Խայտառակ ընտրություն է. Կոռուպցիայի հայր Դավիթ Ավետիսյանի փափկակենցաղ որդին չի կարող դառնալ ՍԴ դատավոր

Այսօր կառավարությունը որոշում կայացրեց Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։ Վերջինս իսկապես հանրությանը անհայտ թեկնածու է, որի թեկնածության վրա կառավարությունը թերևս կանգ է առել որպես մաքսիմում ապաքաղաքականացված թեկնածու՝ զերծ մնալով ավելորդ քննադատությունից։

Վահրամ Ավետիսյանը, ով ներկայումս ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է, գուցե հանրությանը անհայտ է, բայց նույն հանրությունը շատ լավ ճանաչում է նրա հայրիկին՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Զախարի Ավետիսյանին։

Դավիթ Ավետիսյանը հայտնի է որպես կոռումպացված, նախկին իշխանության կամակատար դատավոր։ Ավետիսյանը հանրության հիշողության մեջ հատկապես մնացել է Մարտի 1-ի գործերով վճիռները դակելով։ Դավիթ Ավետիսյանը եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, երբ անազատության է դատապարտվել նախկին քաղբանտարկյալ, ներկայումս Դանիայում և Շվեդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը՝ դատապարտվելով 5 տարվա ազատազրկման։ Ավետիսյանի վճռով 5 տարվա անազատության է դատապարտվել նաև Աշոտ Մանուկյանը, 6 տարվա անազատության է դատապարտվել Արամ Բարեղամյանը, որի վերաբերյալ վերջերս Վճռաբեկ դատարանը արդարացման դատական ակտ կայացրեց։

Անազատության են դատապարտվել եղբայրներ Գագիկ ու Վարդան Ջհանգիրյանները (3 տարի), Գրիգոր Ոսկերչյանը (2 տարի), Դավիթ Մաթևոսյանը (3 տարի), Ժորա Սափեյանը (2 տարի 6 ամիս), Կարեն Թարխանյանը (4 տարի), Հարություն Ուռուտյանը (7 տարի), Հակոբ Հակոբյանը (5 տարի), Մասիս Այվազյանը (1 տարի 6 ամիս), Մկրտիչ Սափեյանը (2 տարի), Մյասնիկ Մալխասյանը (5 տարի), Հայկ Գևորգյանը (1 տարի 6 ամիս), Պետրոս Մակեյանը (3 տարի)։

Վահրամ Ավետիսյանի հոր՝ Դավիթ Ավետիսյանի թեթև ձեռքով են անփոփոխ մնացել նաև նախկին քաղբանտարկյալ, ներկայումս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի վերաբերյալ 7 տարվա անազատության վճիռները։

Մինչդեռ հիշեցնենք, որ այս տարվա մայիս ամսին Վճռաբեկ դատարանը արդարացրեց այդ նույն անձանց։ Մասնավորապես, Մարտի 1-ի գործով տարիներ առաջ ազատազրկված 9 քաղբանտարկյալի՝ Արմեն Ավագյան, Մասիս Այվազյան, Կարեն Թարխանյան, Դավիթ Աղայան, Վարդան Ջհանգիրյան, Արման Շահինյան, Դավիթ Մաթևոսյան, Խաչիկ Գասպարյան, Սամվել Հարությունյան, իսկ Արամ Բարեղյամյանի մասով դիմումը բավարարվել է մասնակի։ Մեղադրական դատավճիռների դեմ բողոք էր ներկայացրել ՀՀ դատախազությունը։ Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո դատարանները նրանց մեղավոր էին ճանաչել տարբեր հոդվածներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրել, բռնությամբ զանգվածային անկարգությունների մասնակցել, Արամ Բարեղամյանի դեպքում նաև՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառել։

Փաստաբան, «Իրավունքի Եվրոպա» միավորում ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը չի ողջունում Դավիթ Ավետիսյանի որդու առաջադրումը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար։ Ավելին, այդ ընտրությունը համարում է խայտառակ։ Նրա խոսքով՝ արժեբանական հարց է սա, ու հետհեղափոխական Հայաստանում «կոռուպցիայի հայրերից մեկի որդին չի կարող դառնալ Սահմանադրական դատարանի դատավոր»։

«Դավիթ Ավետիսյանը կոռուպցիայի հայրերից է, եթե չասեմ՝ թիվ մեկ հայրն է եղել։ Իսկ նրա որդին իր կյանքը կերտել է իր հոր կոռուպցիոն գործարքների հիման վրա, կարիերան կերտել այդ կոռուպցիոն գումարներով և հիմա չի կարող կանգնել ու ասել, թե կապ չունի իր հոր հետ կամ չի իմացել, թե իր հայրը ինչով է զբաղվել։ Եթե նա կանգնի ու հայտարարի դա, գուցե այլ քննարկում ունենանք, բայց վստահաբար մեկը, որը որևէ բանով Հայաստանում աչքի չի ընկել՝ բացառությամբ նրա, որ իր հայրը պատասխանատու է քաղբանտարկյալների կյանքերի խորտակման համար, հայտնի կոռուպցիոներ է, վստահաբար չի կարող լինել Սահմանադրական դատարանի դատավոր։ Բոլոր խելացի իրավաբանները գիտեն, թե Դավիթ Ավետիսյանը ով է։ Քրեական իրավունքը նախատեսում է անձնական պատասխանատվության սկզբունքը: Քրեական իրավունքում յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր սեփական գործողությունների կամ անգործության համար, բայց սա արժեքների խնդիր է, արժեբանական խնդիր է, ու նման մեկը, որը պատասխանատու է մեր պետությունում տեղի ունեցած բազում հանցագործությունների համար, իր որդու համար փափկասուն կյանք ապահովելու համար, նրա որդուն հետհեղափոխական Հայաստանում բերեն ու կարգեն ՍԴ դատավո՞ր։ Այո, որդիները պատասխանատու չեն հայրերի արարքների համար: Բայց արդյոք հայտնի կոռուպցիոների այս փափկակենցաղ որդուն իրո՞ք չկար այլընտրանք մեր պետությունում։ Ես չեմ հասկանում։ Կրկնում եմ՝ սա խայտառակ ընտրություն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լուսինե Հակոբյանը։

Վահրամ Ավետիսյանը, հակառակը, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ պատրաստ է իր մասնագիտական ու մարդկային որակներն առավելագույնս ներդնել Սահմանադրական դատարանի հեղինակությունը բարձրացնելու համար։

Նշենք, որ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը դեռ պետք է քննարկվի և ընդունվի կամ չընդունվի Ազգային ժողովի կողմից։ Նա համարվում է կառավարության թեկնածուն։ ՍԴ դատավորի մեկական թեկնածու պետք է առաջադրեն նաև նախագահը և Դատարանների ընդհանուր ժողովը, որից հետո տեղի կունենա ընտրությունը՝ փակ գաղտնի քվեարկության միջոցով։