Ֆորմալիստական ստանդարտների կուրորեն կիրառման հետեւանքով կապահովենք նախորդ արատավոր համակարգի կողմից աճեցված կադրերի վերածնունդը. Տիգրան Եգորյան

«Սահմանադրական դատարանի հեղինակությունը բարձրացնելու համար պետք է կոնկրետ գործողություններ իրականացննել, եւ դրանք օրենսդրական փոփոխությունների մակարդակի գործողություններ չեն զուտ: Անկախ նրանից, թե օրենքի որակն ինչպիսին կլինի, շատ էական է Սահմանադրությամբ եւ ՍԴ մասին օրենքով սահմանված չափանիշների ճիշտ, կոնտեքստային, լայն մեկնաբանությունը:

Մեծ հաշվով, դրանք երկու կարեւորագույն ստանդարտեր են` մասնագիտական բարձր որակները եւ անձնական, բարոյական բարձր հատկանիշները: Ընդ որում, համաձայն չեմ այն կարծիքների հետ, թե դրանք չափելի չեն, դրանք չափելի են. դրա չափման համար կան ստանդարտներ, որոնք գործում են կայացած ժողովրդավարությամբ պետություններում եւ ընդամենը պետք է դրանք մանրակրկիտ ուսումնասիրել եւ հասկանալ, թե ինչպես է պետք գնահատել»:

Այդ մասին  «Մեդիա Կենտրոն»-ում 2020թ. օգոստոսի 14-ին կայացած «Սահմանադրական դատարանի հանդեպ հանրային վստահության վերականգնում. հնարավո՞ր է» թեմայով առցանց քննարկման ժամանակ հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը:

Եգորյանը նշել է, որ տպավորություն կա, թե 2018-ին մեկնարկած հեղափոխական գործընթացը այս հարցում այսօր կարծես որոշակիորեն դանդաղել, կամ գուցե` հապաղել է:

«Դա ենթադրում էր այս չափանիշների հանդեպ այնպիսի խորքային մոտեցումներ, որոնք կբացառեն դրանց նկատմամբ ֆորմալիստական, լեգիստական ընկալումները: Օրինակ` եթե մենք 2018 թվականի նախորդող ժամանակահատվածում ունեցել ենք պետական կառավարման համակարգի մի այնպիսի ֆորմացիա եւ հասարակությունում ձեւավորված այնպիսի արատավոր գործընթացներ, որոնք չեն ապահվել ինչպես անհատական իրավունքների, այնպես էլ` քաղհասարակության զարգացումը, ապա այսօր այդ ֆորմալիստական ստանդարտների կուրորեն կիրառման հետեւանքով հետհեղափոխական շրջանում կապահովենք նախորդ արատավոր համակարգի կողմից աճեցված կադրերի վերածնունդը, որոնք նորից մեր պետական համակարգը վերածելու են այն նույն արատավոր համակարգի, որը կար նախորդ 20 տարիներին»,- նշել է Եգորյանը:

Որպես օրինակ Եգորյանը մատնանշել է Վահրամ Ավետիսյանին կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելը:

«Կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել մի անձի, որը պետական բարձր պաշտոն զբաղեցնելու ժամանակ օրենքով սահմանված սահմանափակումներից խուսափելու նպատակով` դիմել է կեղծ գործարքների, եւ դա արել է ֆինանսական եկամուտներ ստանալու եւ դրանք քողարկելու նպատակով: Սա մարդու անձնական հատկանիշ է, որը նա դրսեւորելու է ցանկացած տեղում, որտեղ էլ հայտնվի, որովհետեւ դա ինքն է: Ուստի, այստեղ մենք կարիք չունենք բարդ ֆորմուլաների` հասկանալու համար, որ երբ մենք ձգտում ենք բարձրացնել ՍԴ հանդեպ հանրային վստահությունը, մենք չենք կարող ՍԴ բերել մի դատավորի, որն իր մասնագիտական կարողությունները կեղծիքի միջոցով օգտագործել է օրենքը շրջանցելու նպտակով»,- նշել է Եգորյանը:

 

Նրա խոսքով, հանրային վստահության առումով կարեւոր է նաեւ ոչ միայն թեկնածուների անձնական եւ մասնագիտական որակները, այլեւ` հենց դատավորների թեկնածուների ընտրության հարցը:

«Խնդիր է նաեւ այն ընտրական գործընթացը, որով ընտրվում են թեկնածուները: Եթե ընտրության պրոցեսը ստվերային է, ապա անկախ նրանից, թե կընտրվի՞ լավ թեկնածու, թե՞` ոչ, արդեն իսկ ստվերվելու է ՍԴ հեղնակությունը, քանի որ եթե մենք խոսում ենք անորակ եւ որակյալ թեկնածուների միջեւ ընտրության խնդրից, ապա կա նաեւ այլ հարթություն` որակյալ եւ արժանի թեկնածուների միջեւ ընտրության հարցը:

Եթե մենք կարողացանք դուրս բերել անպիտան թեկնածուներին, ապա լավ թեկնածուների միջեւ ընտրության գործընթացը եւս պետք է լինի հավասարության արդարության, եւ թափանցիկության ստանդարտներին համապատասխան: Հակառակ պարագայում, առաջանում են ստվերային համաձայնությունների վերաբերյալ կասկածներ, իսկ դա վնասում է ինչպես այդ թեկնածուների` ապագա դատավորների, այնպես էլ Սահմանադրական դատարանի հեղինակությանը»,- ասել է Եգորյանը:

Վստահության վերականգնման երրորդ բաղադրիչը Եգորյանը համարել է հենց Սահմանադրական դատարանի գործունեությունը:

Այս հարցում, նրա խոսքով, արդեն նոր ձեւավորված կազմը մեծ անելիք ունի. կան եւ օրենսդրական փոփոխությունների խնդիրներ, եւ մասնագիտական այնպիսի որակների դրսեւորման խնդիր, որը պետք է հանգեցնի Դատարանի`  Սահմանադրությամբ ֆիքսված առաքելության վերականգմանը, ինչից ՍԴ-ն մինչ օրս բավական հեռու է եղել, եւ նախընտրել է հանդես գալ որպես «առանց խորանալու դակող մի ատյան»:

Եգորյանը անդրադարձել է նաեւ Սահմանադրական դատարանը որոշ ժամանակ անց ընդհանրապես վերացնելու եւ Գերագույն դատարան ստեղծելու իշխանությունների մտադրությանը. փաստաբանը նշել է, որ իր բարձրաձայնած խնդիրները առանցքային են ցանկացած մոդելի ներդրման պարագայում:

«Անկախ նրանից, թե որ մոդելն է գործում, վստահությունը, հանրային հեղինակությունը եւ դրանց բոլոր բաղադրիչները շարունակում են մնալ նույնը, նույնն են մնում այդ խնդիրների լուծման մեխանիզմները եւ գործիքակազմը»,- նշել է Եգորյանը:

Եգորյանի խոսքով, ամեն ինչ դեռ կորսված չէ, եւ ինքը չի համարում, որ ՍԴ հեղինակության վերականգնման համար այլեւս որեւէ հնարավորություն չկա:

«Դա հնարավոր է առնվազն այս 3 թափուր տեղերում նոր դատավորների  համալրման մասով, որոնք ի զորու կլինեն այդ զարգացման կամքը թելադրել ներսում»,- նշել է Եգորյանը` հավելելով, որ դրա համար էական է այս պրոցեսներում մասնագիտական շրջանակների եւ քաղհասարակության ակտիվ ներգրավումն ու «ճնշումը»:

Եգորյանի խոսքով, ինքը հավատում է, որ իշխանությունն այս հարցում ցանկանում է գնալ ժողովրդավարական զարգացումների ճանապարհով, իսկ հապաղումները գուցե պայմանավորված են եղել ընթացիկ անփորձությամբ, կադրային կամ այլ խնդիրներով:

«Կարծում եմ` ի վերջո, մենք կարողանալու ենք սթափվել, եւ այդ երեք թափուր տեղերը լրացնել որակյալ, հեռանկարային եւ առաջիկա 12 տարիների ընթացքում ժողովրդավարական փոփոխություններ բերելու պոտենցիալ ունեցող թեկնածուներով»,- նշել է Եգորյանը:

Հավելենք, որ առցանց քննարկման մյուս բանախոսներն էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող  Դանիել Իոաննիսյանը: