Ո՞Վ, ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՒ ՈՐՏԵՂԻ՞Ց Է ՊԵՂՈՒՄ ԿՈՆԿՐԵՏ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ. ՏԻԳՐԱՆ ԵԳՈՐՅԱՆ

«Այդ տեսակետը շրջանառության մեջ է դրվել մանիուլյատիվ նպատակով, այդպիսի բան չկա, թե ում թեկնածությունն էլ առաջադրվի որպես ՍԴ դատավոր, մեծ հակամարտություն է առաջանալու:

Սա կեղտոտ մանիպուլյացիա է, որը անում են կոնկրետ մարդիկ: Այդպես ասողները փորձում են ոչ թե գտնել այնպիսի արժանի թեկնածուների, ովքեր ավելի մեծ հավանության կարժանանային, այլ փորձ է արվում ստվերային նպատակերի, շփումների կամ պայմանավորվածոթյունների արդյունքում բերված թեկնածունների դեմ ընդդիմությունը խեղդել, կամ պիտակավորել»,- այդ մասին 1in.am-ի հետ զրույցում հայտարարել է  ԻԵՄ-ի ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը` անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորների թափուր 3 տեղերի համար Կառավարության, Նախագահի եւ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից վերջին առաջադրումներին:

Եգորյանի խոսքով իրականում, դա իրավաբանական համայնքի ամբողջ ներուժը չէ, կան մարդիկ, ովքեր մասնագիտական եւ անձնական կյանքով, քաղաքացիական դիրքորոշումներով սկզբունքային են եղել եւ նրանց կենսական շահերը եղել են բացառապես ՀՀ-ում:

Այդ դեպքում ինչո՞ւ են առաջադրում այնպիսի անձանց թեկնածությունները, որոնց շուրջ մեծ աղմուկ է բարձրանում:

«Գործընթացները ստվերային են, եւ այդ դեպքում մենք մեծ հնարավորություն չունենք դիտարկելու, թե ինչպիսի շահերի բալանս է ձեւավորվում կոնկրետ ֆունկցիոներների համար, ո՞վ, ինչի՞ համար եւ որտեղի՞ց է պեղում կոնկրետ թեկնածուների եւ ի՞նչ շահագռգռվածություն ունի նրանց առաջ մղելու եւ մյուսներին փնովելու հարցում»,- հայտարարել է Եգորյանը:

Եգորյանն առանձին անդրադարձել է Նախագահի եւ ԴԸԺ-ի կողմից առաջադրված, եւ կառավարության կողմից հնարավոր առաջադրվելիք թեկնածուներին:

«Այսօր ակտիվորեն քննարկվում է Կառավարության կողմից Էդգար Շաթիրյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու հնարավորությունը:

Նա 2015 թվականից մինչեւ Կոռուպցիայի կանխարգելման մարմնի ձեւավորումը եղել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ, կարճ ժամանակ հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար էր, դրանից հետո ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, եւ հանձնաժողովի նախագահ չընտրվելուց հետո հանձնաժողովի անդամների կողմից նրան հայտնված անսվտահության արդյունքում հրաժարական է տվել` իր գործունեությունը ոչ արդյունավետ համարելով; Այդ մասնագետ իրավաբանը, Կառավարության հնարավոր թեկնածուն, 2015 թվականից բավական հարմար եւ անաղմուկ գործունեություն է ծավալել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում, որը պետք է զբաղվեր եւ ենթադրաբար զբաղվել է  բարձրաստճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի, նրանց ֆինանսական թափանցիկության, կամ այդպիսի անթափանցության բացահայտման գործով, այդ թվում նաեւ` դատավորների: Բայց երբ նայում ենք 2018 թվականին նրանց հրապարակած նախորդ մի քանի տարվա վերաբերյալ վերլուծությունները` տեսնում ենք, որ դատավորների վերաբերյալ կարծես ոչինչ չկա:

Մեծ հաշվով, այդ հանձնաժողովը եւ դրա կազմում աշխատած Շաթիրյանը որեւէ խնդիր չեն դիտարկել, որի կապակցությամբ Շաթիրյանը բարձրաձայնելու անհրաժեշտություն կզգար եւ միգուցե կպատմեր հանրությանը, որ իր աշխատանքը անարդյունավետ է եղել այդ հանձնաժողովում: Փոխարենը տեղեկանում ենք, որ նա անարդյունավետ է համարել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իր` որպես շարքային անդամի աշխատանքը եւ պատմում է մեզ, որ իր նկատամամբ կա նաւեւ անվստահություն»,- նշել է Եգորյանը:

Նա հավելել է, որ այդ անվստահությունն, ըստ էության` Շաթիրյանի` Էթիկայի հանձնաժողովում աշխատանքի վերաբերյալ էր, ուստի եւ անհասկանալի է, թե այս պարագայում ինչը՞ կարող է ստիպել կառավարությանը առաջադրել այս անձնի թեկնածությունը Բարձր դատարանի դատավորի պաշտոնում:

Հասկանալի չէ, թե նրա հատկապես ո՞ր արժանիքի կամ մասնագիտական  ինչիպիսի գործունեության համար կառավարությունը պիտի ցանկանա նրան տեսնել նաեւ ՍԴ-ում:

«Հույս ունեմ, որ նրա ընտրվելու շանսերը ԱԺ-ում բավականին ցածր կլինեն»,- ասել է Եգորյանը` շեշտելով, որ դա շատ կարեւոր է հատկապես հաշվի առնելով, թե մինչ այդ ում էր Կառավարությունն առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու:

«Կառավարությունը մինչ այդ առաջադրել էր Վահրամ Ավետիսյանին. մի մարդու, որն իր քաղաքական չեզոքությունը փորձում էր հիմնավորել 2008 թվականից ընտրություններին չմասնակցելով: Բայց դրա հետ մեկտեղ նա մեզ պատմում էր,  որ ինքը ժողովրդավարական ընտրությունների հետ կապված տարբեր ծրագրերի եւ գործըթացների է մասնացկել:

Նախագահն առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, որին մեկ տարի առաջ նույն ԱԺ-ն արդեն չի ընտրել ՍԴ դատավոր: Վաղարշյանը դոկտոր, պրոֆեսոր է, իրավաբան-գիտնական, գրել է գրքեր, հոդվածներ եւ այլն, բայց այստեղ էլ աժանապատվության հարց կա. ի՞նչ ես մոռացել պատմել նույն ԱԺ-ում մոտ մեկ տարի առաջ, կամ ի՞նչ է տեղի ունեցել այս վերջին մեկ տարվա ընթացքում քո կյանքում, որ կարծում ես, թե դրա արդյունքում շեշտակի  փոխվելու է վերաբերմունքը քո նկատմամբ:

Կամ ԴԸԺ կողմից առաջադրված թեկնածու Երվանդ Խունդկարյանը. նրա վերաբերյալ եւս շատ հրապարակումներ են եղել: Եւ եթե մենք հարցը դիտարկենք վարչապետի քաղաքական դիրքորոշումների տեսանկյունից, ապա նա հենց այն թեկնածուն է, որին այսօրվա դատական իշխանությունը կարող էր առաջադրել: Բայց այստեղ ոչ պակաս կարեւոր է այն, թե ինչպես են անցել այդ ընտրությունները եւ քվեարկությունը:

Սա շատ ավելի մեծ պրոբլեմ է, քան ինքը` թեկնածուն: Այն, որ 200 դատավոր կարող են այնպիսի քվեարկություններ իրականացնել, որոնցում մեծ թվով անվավեր, կամ ավել քվեաթերթիկներ կհայտնվեն, ըստ էության, այն ճգնաժամի փաստումն է, որի մասին երկար ժամանակ խոսվում էր»,- նշել է Եգորյանը:

Նրա խոսքով, ի վերջո, ՍԴ ճգնաժամի լուծման, Հայաստանում դրա ժողովրդավարական լեգիտիմության եւ ժողովրդավարական արժեքների ու գործընթացների զարգացման երազանքը դժվար է պատկերցնել, որ պետք է կապվեր օրինակ` Վահրամ Ավետիսյանի, Էդգար Շաթիրյանի, Արթուր Վաղարշյանի կամ Երվանդ Խունդկարյանի հետ: