Դատական բարեփոխումների առումով մնում ենք այնտեղ, որտեղ էինք հեղափոխությունից հետո. Լուսինե Հակոբյան

«Իշխանության մեջ ամեն մեկն իր չափով բոլորն էլ պատասխանու են այս իրավիճակի համար. մեկը այն չափով, որ ապակողմնորոշում եւ ասում է` այդ բարեփոխումները այսպես, կամ կարճ ժամկետում հնարավոր չէ իրականացնել, մյուսը` կոնկրետ վարչապետը, մտածում է, որ այո, երեւի այդ թեզերը ճիշտ են, միգուցե անհնար է, միգուցե պետք է թողնել այդ մարդիկ ուշքի գան, բայց փորձն այլ բան է ցույց տալիս, եւ, միեւնույն ժամանակ, այս իրավիճակին վարչապետի կողմից չի տրվում սթափ գնահատական:

Մյուս կողմից ԱԺ-ն, որն այնքան էլ լուրջ չի վերաբերվում դատական համակարգի բարեփոխումներին, եւ եթե Արդարադատության նախարարությունից այդ նախաձեռնությունները չեն գալիս, միգուցե ԱԺ-ն կարող էր նախաձեռնողականությունն իր ձեռքը վերցնել: Բայց այստեղ էլ տեսնում ենք, որ դա չի կատարվում, հետեւաբար, դատական բարեփոխումների առումով մնում ենք այնտեղ, որտեղ էինք 2018-ի հեղափոխությունից հետո. այսինքն, ոչ մի առաջընթաց չունենք այս ասպարեզում»,- այդ մասին 1in.am-ին տված հարցազրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար արված առաջադրումներին` Հակոբյանը նշել է, որ իրավապաշտպան հանրությունը բազմիցս քնադատել է թեկնածուների վերջին ընտրությունը:

«Եւ Երվանդ Խունդկարյանի եւ մյուս թեկնածուների վերաբերյալ կա քննադատության մեծ ալիք: Գուցե այդ ալիքը այնքան մեծ չէ, որքան էր Վահրամ Ավետիսյանի առաջադրման ժամանակ, երբ կառավարությունն առաջին անգամ էր իր առաջադրումն անում եւ հանրությունը շատ բուռն կերպով զարմացավ, որ կառավարության ընտրությունը կանգ էր առել այդ թեկնածուի վրա: Զարմանքն էլ միգուցե նաեւ բթանալու հատկություն ունի, եւ հանրությունն այլեւս այդքանն էլ չի զարմանում առաջադրված թեկնածուներից եւ գնալով հույսը կտրում է, որ ի վերջո դատարանակազմական մարմինները կարող են արժանավոր եւ ողջամիտ թեկնածուներ առաջադրել»,- նշել է Հակոբյանը:

Հակոբյանն անդրադարձել է նաեւ այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ մեղադրյալներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը մի կողմից առողջական խնդիրների վրա հղում անելով` ձգձգում են իրենց գործերով դատավարությունները, բայց մյուս կողմից ակտիվ շփումների մեջ են դրսում գտնվելու ժամանակ, առանց դիմակների հանդիպումներ են անցկացնում, ակտիվ կյանք վարում. արդյո՞ք խնդիրը դատական համակարգի մեջ է:

Հակոբյանի խոսքով, նաեւ դատական համակարգում է խնդիրը, քանի որ հասկանալի է, որ սրանք զգայուն գործեր են, եւ դրանցով ամբաստանյալները այդպիսի վարքագիծ պիտի դրսեւորեն, մանավանդ, որ բոլորին քաջ հայտնի է վերջիններիս բարոյական կերպարը:

«Այո, դատարանը պետք է իրականացնի ստուգում եւ նոր միայն որոշումներ կայացնի, որովհետեւ արդեն իսկ տարբեր դատավարություններով, որտեղ ներգրավված են Քոչարյանը, Սարգսյանը եւ այլ պաշտոնյաներ, մենք տեսնում ենք այդ դատավարությունները ձգձգելու միտում, եւ հասկանալիորեն պատճառներն անընդհատ տարբեր են:

Այո, անձինք պետք է ունենան արդար դատաքննության իրավունք, եւ սա առաջին հերթին մեղադրյալներին է վերաբերում, բայցեւայնպես այդ դատավարությունները պետք է ընթանան ողջամիջ ժամկետներում, եւ այդ իրադարձությունների ժամանակ տուժած անձինք, կոնկրետ Քոչարյանի դեպքում` նրանց իրավահաջորդները, պետք է զգան, որ Հայաստանում արդարադատություն իրականացվում է: Բայց այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ այդ զգացումը որեւէ մեկը չունի, եւ լայն հանրության մոտ տպավորություն է, որ այս ամենը ուղղակի ֆարսի է վերածվել եւ այլեւս քիչ հույս կա, որ արդարադատություն կիրականացվի այս գործերով»,- նշել է Հակոբյանը:

Նրա խոսքով, դատական համակարգում կա մի խմբակ, որը դիմադրություն է դրսեւորում եւ կազմակերպում, սակայն բոլորը չեն, որ այդ դիմադրության մաս են: «Կարծում եմ, որ շատերը իշխանության անվճռականությունից թեւաթափ եղած մտածում են, որ այսպես ասած` իրենց անշառ գլուխը շառի տակ չդնեն, եւ քանի որ այս դատավարություններում ամբաստանյալների դեմ որոշում կայացնելն, այսպես ձեւակերպենք` բավական խնդրահարույց կարող է լինել ե՛ւ դատավորների, ե՛ւ դատախազների, ե՛ւ տարբեր այլ գործող անձանց համար, եթե իսկապես լինեն քաղաքական փոփոխություններ, ուստի, այդ մարդիկ կամաց-կամաց կորցնում են դատավարությունները ճիշտ հունով վարելու համարձակությունը»,- նշել է Հակոբյանը:

Խոսելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքից ունեցած ակնալիքներից` Հակոբյանը նշել է, որ այս գործընթացն էլ ինչ-որ մի օր հանգելու է այն կետին, որ գործերը գնալու են դատարաններ, եւ եթե մենք ունենք այս իրավիճակը, եթե այս նույն դատավորներն են քննելու, ապա այս նույն դատավարություններին ենք ականատես լինելու:

Հակոբյանն անդրադարձել է նաեւ Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանները միավորելու եղանակով Գերագույն դատարան ստեղծելու իշխանությունների մտադրությանը: Նա նշել է, որ դրական է վերաբերվում այդ գաղափարին, բայց հարցը լայն քննարկման կարիք ունի:

«Թեզերը լավն են, առնվազն միավորման գաղափարի առումով, բայց դա մասնագիտական հանձնաժողովի որոշելիքը չէ, դա այս փուլում պետք է դրվի հանրային լայն քննարկման, որպեսզի լինի կարծիքների բախում: Օրինակ` հենց այս նույն տաղավարում մեկն ասում էր` դա սխալ է, որովհետեւ սահմանադրական արդարադատությունն առանձին մասնագիտացում է, ինչի հետ ես համաձայն չեմ, բայց այս բոլոր կարծիքները պետք է հնչեն, հերքվեն կամ հաստատվեն: Նաեւ հանրությանը պատշաճ կերպով պետք է իրազեկեն, որպեսզի հանրությունն էլ կարողանա իր կարծիքը հայտնի: Ես համաձայն չեմ այն տեսակետների հետ, որ սա պետք է մի խումբ «մասնագետների» որոշելիքը լինի, թե ֆիզիկոսը չպետք է կարծիք հայտնի սրա մասին: Եթե այդ դատողության թելն ընդունենք, ապա նույն կերպ կարող ենք ասել, որ մեր վարչապետն էլ լրագրող է, ուրեմն, պետք է պետության կառավարմամբ չզբաղվի: Հետեւաբար այդ թեզերը սնանկ են»,- նշել է Հակոբյանը: