Սահմանադրական հակակոռուպցիոն մարմնի/մարմինների հայեցակարգի վերաբերյալ քննարկում

Ստորև հղումով կարող եք  առցանց հետևել ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից համատեղ անցկացվող Սահմանադրական հակակոռուպցիոն մարմնի/մարմինների հայեցակարգի վերաբերյալ քննարկմանը:

Քննարկման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ-ի նախագահ, ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Լուսինե Հակոբյանը:

Նա նախ` հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանության և հանրային կյանքի բոլոր ոլորտներում մեծ մասշտաբների հասնող կոռուպցիան էր նաև այն պատճառներից մեկը, որ ժողովրդի համբերության բաժակը լցվեց և 2018թ. ժողովուրդը դուրս եկավ փողոց` պահանջելով փոփոխություններ: Այսպիսով կոռուպցիայի կանխարգելումը և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը հետհեղափոխական իշխանության` ժողովրդի առջև ստանձնած ամենակարևոր հանձնառությունների թվում է: Այդ հանձնառությունն արտացոլված է և 2019թ. կառավարության ծրագրում և մի շարք այլ փաստաթղթերում: Այդ հանձնառության մասին խոսվել է ՀՀ իշխանության տարբեր թևերում և մակարդակներով և շատ տարբեր ամբիոններից:

Որպես Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի Հայաստանի պլատֆորմի համակարգող` նա մասնավորապես ընդգծեց, որ Հայաստանը, լայն առումով լինելով եվրոպական ընտանիքի անդամ պետություն, կոռուպցիայի կանխարգելման և պայքարի ոլորոտւմ ստանձնել է մի շարք հանձնառություններ նաև իր եվրոպական գործընկերների առջև: Այդ հանձնառությունները, ի թիվս այլ փաստաթղթերի, ամրագրված են նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև 2017թ. ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում: Լուսինե Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը որպես առաջնահերթություն իր կայուն տեղն ունեցել է ԱլԳ Քաղհասարակության ֆորումի ռազմավարական նպատակներում, և Ֆորումի ղեկավար կոմիտեում ընդամենը երեք շաբաթ առաջ անցկացված քննարկումները ցույց են տալիս, որ այդ ոլորտը կշարունակի առաջնահերթ մնալ Ֆորումի համար նաև տեսանելի ապագայում:

Նա նաև հիշեցրեց, որ դեռևս այս տարվա սկզբին ՀԱՊ-ն իր տարեսկզբյան համաժողովներից մեկի մի զգալի բաժին նվիրել էր Պլատֆորմի աշխատանքային խմբերով Պլատֆորմի ռազմավարական նպատակների քննարկմանը, և այդ քննարկումը ևս փաստեց, որ ուշադրությունը կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի վրա ՀԱՊ-ի կողմից ևս չի նվազելու:

Ինչ վերաբերում է ՀԱՊ-ի առաջին աշխատանքային խմբի անդամ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից Պլատֆորմի` աջակցություն հինգ աշխատանքային խմբերի գործունեությանը ծրագրի շրջանակներում կատարված ուսումնասիրությանը` ապա Լուսինե Հակոբյանը շեշտեց, որ իրապես մեծ աշխատանք է կատարված, որ ուսումնասիրությունը բավական համակողմանիորեն ներկայացնում է վերաբերելի միջազգային փորձը բավական լուրջ փաստարկներ ներկայացնում հօգուտ իր ջատագոված մոդելի: Վերջում Լուսինե Հակոբյանը հույս հայտնեց, որ քննարկումը ևս կնպաստի Հայաստանի համար առավել կիրառելի ճիշտ մոդելի ընտրությանը: