Եթե այս թեկնածուներն ընտրվեն, ապա կունենանք նախորդից չտարբերվող ՍԴ. Լուսինե Հակոբյան

«Արեւելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի Հայաստանի Ազգային պլատֆորմը գրեթե 2 տարի հետեւում է ՍԴ շուրջ ծավալվող գործընթացներին եւ այդ զարգացումների կապակցությամբ իր մտահոգություններն է արտահայտել, այս վճռորոշ պահին եւս մենք չէինք կարող անմասն մնալ: Մենք համարում ենք, որ ՍԴ դատավորների երեք թափուր տեղերի համար առաջադրված երեք թեկնածուներն էլ իրենց մասնագիտական փորձառությամբ, իրենց մասնագիտական եւ անձնական հատկանիշներով, չեն բավարարում Սահմանադրությամբ եւ ՍԴ մասին օրենքով սահմանված պահանջներին: Բացդրանից, նրանց առաջադրման գործընթացները եւս չեն եղել բաց, թափանցիկ, արդար, եւ ստվերային գործարքների կասկածներ են հարուցում: Մենք մեր հայտարարության մեջ նաեւ մեջբերել ենք յուրաքանչյուր թեկնածուի թեկնածությունը մերժելու վերաբերյալ կոնկրետ պատճառներ»,- այդ մասին «Factor»-ի հետ զրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան, Արեւելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Լուսինե Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Արևելյան գործընկերության Քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որը միավորում է 230-ից ավելի քաղհասարակության կառույցների, սեպտեմբերի 14-ին հրապարակված  հայտարարությամբ կոչ էր արել ՀՀ Ազգային ժողովին դեմ քվեարկել Երվանդ Խունդկարյանի, Արթուր Վաղարշյանի և Էդգար Շաթիրյանի թեկնածություններին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:

Լուսինե Հակոբյանի խոսքով, եթե այդ թեկնածուներն ընտրվեն ԱԺ-ի կողմից, ապա կունենանք նախորդից չտարբերվող Սահմանադրական դատարան:

«Շատ ցավալի կլինի, եթե երկու տարվա այս պայքարից հետո նրանք ընտրվեն: Հուսով եմ, որ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության մեջ կգտնվեն ողջամիտ մարդիկ, որոնք կանսան հանրային ձային, քաղհասարակության կոչերին, եւ դեմ կքվեարկեն այս երեք թեկնածուներին, հակառակ դեպքում, մենք կունենանք մի իրավիճակ, որը ունեինք նախքան ՍԴ մասով փոփոխությունների ընդունումը:

Սա մի լուրջ փորձություն է ԻՔ խմբակցության համար, եւ այստեղ յուրաքանչյուրը կատարելու է անհատական ընտրություն այն մասին, թե ինչ արժեքների կրող է ինքը անձնապես»,- նշել է Հակոբյանը:

Մեկնաբանելով իշխող խմբակցության պատգամավորներից մեկի այն հայտարարությունը, թե ինքը կողմ է քվեարկելու ԴԸԺ կողմից թեկնածու առաջադրված Երվանդ Խունդկարյանին, ինչը կլինի «ոչ բռնի, թավշյա, սիրո եւ համերաշխության հեղափոխության կապիտալիզացիա», Հակոբյանը նշել է. «Ես կվկայակոչեմ ՍԴ մասին օրենքը, որի պարտադիր պահանջն է, որ ՍԴ դատավորները պետք է ունենան մասնագիտական եւ բարոյական բարձր հատկանիշներ, եւ, այսպես ասած, համերաշխությունը որպես նպատակ հռչակել եւ հանուն դրա զոհաբերել այդ կարեւոր արժեքները, ոչ միայն օրենքին հակառակ է, այլեւ ուղղակիորեն փարիսեցիություն է: Այդ դեպքում ինչո՞ւ այդ համերաշխությունը չէր դրսեւորվում Հրայր Թովմասյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հանդեպ: Վերջապես իրենք պետք է մտապահեն եւ գիտակցեն, որ իրենք ժողովրդի ընտրած թեկնածուներն են, եւ եթե ժողովուրդը ցանկանար հաշտ ու համերաշխ ապրել նախկին կոռուպցիոներների հետ, ապա որեւէ պարագայում ոտքի չէր կանգի եւ չէր իրականացնի թավշյա հեղափոխություն: Ժողովուրդը այս իշխանությանը չի գործուղել այդ պաշտոններին, որպեսզի, այսպես ասած, կեղծ համերաշխության օրակարգեր բերեն: Ժողովուրդը նրանց գործուղել է, որպեսզի ստրատեգիական ոլորտներում բարեփոխումներ իրականցնեն, որոնցից մեկը դատական իշխանության ոլորտ է»,- նշել է Հակոբյանը:

Վերջինս նաեւ մեկնաբանել է Արդարադատության նախարարի իրենց ուղղված  մեկնաբանությունը, թե որոշ կազմակերպություններ դժգոհություն են հայտնում առաջադրված թեկնածուների դեմ, քանի որ «շահագրգիռ են, եւ իրենց թեկնածուներին են ցանկանում անցկանցել»: Հակոբյանը նշել է, որ իրենք`

իրավաբանական համայնքի մաս լինելով` չեն կարող իրենց կողմից նախընտրելի թեկնածուներ չունենալ, եւ շատ տարօրինակ կլիներ, եթե իրենք որեւէ կարծիք, կամ նախընտրություն չունենային այդ հարցում, այլ հարց է, որ նախարարը մանիպուլյացիոն հնարքի է դիմում:

«Այստեղ խնդիրն այն չէ, թե արդյո՞ք մենք ունենք, թե չունենք նախընտրելի թեկնածուներ, խնդիրն այն է, թե հարգելի նախարար եւ մնացածներ, արդյո՞ք ձեր նախընտրելի թեկնածուները ունեն այն արժեբանությունը եւ կրում են արդյո՞ք այն արժեքները, որը դուք` հեղափոխական իշխանությունդ հռչակում էիք, երբ որ առաջնորդում էիք 2018-ի թավշյա հեղափոխությունը: Եւ հանրային կարծիքի, քաղհասարակության կարծիքի մի փոքր վերլուծությունը ձեզ կհամոզի, որ այդ թեկնածուները չեն կրում այդ արժեքները»,- հայտարարել է Հակոբյանը:

Նա մեկնաբանել է նաեւ վարչապետ Փաշինյանի կողմից դեռեւս երկու տարի առաջ հայտարարված` դատական համակարգում վեթթինգ իրականացնելու չիրականացված խոստումը:Լուսինե Հակոբյանը նշել է, որ դա 2018-ին հռչակված ժողովրդավարացման նպատակներից կոպիտ եւ տխրեցնող նահանջ է:

«Տխուր է ոչ միայն այն, որ վեթթինգը չիրականցվեց, այլեւ որ որեւէ ողջամիտ պատճառաբանություն չհնչեց այն մասին, թե Սահմանադրության կոնկրետ ո՞ր դրույթը եւ ինչպե՞ս էր խանգարում վեթթինգի իրականցմանը, եւ հիմա էլ համերաշխության լոզունգների ներքո մեր պետության Սահմանադրական Դատարանի դատավորի պաշտոնում ուզում են կարգել նախկին իշխանության օրոք որպես խամաճիկ գործած դատավորի եւ այլ անձանց:

Եւ շատ ցավալի է, որ այս ամենի շուրջ խորը մտորում չի կրականացվում ԱԺ-ն, որտեղ արդեն խոսում են համերաշխությունից. իսկ ո՞վ է ձեզ, ընկերներ, խնդրել խոսել համերաշխությունիից, արդյո՞ք դուք այդ մանդատը ստացել եք դրա համար»,- նշել է Հակոբյանը:

 

https://bit.ly/3kmFzLp