ՄԻԵԴ-ի որոշումն ակնհայտ և կանխատեսելի որոշում էր. Տիգրան Եգորյան

– Ինչպե՞ս կմեկնաբանեք ՄԻԵԴ-ի որոշումը ՍԴ երեք դատավորների դիմումի վերաբերյալ:

– Դա ակնհայտ և կանխատեսելի որոշում էր:

– Արդյո՞ք այս որոշումը նշանակում է, որ ՄԻԵԴ-ում ՍԴ դատավորների հետ կապված գործի քննությունը մերժված է:

– Եվրոպական դատարանի որոշման տեքստից դատելով՝ ՍԴ անդամներ Ա. Գյուլումյանը, Ֆ. Թոխյանն ու Հ. Նազարյանը և դատավոր Հ. Թովմասյանը Եվրոպական դատարան դիմում են ներկայացրել դատարանի կանոնների 39-րդ կանոնի հիմքով միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով, որը մերժվել է:

Եվ դատարանը նկատելով, որ դիմումատուները կարծես թե ցանկություն ունեն, ըստ էության, գանգատ ներկայացնելու, նրանց տրամադրել է այսպիսի գանգատ ներկայացնելու ժամկետ: Սահմանված ժամկետում գանգատը ներկայացնելուց հետո, դրա նախնական ընդունելության փուլն անցնելուց հետո, այնուհետև կոմունիկացիայից հետո դատարանը կորոշի գանգատի ճակատագիրը: Ինչպես տեսնում եք, այս պահին գանգատը մերժելու կամ բավարարելու մասին խոսելը վաղ է:

– Որոշ քաղաքական շրջանակներ ՄԻԵԴ-ի որոշումը պայմանավորել են Հայաստանի իշխանությունների և վարչապետի կողմից գործադրված ճնշման հետևանք: Ինչպե՞ս կմեկնաբանեք նման պնդումը:

– Նման խոսակցություններն անլուրջ եմ գնահատում այն պատճառով, որ դիմումատուների նման բովանդակությամբ միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով դիմումը բավարարվելու որևէ հնարավորություն չուներ: Այդ մասին մինչև այդ որոշումն արդեն իսկ կարծիք հայտնել էինք: Այդ բովանդակությամբ միջանկյալ միջոցի կիրառումը դուրս է կոնվենցիայի պայմանագրի շրջանակից: Հետևաբար շատ մեծ ճնշումներ պետք է կիրառվեին, որպեսզի ի խախտումն կոնվենցիայի՝ որևէ դատավոր բավարարեր այդ դիմումը:

– «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամները նախագահականի դիմաց ակցիա էին իրականացրել նախօրեին՝ նախագահից պահանջելով սկսել ՍԴ դատավորների նշանակման գործընթացը: Որոշ իրավական և քաղաքական շրջանակներ սա որակեցին ճնշում նախագահի վրա: Համաձա՞յն եք այս որակման հետ:

– Թերևս, կարելի է դա որակել ճնշում, սակայն որն ամբողջությամբ համապատասխանում է Սահմանադրությամբ սահմանված նպատակների և սկզբունքների սպասարկման քաղաքականություն իրականացնող նախաձեռնության կողմից:

– Հրայր Թովմասյանը շարունակելու է պաշտոնավարել որպես ՍԴ անդամ: Արդյոք սահմանադրական բարեփոխումների ծրագիրը համարո՞ւմ եք հաջողությամբ իրագործված այն դեպքում, երբ ՍԴ նախագահը շարունակելու է իր պաշտոնավարումն արդեն որպես դատավոր:

– Այդ բարեփոխումների նպատակը չի հանդիսացել նշված անձի դեմ պայքարը, հետևաբար դրանով հաջողությունը պայմանավորել հնարավոր չէ:

ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված այս սահմանադրական փոփոխությունը հնարավոր կլինի համարել հաջողությամբ իրագործված, երբ դատարանի կազմավորման համար պատասխանատու պետական մարմինները կկատարեն Սահմանադրությամբ սահմանված իրենց պարտականությունները, կառաջադրեն այնպիսի թեկնածուներ, որոնք ՀՀ պատմական այս փուլում ի զորու կլինեն ստանձնելու և հաջողությամբ իրագործելու Սահմանադրական դատարանի դատավորի առաքելությունը, երբ այդ թեկնածուները կընտրվեն որպես դատավորներ, երբ ՍԴ-ն կունենա հնարավորություն՝ ընտրելու նախագահ և կսկսի լիարժեքորեն գործել ու ապահովել Սահմանադրության գերակայությունը և դրանով հռչակված նպատակներն ու սկզբունքները:

https://www.365news.am/2020/07/10/123%d5%a4%d5%a1-%d5%a1%d5%af%d5%b6%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf-%d6%87-%d5%af%d5%a1%d5%b6%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b8%d6%80%d5%b8%d5%b7%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7%d6%80-%d5%bf/?fbclid=IwAR3nnlUSRaf1da_3_ke1LxsgCn1_ZYhdJaoRYLbgtR1B9EjJf160lDfcIqU