ՍԴ-ի նախկին դատավորների ՄԻԵԴ միջնորդությունը իրավական անգրագիտության ճչացող օրինակ էր. Լուսինե Հակոբյան

«Այս պարագայում ես չեմ պատկերացնում, թե կոնկրետ Հրայր Թովմասյանն ինչպես է շարունակելու պաշտոնավարել որպես ՍԴ-ի դատավոր, քանի որ սա պարզապես իրավական անգրագիտության ճչացող օրինակ էր, և ինձ համար խիստ կանխատեսելի էր այս ելքը, հակառակը կլինի միջամտություն մեր պետության ներքին գործընթացներին»,- 1in TV-ի հետ զրույցում, անդրադառնալով ՍԴ-ի նախկին նախագահի և անդամների ՄԻԵԴ-ին ուղղված դիմումին և ՄԻԵԴ-ից ստացված ատասխանին, ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ-ի նախկին նախագահ Հրահր Թովմասյանը և 3 այլ անդամները ՄԻԵԴ-ից պահանջել էին միջանկյալ միջոց կիրառել Հայաստանի նկատմամբ, որպեսզի իրենց դիմումի քննության ընթացքում կասեցվեն սահմանադրական փոփոխությունները, և իրենք շարունակեն պաշտոնավարել։ Սակայն Եվրադատարանը մերժեց սահմանադրական փոփոխությունները սառեցնելու այս պահանջը։

Լուսինե Հակոբյանը հստակեցրեց նաև, որ դատարանի հաղորդագրությն տեքստից հասկանալի է դառնում, որ հիմնական դիմումը չի ներկայացվել, այլ դիմել են միջանկյալ միջոցի կիրառման միջնորդությամբ։ Սա, ըստ էության, հայցի ապահովման մրջոց չէ, այլ պարզապես հրատապ միջոց կիրառելու միջնորդություն է, որը, համաձայն ՄԻԵԴ-ի դատական պրակտիկայի, կրառվել է, երբ առկա է Կոնվենցիայով սահմանված հիմնարար իրավունքներին անդառնալի վնասի ռիսկ։

«Այս պարագայում ակնհայտ էր, որ այդ անդառնալի ռիսկն առկա չէ և պարզապես անհավատալի էր, որ Հրայր Թովմասյանը, ՍԴ-ի նախկին անդամները, որոնց կազմում է Ալվինա Գյուլումյանը, որը տարիներ շարունակ զբաղեցրել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնը, դատարանին են դիմել միջանկյալ միջոց կիրառելու միջնորդությամբ և, ըստ էության, դատարանից պահանջել են, որ կասեցնի մեր պետությունում լեգիտիմ իշխանության կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները»,- ասաց Լուսիեն Հակոբյանը՝ նշելով, որ սա այն պարագայում, երբ այդ «անձինք» երդվել էին պահպանել Սահմանադրության գերակայությունը։

Փաստաբանը նշեց նաև, որ ՄԻԵԴ-ը որևէ կերպ չէր կարող կասեցնել կամ միջամտել սուվերեն պետության ներսում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների գործընթացին։
Լուսինե Հակոբյանը նկատեց, որ Բակայի գործը (Baka v. Hungary/Բական ընդդեմ Հունգարիայի գործին), որին հղում են անում այդ թևի իրավաբանները, բացարձակ համեմատելի չէ ՍԴ ճգնաժամի լուծման հայկական տարբերակի հետ, քանի որ կոնտեկստը և փաստական հանգամանքները այլ են եղել։ «Եվ չնայած, որ Բակայի գործով դատարանը ճանաչել է դատավորի իրավունքների խախտումը, միևնույն է որևէ կերպ իրավասու չի եղել հետ պտտել սահմանադրական փոփոխությունների անիվն ու ասելու, որ այս դատավորին պետք է վերականգնել իր պաշտոնին։ Դա ծայրահեղ ելք կլիներ և դուրս կլիներ դատարանի լիազորություններից»,- ասաց Լուսինե Հակոբյանը։

Լուսինե Հակոբյանը նկատեց նաև, որ սովորաբար Սահմանադրական դատարանը պետության ներսում ստանձնում է անկախ արբիտրի դեր, սակայն, դատելով ՍԴ-ի նախկին անդամների և նրանց արբանյակների հայտարարություններից, տպավորություն է, որ այդ մարդիկ իրենց դիրքավորել են որպես արտախորհրդարանական ընդդիմություն, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ եթե նրանք շարունակեին պաշտոնավարել, ապա անդառնալի վնաս կհասցներին պետությանն ու պետական շահին։

Անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՍԴ-ի դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը փոխելու առաջարկին՝ Լուսինե Հակոբյանն ասաց․ «Նախագահ Սարգսյանը հայտնվել էր նախկիների շատ անվայելուչ ու անպարկեշտ քննադատության թիրախում, և գուցե դրանից ելնելով գնահատել է, որ իր դավանած քաղաքական չեզոքության դիրքերից դուրս է եկել։ Հնարավոր է, որ նա հետ քայլ է անում՝ փորձելով քաղաքական չեզոքության ամպլուայի մեջ իրեն դիրքավորել։ Սակայն, կարծում եմ՝ մեր պետության համար այսպիսի բախտորոշ պահի շատ կարևոր կլինի, որ ՀՀ նախագահը նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը և ձեռնամուխ լինի թեկնածուի առաջադրմանը»։

https://www.youtube.com/watch?v=yiy0iBCtRxw&t=684s&fbclid=IwAR3brd2rQfTSkavQ59KQ1scn40ipXRpst1USDTDenAmlTO-WI-glRFZdF0o