Հայաստանը հերթական անգամ զրկվեց ՍԴ ունենալու պատմական շանսից. Տիգրան Եգորյան

«Իրեն ժողովրդավարական հռչակած քաղաքական ուժի ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցության 84 պատգամավոր այսօր կողմ արտահայտվեց, որ ավտոկրատիկ լեգալիզմի եւ ֆորմալիզմի ամենաբացասական եղանակով դրսեւորումներով, կոնկրետ քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված ճնշվեն ժողովրդավարության սկզբունքները եւ խոսքի ազատությունը ՀՀ-ում»,- այդ մասին 1in.am-ի հետ զրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը` մեկնաբանելով ՍԴ 3 նոր դատավորների ընտրությունը ԱԺ-ում:

Նա նշել է, որ կոնկրետ Երվանդ Խունդկարյանի ընտրությունը համախոհություն եւ հանդուրժողականություն է Հայատանում նմանատիպ դրսեւորումների հնարավորությանը, կրկնմանը եւ շարունակությանը. «իրեն ժողովրդավար հռչակած իշխանությունը կողմ է «Ա1+»-ի փակմանը, եւ հետագայում նման դրսեւորումների` ինչպես Երվանդ Խունդկարյանի, այնպես էլ` բոլոր մյուս դատավորների կողմից»:

«Եւ սա կոնկրետ քաղաքական վարքագիծ է, որը իրավական քաղաքականության ամենաէական բաղադրիչն է: Այսինքն, հենց այս ընկալումներով, կամ չգիտակցված որոշումներով ու վարքագծով են պայմանավորվելու, եւ ինչպես արդեն տեսնում ենք` պայմանավորվել, ՀՀ-ում իրավական քաղաքականությունը:

Նույն քաղաքականությունն իրականացվում է նաեւ այս իշխանության գործադիր իշխանության բլոկում է:

ՍԴ-ն ՀՀ-ում գործում է Սահմանադրությամբ սահմանված, սահմանադրի կողմից ուրվագծված առանցքով, նպատակներով, եւ արժեքների ու սկզբունքների պաշտպանության եւ սպասարկման համար: Որեւէ այլ նպատակի կամ պահանջի առաջադրումը որեւէ ուժի, անձի կողմից հանցագործություն է ՍԴ-ի նկատմամբ, ինչը պետք է այդ ուժի համար առնվազն քաղաքական պատասխանատվության հանգեցնի: Իսկ այս ՍԴ-ի համար պատասխանատու է յուրաքանչյուր առանձին վերցրած շունչ` ԱԺ 88 հոգանոց իշխանական ֆրակցիայից, կամ առնվազն կողմ քվեարկած 84-ը: Բոլոր մնացած խոսակցությունները` «թիմ», «միասնակություն», դրանք դատարկաբանություններ են, էժան մանիպուլյատիվ հնարքներ, որոնց հետեւանքը կործանարար է Հայաստանի համար: Անցումային այս շրջանում նման ազդեցությունների միջոցով նման որոշումների կայացումը հակոտնյա է ժողովրդավարությանը:

Այսպիսով, ՍԴ ճգնաժամը ոչ թե լուծվեց, այլ Հայաստանը հերթական անգամ զրկվեց ՍԴ ունենալու պատմական շանսից»,- նշել է Եգորյանը:

Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՍԴ ճգնաժամը լուծված է` Եգորյանը նշել է, որ վարչապետի արձագանքից տպավորություն է ստացել, թե վերջինս կարծես փորձում է պաշտպանել կառավարության թեկնածու Էդգար Շաթիրյանին, որը եւս քննադատվել է, սակայն քննադատությունների հիմնական եւ առանցքային թիրախը եղել է Երվանդ Խունդկարյանը:

«Եւ այս կապակցությամբ իշխանության որեւէ բլոկում գտվող որեւէ մեկը իր հրապարակային խոսքում որեւէ կապակցված բացատրություն` ի պաշտպանություն այդպիսի ընտրության ճշմարտացիության եւ անհրաժեշտության չի կարողանում բերել, քանի որ այդպիսին չկա: Եւ երբ չեն կարողանում այդպիսի բացատրություն բերել, դրան զուգահեռ կառավարության առաջադրած թեկնածուի պաշտպանության մղումով, կրկին ոչ լավ մղումով, (քանի որ այդ մղումը ոչ մի լավ տեղ չի տանում), բայց, այնուամենայնիվ, ինչ-որ ինքնապաշտպանական բնազդով հարձակումներ են գործում քննադատների դեմ, ընդ որում` վարչապետի մակարդակով: Սա միայն լրացուցիչ բեռ է ավելացնում որոշակի արժեքներ հետապնդելու մասին հայտարարած իշխանության համար, սա մեծացնում է խզումը իշխանության եւ ժողովրդավարական հասարակության միջեւ, սա ոչնչացնում է մասնակցային ժողովրդավարությունը:

Եթե հիշում եք, հեղափոխության սկզբնական շրջանում վարչապետը իրեն կարծես համեմատում էր Պապ թագավորի հետ, բայց հիմա այս ամենը ավելի շատ նման է Լիր արքայի պատմությանը. երբ վարչապետը արհամարհում եւ անտեսում է «Քենթերի» կողմից հնչող ճշմարտախոսությունը, լսում է քստմնելի տարբեր անձանց, ի վերջո արժանանում է այն բախտին, ինչ` Լիր արքան:

Եւ ես սա շատ ցավով եմ ասում»,- նշել է Եգորյանը:

Այսպիսի կազմով ՍԴ ունենալը, Եգորյանի խոսքով, մեզ որեւէ կերպ չի տեղաշարժել այն կետից, որում գտնվում էինք մինչ հեղափոխությունը: Ավելին, ըստ նրա, գուցե նաեւ նահանջ ենք ապրել, քանի որ այսօր բազմաթիվ բալանսներ ու հակակշիռներ վերացված են:

«Նախկինում տոտալիտար իշխանության ընկալումը մեղմելու ձգտմամբ պայմանավորված որոշակի հարցեր ի վերջո հնարավոր էր լինում լուծել: Օրինակ` 2018 թվականին երկար աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ ՍԴ դատավորի պաշտոնում ձախողել նույն Վճռաբեկ դատարանից արատավորված մի դատավորի ընտրությունը, ապա ձախողել նաեւմեկ այլ` շատ բացասական կերպարի ընտրությունը: Բայց այսօր դա հնարավոր չէ, այսօրվա իշխանության պարագայում ավելի վտանգավոր է բալանսը դարձել, եւ այն վտանգավոր դրսեւորումները, որոնց ունակ էին նախկինում դատական եւ այլ համակարգերում ընդրգկված ֆունկցիոներները, այսօր շատ ավելի ազատ են դրսեւորվելու:

Ի վերջո, դատական բարեփոխումների ամենաառանցքային կենտրոնը ՍԴ-ն է` ինչպես օրենսդրական ռեֆորների, այնպես էլ` գործնական իրավակիրառ դատական պրակտիկայի: Եթե այն համալրվեր պիտանի կազմով, ի զորու էր լինելու ուղենշային որոշումների միջոցով ճիշտ հունի մեջ դնել ամբողջ դատական համակարգը, իսկ այսօր այս ամենով հանդերձ` ՀՀ-ում ժողովրդավարության ներսում հայտնված Տրոյական ձին նորից սպասում է իր ժամին»,- նշել է Եգորյանը:

Նա նաեւ տարակուսելի է համարել այն, որ ԱԺ մեծամասնությունը կողմ է քվեարկել Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը` ի հեճուկս Խունդկարյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված բացասական եզրակացության:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը այսօրվա իշխանության ստեղծած միակ նոր գործիքն էր, որը պետք է իրականացներ շատ մեծ առաքելություն, եւ կարծես հենց այս իշխանությունն էլ մեծ հույսեր էր կապում դրա հետ: Բայց հենց նույն իշխանությունը թքեց, բարոյազրկեց, նվաստացրեց այդ հանձնաժողովի առաջին կարեւոր, համարձակ քայլը, որը պետք է փայփայվեր: Հակառակ պարագան այն մասին է, որ այդ հանձնաժողովը բարոյալքվելու է, սկսելու է լրիվ այլ փիլիսոփայությամբ աշխատել, կամ զրկվելու է աշխատելու կարողությունից, քանի որ ժողովրդավարական իշխանությունը նեցուկ չկանգնեց այդ մարդկանց դրսեւորած համարձակությանը եւ ազնիվ մղումներով ներդրված ջանքին»,- նշել է Եգորյանը: