ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԿԱՌՉԱԾ ՄՆԱՆՔ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻՑ. ՏԻԳՐԱՆ ԵԳՈՐՅԱՆ

«Առհասարակ, Սահմանադրական դատարանը Հայաստանի նորանկախ հանրապետության համար անցումային լուծում էր: Ցավոք սրտի, սրա մասին շատ չի խոսվել, այդ կոնցեպտի առանցքային հեղինակներից երկուսն այժմ չկան:

Եթե ամեն ինչ օրինաչափ եւ ճիշտ, կանխատեսված զարգացումներով ընթանար, ապա ՍԴ-ի ստեղծումից`1995-ից հետո, մոտավորապես 15 տարի անց, մենք պետք է ունենայինք անդրադարձ մեր այսօրվա քննարկմանը, այնպիսի միավորված մոդելի ձեւավորմանը, որը կապահովեր վեճերի արդյունավետ, արագ եւ մատչելի լուծում»,- այդ մասին «Սիվիլնեթ»-ի եթերում հայտարարել է ԻԵՄ-ի ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը` Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների միավորմամբ` Գերագույն դատարան ստեղծելու իշխանությունների նախաձեռնության վերաբերյալ առցանց քննարկման ժամանակ:

Եգորյանը նշել է, որ համաձայն է հնչող այն տեսակետների հետ, որ այդ հարցում չափազանց շատ են ընթացակարգային եւ կառուցակարգային խնդիրները, որոնք առաջիկայում պետք է շատ մանրամասն քննարկվեն, բայց միանշանակ է, որ այս երկու դատարանների միավորումը հնարավորություն կտա մեր առջեւ ծառացած խնդիրների ամենաարագ լուծմանը:

«Նույնիսկ եթե այդ նոր համակարգը կարողանա կոնկրետ վեճ սպասարկել ենթադրենք` 2 տարում, ապա այսօրվա գործող համակարգը այդ վեճը 2 տարում լուծելու հնարավորություն եւ պոտենցիալ չունի, որովհետեւ այդ վեճերի լուծման հարցը այսօրվա պարագայում իր ընթացքում մի քանի անգամ բեկման հնարավորություն ունի, ինչը չափազանց մեծ շռայլություն, անորոշություն եւ մեծ տուրբուլենտություն է առաջացնում իրավական եւ ժողովրդավարական պետության բովանդակության տեսանկյունից:

Մարդու իրավունքն այս պայմաններում շատ հարաբերական պաշտպանության հնարավորություններ ունի: Ուստի, ես, իհարկե, կողմնակից եմ միավորմանը, կարծում եմ, որ շուտ պետք է հասնեինք սրան, բայց ցավոք սրտի, մեր պատմա-քաղաքական իրողություններն այնպիսին էին, որ մենք միայն այսօր ենք  կարողանում անդրադառնալ այս հարցին:

Իսկ բոլոր այն պնդումները, թե այդպիսով գործող համակարգերը քանդվում են, կամ որ այդ համակարգերը ապացուցել են իրենց ինչ-որ արդյունավետությունը, սրանք փաստարկներ չեն: Այո, ցանկացած գործողություն ինչ-որ աստիճանի, ինչ-որ առումով ինչ-որ կետում ինչ-որ արդյունավետության աստիճան ունի, բայց ինչի՞ մասին է խոսքը: Եթե այսօր մեր հայ իրավաբանական ներուժը բավարարում է գիտակցելու, որ կան խնդիրներ, բավարարում է ախտորոշելու այդ խնդիրները եւ զարգացնելու այնպիսի կոնցեպտներ եւ համակարգեր, որոնք ավելի արդյունավետ կլուծեն այդ խնդիրները, ինչո՞ւ պետք է մենք կառչած մնանք եղած կոտրած տաշտակից»,- նշել է Եգորյանը:

Ինչ վերաբերում է Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների միավորման պարագայում դատավորների հնարավոր մեծ լիազորությունների հարցին, ապա, Եգորյանի խոսքով, այսօր եւս դատավորները պարտավոր են գնահատել իրենց կողմից կիրառվող օրենքի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Ալ հարց է, որ դատական այս իշխանության տեւական եւ շարունակական դեգրադացման հետեւանքով այդ իշխանությունից վերցվել է այդպիսի քայլի դիմելու ոչ միայն գործնական հնարավորությունը, այլեւ` երեւակայությունը:

«Իսկ գործնականում, եթե նույնիսկ որոշ դատավորներ ունենում են նման խիզախություն (ինչն այս վերջերս ավելի շատ է դրսեւորվում), ապա նրանք, այդուհանդերձ, պետք է դիմեն ՍԴ եւ հնարավորություն չունեն այդ պահին ինքնուրույն հասանելի դարձնել իրենց վստահված արդարադատության իրականացումը:

Սա խոսում է այն մասին, որ դատական իշխանությունը այսօր եւս խոր ճգնաժամի մեջ է հենց իրավունքի պաշտպանության, արդարադատության իրագործման իր առանցքային առաքելության առումով»,- նշել է Եգորյանը:

Ըստ նրա, այս փորձը հնարավորություն է տալու ավելի կենտրոնանալ այդ առաքելության վրա եւ հստակ ընթացակարգերով պարտադրել այդ առաքելությունը այդպիսի գործառույթ ունեցող եւ ստանձնած դատավորներին:

«Երբ խոսում ենք դատական իշխանության մասին, դժվար է այդ իշխանությունն անվանել մարմին, որին տրվում են իքս կամ անսահմանափակ թվով լիազորություններ, որովհետեւ այդ հակակշիռների զսպման մեխանիզմները, կամ վերստուգման, վերաքննարկման հարցերը կարգավորված են հենց դատական իշխանության եռաստիճան համակարգ ունենալու կոնցեպտով:

Եւ խնդիրները որեւէ կերպ չեն լուծվում Սահմանադրական` առանձին, կամ էլիտար դատարան ունենալու կոնցեպտով:

Ուստի, ինձ համար հասկանալի չէ, թե ինչպես է այս կոնցեպտը զսպում դատական իշխանությանը` կոնկրետ իշխանության իրականացման ծավալների առումով:

Որեւէ կերպ այդպիսի զսպում տեղի չի ունենում, որովհետեւ ՍԴ-ն ինչ-որ առանձին իշխանության ճյուղ չէ, եւ, ի վերջո, Գերագույն դատարանը ունենալու է այն նույն ֆունկցիաները, որոնք այսօր ունի ինչպես Վճռաբեկ, այպես էլ` Սահմանադրական դատարանները: Այսինքն, մեծ հաշվով այդ իշխանության ծավալի փոփոխություն տեղի չի ունենալու: Եւ ավելին, այն ավելի ապակենտրոնացվելու է, որովհետեւ եթե այսօր այդ ահռելի իշխանությունն իրականացնում է 9 դատավոր, ապա ԳԴ-ի պարագայում խոսքը 9 դատավորների մասին չի լինելու»,- նշել է Եգորյանը:

Քննարկմանը մասնակցում էին նաեւ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներ` ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանն ու իրավաբան Արսեն Թավադյանը: