«Ըստ էության ՍԴ-ի անդամները դիմել էին ՄԻԵԴ-ին, որպեսզի նա կասեցի ԱԺ-ի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները։ Սա ՄԻԵԴ-ի դատական պրակտիկային ոչ հայտնի մի միջնորդություն էր, որն ի սկզբանե դատապարտված էր և չէր էլ կարող բավարարվել»,- առաջին ալիքի հետ զրույցում, անդրադառնալով ՍԴ-ի նախկին նախագահի և անդամների՝ ՄԻԵԴ-ին ուղղված դիմումին և ՄԻԵԴ-ից ստացված ատասխանին, ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։
Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ չէր կարող միջնորդությունը բավարարվել, փաստաբանը պարզաբանեց․ «Որովհետև, ինչպես նշել է Եվրոպական դատարան, այն որևէ անդառնալի վնաս չի հասցվել դատավորների հիմնարար իրավունքին»։
Լուսինե Հակոբյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը երբեք չի միջամտել սուվերեն պետության սահմանադրական փոփոխությունների գործընթացին և չունի այդ գործընթացները կասեցնելու իրավասություն։ «Շատ կարևոր է ընդգծել, որ հասկանալով, թե ՍԴ-ի նախկին այս անդամներն ինչ իրավական քաոս են ցանկացել մեր երկրում ստեղծել, ՄԻԵԴ-ը, ինչպես բխում է մամուլի հաղորդագրության երրորդ պարբերությունից, ճանաչել է, որ ԱԺ-ի կողմից ընդունվել են փոփոխություններ, որոնք 2020թ․ մտել են ուժի մեջ, և որոնցով արդյունավետորեն դադարեցվել են ՍԴ-ի նախկին անդամներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները, ինչպես նաև՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները՝ որպես ՍԴ-ի նախագահ»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ սա այլևս արձանգարված, կատարված փաստ է։
