեւ նրա վերաբերյալ` դեռ ԱԺ-ի կողմից ընտրվելու գործընթացին նախորդող ժամանակահատվածում պտտվող այն լուրերը, որ տարածվում էին դատական իշխանության բլոկում, մեկ ընդհանուր պատկեր է ամբողջացնում»,- նշել է Եգորյանը:

Պատասխանելով հարցին թե` որքա՞ն կարեւոր է ՍԴ նախագահի պաշտոնը, եւ այն, թե ով կընտրվի այդ պաշտոնում, Լուսինե Հակոբյանը նշել է.

«ՍԴ նախագահը կարեւոր ֆիգուր է: Նախ նա ներկայացուցչական գործառույթներ է իրականացնում, ապա վարչակազմակերպչական ամբողջ լիազորությունները նրա ձեռքում են, ըստ էության, նա է կադրային քաղաքականության պատասխանատուն, բյուջեն ինքն է տնօրինում եւ բավականին մեծ լծակներ ունի:

Այո, գործերի քննության ընթացքում նա ունի մեկ ձայն, ինչպես մնացած 8 դատավորները, բայց նշածս մյուս բոլոր, եւ ամենակարեւորը` ներկայացուցչական գործառույթը նա է իրականացնում»:

Տիգրան Եգորյանն էլ հավելել է. «ՍԴ նախագահ լինելը մյուս դատավորների հանդեպ որեւէ լիազորության տեսքով առավելություն չի տալիս, բայց այստեղ կա ընկալական բաղադրիչ, որը դժվար է անցումային այս շրջանում անտեսել, քանի որ էական ազդեցություն ունի ինչպես հասարակության շրջանում, այնպես էլ պաշտոններ զբաղեցնող անձանց, այդ թվում դատավորների մոտ:

Այս նուրբ բաղադրիչը մարմնավորում է անցյալի եւ ժողովրդավարության միջեւ կռիվը, սա մի սիմվոլիկ իրադարձություն է, որով կամ եւս մեկ փոքրիկ հաղթանակ է ունենալու ժողովրդի իշխանությունը, կամ` հաղթելու է այն նախկին սեգմենտը, որը տարբեր հատվածերում պատսպարված սպասում է հարվածի իր հերթին:

ՍԴ նախագահի ընտրությունը հավաքված դատավորների անձնական հատկանիշների եւ նրանց արժեբանության, ունեցած իրավական փիլիսոփայության նկարագիրն է լինելու: Եթե ընտրեն Խունդկարյանին, ապա կարող ենք բավականին որոշակի հետեւություններ անել, թե նրան ընտրող դատավորների որպես դատավոր բովանդակությունն ինչպիսին  է:

Մի հարց է որ նրան ընտրել է ԱԺ-ն, եւ այլ հարց, որ նրան պետք է ընտրեն, իրենց ներսից առաջություն տան ՍԴ դատավորները»:

Լուսինե Հակոբյանը հիշեցրել է, որ ՍԴ նախագահի ընտրության քվեարկության արդյունքները չեն հրապարակվում, բայց ազնիվ կլիներ, եթե ՍԴ դատավորները` ամեն մեկը իր մասով հանրությանը հաշվետու լիներ եւ ներկայացներ, թե ինչպես է քվեարկել:

«Աժ-ում վերջին ընտրություններից հետո ժողովրդի առողջ հատվածի մոտ խորը հիասթափություն է տիրում, եւ եթե Խունդկարյանը ի վերջո ընտրվի, ապա շատերի մոտ ոչ միայն գորշ գույները կպահպանվեն, այլեւ կխորանա այն համոզմունքը, որ պայմանավորվածություն եղել է: Ժողովուրդը հեղափոխության արդյունքում մեծ թռիչք եւ ձեռքբերումներ գրանցեց: Բայց այս երկու տարիների ընթացքում մենք տեսնում ենք, թե ինչպես են նախկին ուժերը գրավում ժողովրդի նվաճումները: Եւ Խունդկարյանի ընտրությունը հատկապես այդ նվաճումներից եւս մեկը կլինի»,- նշել է Հակոբյանը:

Տիգրան Եգորյանն էլ հավալել է, որ Խունդկարյանի ընտրությունը, նրան ձայների մեծամասնություն տալը կնշանակի այս շրջանում ժողովրդավարական ուժի նահանջ: