Սա անհատական պատասխանատվության հարց է. Լուսինե Հակոբյան

«Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի` 230-ից ավելի կազմակերպություններ միավորող Հայաստանի ազգային պլատֆորմի անունից այսօր հայտարարություն ենք տարածել` կոչ անելով պատգամավորներին ՍԴ դատավոր չընտրել առաջադրված երեք թեկնածուներին:

Իշխանության իրավաբանների թիմից իմ սպասելիքները զրո են, դա նաեւ ԱԺ-ում այսօրվա իրենց ելույթներից պարզ դարձավ: Իմ հույսը ավելի շատ իրավապաշտպանական անցյալ ունեցող պատգամավորներն են, եւ հուսով եմ, որ այդ մարդիկ կգիտակցեն, թե այսօր ինչ լուրջ փորձության առջեւ են կանգնած, որ իրենք կայացնելու են որոշում, որը կանխորոշելու է մեր պետության իրավական ապագայի շատ կարեւոր տարրեր, հուսով եմ, որ նրանք կունենան այն գիտակցումը, որ սա անհատական պատասխանատվության հարց է, եւ թե արդյոք իրենք իսկապե՞ս լծված են Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին, իրո՞ք կրում են այն արժեքները, որոնք հռչակել են եւ ընտրելու են այդ արժեբանական ճիշտ համակարգը կրող թեկնածուների: Հույս ունեմ, որ այդպիսիք կգտնվեն ԱԺ-ում»,- այդ մասին 1in.am-ի տաղավարում հայտարարել է ՀԱՊ համակարգող,   «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը:

Հարցազրույցի թեման ԱԺ այն նիստն էր, որտեղ պատգամավորները քննարկել էին Սահմանադրական դատարանի դատավորի երեք թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը: Նիստի ժամանակ իշխող խմբակցության պատգամավորներից մեկը հայտարարել էր, թե առաջադրված թեկնածուները ապացույցն են այն բանի, որ իշխանությունը չի ցանկանում ունենալ խամաճիկային դատարան:

Մեկնաբանելով այդ հայտարարությունը` Հակոբյանը նշել է. «Առաջադրված թեկնածուներից Երվանդ Խունդկարյանը` լինելով տնտեսական դատարանի դատավոր, իր մեջ համարձակություն չի գտել պաշտպանել արտահայտվելու ազատության իրավունքը, հետո այլ դատարանների կազմում մասնակցելով տարբեր գործերի քննությանը` իր մեջ ուժ չի գտել պաշտպանել քաղաքացիների սեփականության իրավունքը, պահպանել Հայաստանի բնապահպանական շահերը, այդ պարագայում ի՞նչ է այդ մարդու անունը, եթե ոչ` խամաճիկ, եւ ինչպե՞ս է այդ դեպքում ստացվում, թե ԻՔ չի ցանկանում ունենալ խամաճիկային դատարան»:

Հակոբյանը հիշեցրել է նաեւ, որ մինչ ԱԺ այդ քննարկումը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել Խունդկարյանի թեկնածության վերաբերյալ: Հակոբյանը տարակուսանք է հայտնել այն կապակցությամբ, որ հանձնաժողովի այդ եզրակացությունը գաղտնի է եւ չի հանրայնացվել:

«Եթե այդ բացասական եզրակացության պարագայում անգամ ԻՔ խմբակցությունը պատրաստվում է քվեարկել Խունդկարյանի օգտին, ապա սա արհամարանք է իրենց իսկ կողմից ձեւավորված մարմնի հանդեպ:

Ինչո՞ւ պետք է պետությունը ռեսուրս ծախսի մի մարմնի վրա, որի եզրակացությունները հանրությանը հասու չեն դառնալու, եւ որի եզրակացությունները բարեհաջող կերպով անտեսվելու են ԱԺ-ի կողմից:

Եւ ընդհանրապես, ԱԺ-ում հնչող այդ «համերաշխություն», «խամաճիկային դատարան չունենալ» եւ այլ կարգախոսների կապակցությամբ ուզում եմ հիշեցնել, որ հեղափոխությունը ժողովուրդը արել է, քանի որ չէր ցանկանում համերաշխ ապրել նախկին կոռուպցիներների հետ եւ իշխանությանը մանդատ չի տրվել նրանց հետ համերաշխ համակեցություն կազմակերպելու համար: Իշխանությանը  մանդատ է տրվել մեր պետության համար կենսական նշանակություն ունեցող ոլորտները բարեփոխելու եւ այդ կոռուպցիոներներին համաչափ պատասխանատվության ենթարկելու համար»,- նշել է Հակոբյանը:

Նախագահի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանի վերաբերյալ էլ Հակոբյանը նշել է, որ ԱԺ-ում նրա թեկնածությունը ներկայացնող նախագահականի ներկայացուցիչ Էմիլ Տարասյանի հետ պատգամավորների հարցուպատասխանից հետո «պարոն Վաղարշյանը ճիշտ կաներ անգլիական ձեւով` հրաժեշտ չտալով հեռանար ԱԺ-ից»:

«Եւ ոչ թե մնար եւ վերջնականապես խայտառակեր իրեն, եզրափակիչ ելույթում էլ աղերսեր, որ իրեն ընտրեն` ասելով, թե «ինձնից հետո շատ ավելի վատ թեկնածուներ են գալու, նրանց հետ կապված կուլիսային խոսակցությունները ինձ հայտնի են, դրանք բանի պետք չեն եւ այլն», այսինքն, ուրիշներին նսեմացնելու միջոցով փորձում էր իր կշիռը բարձրացնել: Դա ակադեմիական արժեբանություն կրող մարդուն հարիր չէր, որպիսին ինքը իրեն փորձում էր ներկայացնել»,- նշել է Հակոբյանը:

ՍԴ դատավորի կառավարության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանի կապակցությամբ էլ Հակոբյանը նշել է, որ այն պատճառաբանությունը, որը Շաթիրյանը հնչեցրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնից հրաժարական տալու կապակցությամբ, ուղղակիորեն ապացուցում է, որ նման կարեւորության պաշտոն Շաթիրյանին վստահել չի կարելի:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ նշել է, որ դժվար էր պատկերացնել, որ հեղափոխությունից երկու տարի անց կարելի էր Խորհրդարանում տեսնել Երվանդ Խուդկարյանին` որպես ՍԴ դատավորի թեկնածու:

«Նախկին իշխանությունների մի տիպիկ ներկայացուցիչ, նրանց ծառայած, նրանց համար աշխատած մարդ, որը նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հայտնի աղմկահարույց զեկույցի 3 գլխավոր հերոսներից մեկն է:

Թեկուզ միայն «Ա1+»-ը փակելու հարցի պատճառով ԱԺ-ն պետք է մերժի Խունդկարյանին, հակառակ դեպքում, ստացվում է, որ նրանք շարունակելու են Քոչարյանի գործը: Քոչարյանը այն ժամանակ Խունդկարյանի միջոցով փակեց միակ ընդդիմադիր հեռուսատնկերությունը, եւ եթե այսօր Խունդկարյանը դառնա ՍԴ դատավոր, դա աղետ կլինի: Բայց այսօր մեր ԱԺ-ն  ակնհայտ համակրանքով էր լցված նրա հանդեպ»,- նշել է Ալեքսանյանը:

Նրա խոսքով ԱԺ-ում տեղի ունեցած հարցուպատասխանից ինքը հոռետեսական տպավորություն է ստացել, եւ լավատեսական հույս չունի, որ պատգամավորները դեմ կքվեարկեն առաջադրված թեկնածուներին:

Ալեքսանյանի խոսքով, այսօր մեր հանրության հիմնական այն կորիզը, որը տրամադրություններ է ստեղծում, պայքարում է ժողովրդավարական արժեքների համար, տեսնելով այս ամենը` հիասթափվում է այս իշխանությունից:

«Բոլորս շունչներս պահած սպասում էինք, որ ինչ-որ քայլեր կարվեն դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ, բայց այս ամենը նշանակում է, որ սա է իշխանության ընտրած ճանապարհը»: