Սա ժողովրդավարության տապալում էր. Լուսինե Հակոբյան

«Սա ժողովրդավարության տապալում էր»,- «Նյու Արմենիա» լրատվականի հետ զրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը` մեկնաբանելով ԱԺ-ի կողմից ՍԴ երեք դատավորների թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուների ընտրությունը:

«Եւ այն հայտարարությունները, թե մենք չէինք ուզում խամաճիկային դատարան, բայց դրանով հանդերձ, ընտրել մեկին, որը նախկին ռեժիմի մոտ խամաճիկ էր աշխատում, մեզ հակառակում է համոզում: Ցավով պետք է արձանագրեմ, որ մեր հայտարարությունը, որը մենք հրապարակել էինք Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի` 230-ից ավելի կազմակերպություններ միավորող Հայաստանի ազգային պլատֆորմի անունից, եւ որտեղ մենք հիմնավորել էինք, թե ինչու ԱԺ-ն չպետք է ընտրի առաջադրված երեք թեկնածուներին, անարձագանք մնաց:

Դեռ ավելին, փոխարենը այդ ընտրությունից հետո ամոթխած լռեին, իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, թե քաղհասարակությունը այս հայտարարություններն անում է որովետեւ շահագրգիռ է: Եւ այդ հայտարարությունն անում է մեկը, որը համոզել է իր թիմակիցներին ՍԴ դատավոր ընտրել իր կուրսեցի էդգար Շաթիրյանին, եւ դա մատուցել էր որպես նվեր` իր համակուրսեցու երեք շաբաթ առաջ լրացած 40-ամյակի կապակցությամբ:

Եւ այդ մարդը դեռ խոսում է քաղհասարակության ինչ-ինչ շահերից:

Հասարակության առողջ հատվածը ուղղակի ապշած է այս ընտրությոնից»,- նշել է Հակոբյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ իշխանությունները հայտարարել էին, թե աշխատելու հնարավորություն են տալու վերափոխվել ցանկացող նախկին պաշտոնյաներին` Հակոբյանը ընդգծել է, որ «որպեսզի մարդուն հնարավորություն տրվի նորովի հանդես գալ, այդ մարդու կողմից պետք է հնչեն հայտարարություններ եւ գնահատականներ, որոնք կդատապարտեն նախկին ռեժիմի օրոք կատարվածը, որոնք ինչ-որ կերպ կարտահայտեն մեղավորության զգացում կամ արդարանալու ձգտում այդ ամենին սեփական մասնակցության վերաբերյալ»:

«Բայց մենք տեսանք, որ երկուշաբթի օրը ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումներում Երվանդ Խունդկարյանը ոչ միայն չէր ճանաչում այն իրողություները, որոնք փաստ են մեր ժողովրդի առողջ հատվածի համար, այն է, որ դատական համակարգում եղել է լայնածավալ կոռուցիա, որ այդ համակարգը նախկին ռեժիմի պարագլուխներից անկախ չի եղել, որ եղել է զոնալ դատավորների համակարգ, ինչի մասին խոսում էր նախկին ՄԻՊ Կարեն Անդրեսյանն իր 2013 թվականի զեկույցում, նա ոչ միայն այդ իրողությունները չէր ընդունում, այլեւ` հակառակը, այդ ամենը ժխտում էր, ասում էր, որ կոռուպցիա չի եղել, որ որեւէ մեկը որեւէ ճնշում չի գործադրել իր վրա: Կոնկրետ «Ա1+»-ի գործի մասին ասում էր, որ ինքը ճիշտ է արել, որ այդ որոշումը ընդունել է, ու որ այսօր էլ այդ հանգամանքների առջեւ կանգնելու դեպքում էլի նույն որոշումը կկայացնի: Այսինքն, այդ մարդու կողմից ոչ մի զղջում, արդարանալու ոչ մի փորձեր չեղան, ինչը մեզ համոզում է, որ կոնկրետ այդ անձի պարագայում որեւէ վերափոխում, որեւէ հեղափոխություն հնարավոր չէ, որ տեղի ունենա: Ուստի, թե իրականում ի՞նչ նպատակով իրեն տարան եւ կարգեցին ՍԴ դատավոր, պարզ չէ»,- նշել է Հակոբյանը:

Նա հասկանալի չի համարում նաեւ այն, թե ինչի՞ն էր պետք այն ամբողջ ջանքը Սահմանադրական դատարանի շուրջ, ինչի՞ համար էին այն հռչակված նպատակները, թե Հրայր Թովմասյանը եւ մյուսները պատասխան են տալու իրենց գործածի համար, ինչի՞ էր պետք այդքան էներգիա, ռեսուրս ու ջանք վատնել ՍԴ-ի թեմայի շուրջ, եթե արդյունքում ունենալու ենք ՍԴ նույնպիսի կազմ, ինչ ունեինք նախքան սահմանադրական փոփոխությունները:

«Եւ եթե ի վերջո նպատակը համերաշխություն հաստատելն էր այդ նախկին կոռուպցիոներների հետ, ապա ինչո՞ւ դա հանարվոր չէր անել Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի հետ, ինչո՞վ էին նրանք պակաս այս երեքից:

Հարցականները շատ են: Երկուշաբթի օրվա քննարկումների ժամանակ ԻՔ պատգամավորները նախագահի ներկայացուցիչ Էմիլ Տարասյանին հարցնում էին, թե եթե դուք մեկ տարի անց նույն թեկնածուին բերում եք ԱԺ, արդյո՞ք սա չի նշանակում, որ սահմանադրական մարմինների միջեւ փոխադարձ հարգանքի սկզբունքը խախտվում է, չէ՞- որ այս նույն ԱԺ-ն մեկ տարի առաջ մերժել է այս նույն թեկնածուին: Եւ ապա ուղիղ մեկ օրում հեղափոխվում են ու հաջորդ օրը ամենաշատ ձայներով ընտրում են այդ նույն թեկնածուին: Սա առնվազն զարմանք է հարուցում»,- նշել է Հակոբյանը: