Ազատությո՛ւն Անդրեյ Յահորաուին, Իրինա Սուխիին և Ստանիսլավա Հուսակովային

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ այսօր բողոքի լուռ ակցիա են իրականացրել Հայաստանում Բելառուսի դեսպանատան մոտ` պահանջելով Բելառուսի իշխանություններից ազատ արձակել նախագահական ընտրություններից հետո այդ երկրում տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաների պատճառով ազատազրկված բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում` Ֆորումի Բելառուսի գործընկերներ Անդրեյ Յահորաուին, Իրինա Սուխիին և Ստանիսլավա Հուսակովային:

«Մենք այս ակցիան այստեղ իրականացնում ենք ի համերաշխություն մեր ազատազրկված գործընկերների եւ մեր պահանջն է, որ Բելառուսի իշխանությունը անհապաղ ազատ արձակի իրենց հավաքների ազատությունը իրացնող քաղաքացիներին, այդ թվում` մեր գործընկերներին: Այս փուլում ավարտելու ենք լուռ ակցիայով: Եթե մեր գործընկերները ազատ չարձակվեն, մենք կինտենսիվացնենք մեր գործողությունները»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊ համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը:

Նա նշել է, որ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ 6 պետություններիԱլԳ  քաղհասարակությանֆորումի անդամ ազգային պլատֆորմների ներկայացուցիչները այս օրերին նույն պահանջով բողոքի ակցիաներ են մեկնարկում. արդեն բողոքի ակցիաներ են անցկացվել Վրաստանում եւ Մոլդովայում:

Անդրադառնալով Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին Հայաստանի իշխանությունների արձագանքին` Հակոբյանը նշել է, որ նրանց արձագանքը համարժեք չէ:

«Կցանկանայինք, որ Հայաստանի իշխանությունները ավելի ուշադիր հետեւին Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին եւ ավելի համարժեք արձագանքեին»,- նշել է Հակոբյանը:

ԻԵՄ-ի ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանն էլ նշել է, որ

Մարդու իրավունքների պաշտպանության հարցերը առանձին վերցրած պետությունների խնդիրներ չեն:

«Այսօր Պլատֆորմի ակցիան հենց այն մասին է, որ նմանատիպ հարցերը դուրս են միայն առանձին պետության որոշելու տիրույթում գտնվող հարցերից, որովհետեւ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար պայքարող անձինք եւ կազմակերպությունները աջակցություն ունեն ոչ միայն այլ երկրներում գործող իրենց գործընկերների կողմից, այլեւ` միջազգային մակարդակում:

Սա շատ կարեւոր, խորհրդանշական, գործնական եւ արդյունավետ քայլ է»,- նշել է Եգորյանը:

Նրա խոսքով, այս պահին կարեւոր է այն, թե ինչ արձագանք ու դիրքորոշում է ձեւավորվում Բելառուսում տեղի ունեցողի վերաբերյալ:

«Բելառուսի իշխանության վերաբերմունքն ու գործողությունները առանձին գնահատման հարց են` կախված նրանից, թե ինչ հետեւություններ կանեն, բայց այս պահին որեւէ քայլ, որեւէ խնդրի արծարծում որեւէ մակարդկում` ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին կարեւոր է ոչ թե այն տեսանկյունից, թե ինչ ազդեցություն կունենա, այլ այն տեսանկյունից, որ դա պե՛տք է լինի եւ գնալով պետք է ավելի մեծ մասշտաբ հավաքի»,- նշել է Եգորյանը:

Հիշեցնենք, որ օրերս Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն հայտարարությամբ էր հանդես եկել` Մինսկում ԱլԳ ՔՀՖ անդամների ձերբակալության վերաբերյալ:

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեն կոչ էր արել Բելառուսի իշխանություններին

«անմիջապես ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, խաղաղ ցույցերին բերման ենթարկված եւ առեւանգված բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ Ֆորումի գործընկերներին, անհապաղ դադարեցնել իրավապահ մարմինների կողմից բռնությունը եւ բռնաճնշումները՝ բռնություն գործադրած հանցագործներին ենթարկելով պատասխանատվության, Բելառուսի Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 9-ին կայացած ընտրությունների արդյունքները ճանաչել անվավեր` բազմաթիվ խախտումների եւ կեղծիքների պատճառով, սկսել երկխոսություն Բելառուսի Հանրապետությունում անօրինական իշխանությունը պահող մարդկանց եւ Սվետլանա Տիխանովսկայայի ու նրա՝ իշխանության խաղաղ փոխանցման համար նշանակված ներկայացուցիչների միջեւ»:

Հայտարարության հեղինակները նաեւ կոչ էին արել միջազգային հանրությանը համերաշխություն հայտնել Բելառուսի ժողովրդին եւ օգնել նրանց՝ ապահովելու երկրում մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարգումը եւ ազատելու բոլոր ապօրինի ձերբակալվածներին:

Հայտարարությունը ստորագրել էին Ղեկավար կոմիտեի անդամներ Զաուր Աքբարը (Ադրբեջան), Օլգա Չիժովան (Էստոնիա), Ինա Կոչերուն (Մոլդովա),

Լուսինե Հակոբյանը (Հայաստան), Միքայել Հովհաննիսյանը (Հայաստան),

Շահլա Իսմայիլը (Ադրբեջան), Մաքսիմ Կորիավեցը (Ուկրաինա), Միկալայ Կվանտալիանին (Բելառուս), Նաթիա Կուպրաշվիլին (Վրաստան), Ադրիան Լուպուսորը (Մոլդովա), Տատյանա Մարիանը (Մոլդովա), Սոֆյա Սթրայվը (Շվեդիա), Յուրի Վդովենկոն (Ուկրաինա):