Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

Չի կարելի եղած պղտոր ջրհորի ջրերով փորձել նոր ջրհոր լցնել. Լուսինե Հակոբյան

«1in.am»-ի տաղավարում «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանն ու Իրավաբանների հայկական ասոցիացայի նախագահ Կարեն Զադոյանը քննարկել են Արդարադատության նախարարության ներկայացրած Հակակոռուպցիոն դատական համակարգի ներդրամանն ուղղված օրենսդրական փաթեթը:

Կարեն Զադոյանը ընդհանուր գծերով ներկայացրել է նախագծերի փաթեթի էությունը:

Լուսինե Հակոբյանը նշել է, որ թեեւ այդ փոփոխություններն ուղղված են դատական համակարգի առողջացմանը, այդուհանդերձ, ներկայացված փաթեթում կան որոշ խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան:

«Չի կարելի եղած պղտոր ջրհորի ջրերով փորձել նոր ջրհոր լցնել. այնտեղ կադրերի թարմացման լուրջ խնդիր կա: Եթե դատական համակարգը բոլոր կողմերից դիտարկվում է որպես խնդրահարույց, ապա այդ նույն համակարգից հնաբնակներ վերցնելով` չի կարելի փորձել ինչ-որ նոր բան կառուցել եւ ակնկալել, որ այդ նոր կառույցը կլինի արդյունավետ»,- նշել է Հակոբյանը:

ԻԵՄ նախագահը խնդրահարույց է համարել նաեւ փաթեթում առկա որոշ սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալու արժանավոր թեկնածուների հայտնվել Հակակոռուպցիոն առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարաններում:

Նախատեսվում է դատավորների համալրում տարբեր շերտերից` դատավորներից, փաստաբաններից, դատախազներից, անկախ շրջանակներից, սակայն հնարավոր թեկնածուները պետք է կարգապահական պատասխանատվության ենթարկված չլինեն:

Օրինակ` հնարավոր փաստաբան թեկնածուները պիտի կարգապահական տույժերի ենթարկված չլինեն իրենց աշխատանքային գործունեության վերջին 5 տարում:

«Սա խնդրահարույց կարգավորում է. ես 2011 թվականից զբաղվում եմ փաստաբանական գործունեությամբ, եւ այդ պահից ականատես եմ եղել, որ քաղաքական հնչեղություն ունեցող տարբեր գործերով փաստաբաններին նախկին ռեեժիմը փորձել է լռեցնել ու ճնշել, եւ այդ նպատակով որպես գործիք կիրառել է Փաստաբանների պալատը, որը, այսպես ասած, առավել ակտիվ, ըմբոստ փաստաբանների նկատմամբ սելեկտիվ եղանակով կիրառել է կարգապահական պատասխանատվության ինստիտուտը: Այսինքն, մի խումբ փաստաբաններ չեն որակվի այդպիսի կարգապահական տույժերի պատճառով»,- նշել է Հակոբյանը:

Նույն խնդիրը, նրա խոսքով, առկա է նաեւ դատական համակարգակում:

Հակոբյանը հիշեցրել է 2013 թվականին նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրպարակած զեկույցը, որտեղ անդրադարձ էր կատարված այն երկակի ստանդարտներին, որոնցով առաջնորդվում է դատական իշխանությունը` տարբեր դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելիս: Կամ, հենց վերջերս տեղի ունեցած նման սելեկտիվ մոտեցման այլ օրինակ. 1in.am-ի տաղավարում դեռեւս դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանի կողմից հնչեցված որոշ արտահայտությունների համար վերջինիս նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, իսկ ահա մեկ այլ դատավոր` Ալեքսանդր Ազարյանը իր հրապարակային խոսքում պարբերաբար դուրս է գալիս դատավորի համար նախատեսված զսպվածության սկզբունքի սահմաններից, սակայն որեւէ պատասխանատվություն դրան չի հետեւում:

«Նույնը տեղի է ունեեցել նաեւ քննչների, դատախազների պարագայում: Հետեւաբար պետք է լուրջ ուսումնասիրել, թեկուզ գործ առ գործ ուսումնասիրել` հասկանալու համար, թե արդյո՞ք առավել արժանավորները չեն զրկվի ՀԴ-ում հայտնվելու հեռանկարից»,- նշել է Հակոբյանը:

 

Նրա խոսքով, հաշվի առնելով նախկին իշխանությունների այս գործելաոճը եւ այն, որ Հայաստանում իշխանությունը փոխվել է ընդամենը 2 տարի առաջ, այս սահմանափակումների կիրառումը կարելի է հետաձգել, եւ կիրառել դրանք մի քանի տարի անց:

Միակ բացառությունն այս փուլում, ըստ Հակոբյանի, պետք է անել միջազգային դատարանների կողմից խախտումներ արձանագրած գործերով. այն դատավորներին, որոնք այդ խախտումների կատարմանը մասնակից են եղել, պետք է զրկել ՀԿ դատարանում հայտնվելու հնարավորությունից:

 

Հակոբյանը մատնանշել է նաեւ փորձագետների խնդիրը: Մասնավորապես, փաթեթով նախատեսված է փորձագետների ինստիտուտ, որոնք պետք է մասնակցեն հարցազրույցների ՀԴ անդամի թեկնածուների հետ, ապա իրենց կարծիքը ներկայացնեն ԲԴԽ-ին:

«Նախագծով սահմանվում է, որ փորձագետների կարծիքը խորհրդատվական բնույթի է եւ հաշվի կառնվի ԲԴԽ կողմից: Կարծում եմ, որ սա եւս լայն հայեցողություն է տալիս ԲԴԽ-ին` հաշվի չառնելու այդ փորձագետների կարծիքը: Կարծում եմ` առնվազն դիտորդական կազմակերությունների համար այդ եզրականություններն ու մնացած փաստաթղթերը պետք է հասանելի լինեն»,- նշել է Հակոբյանը:

Լուսինե Հակոբյանը հիշեցրել է նաեւ, որ Դատական համակարգի առողջացումը,  համակարգի անկախության եւ պրոֆեսիոնալիզմի ապահովումը մեր իշխանության պարտավորությունն է ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլեւ միջազգային գործընկերների, մասնավորապես, ԵՄ առջեւ, որի հետ Հայաստանը ստորագրել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններից է կոռուպցիայի դեմ պայքարը:

Նշելով, որ ինքը` որպես Համակարգող, ներկայացնում է նաեւ Արեւելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, (իսկ կոռուպցիայի դեմ պայքարը պլատֆորմի ռազմավարական նպատակների թվում է), Հակոբյանն ասել է, որ իրենք հետամուտ են լինելու այդ ուղղությամբ պետության ջանքերի մշտադիտարկմանը, եւ իրենց նպաստն են ունենալու այդ հարցում:

Exit mobile version