«Սահմանադրական փոփոխություններն այսօրվանից ուժի մեջ են մտած, և սա այլևս իրողություն է: Նաև ցանկանում եմ հիշեցնել, որ այս հարցում առկա է եղել լայն կոնսենսուս ժողովրդի վստահությունը վայելող իշխանության մարմինների միջև` հանրապետության վարչապետի, հանրապետության Ազգային ժողովի, որը մեծամասնությամբ ընդունել է այդ փոփոխությունները, և հանրապետության նախագահի միջև: Ավելին` առկա է կոնսենսուս բոլոր ժողովրդարավարական ուժերի միջև նաև այս հարցում, և որ ամենակարևորն է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից այս փոփոխությունները ընդունելի են և հիմնված են նաև հասարակական պահանջի վրա»,- «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով ՍԴ-ի անդամներ Հրայր Թովմասյանի և Արևիկ Պետրոսյանի երեկվանից արձակուրդ գնալու և այս կերպ խոչընդոտելով հունիսի 26-ին ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխությունների կիրարկմանն ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը։
Հարցին, թե եթե Ալվինա Գյուլումյանը ներկայանա աշխատանքի և ասի, որ ինքը ՍԴ անդամ է, Լուսինե Հակոբյանը պատասխանեց․«Ալվինա Գյուլումյանի համար իրավական հետևանք կարող է առաջացնել դա, երբ նա որպես Սահմանադրական դատարանի նախագահ-դատավոր ընդունի որևէ իրավական ակտ, որովհետև այսօրվանից սկսած նրա լիազորությունները՝ որպես Սահմանադրական դատարանի անդամ, դադարեցված են: Եթե Ալվինա Գյուլումյանն այս փաստի հետ ունի անհամաձայնություն, նա պետք է իրեն հասու իրավական ընթացակարգերով վեճ հարուցի և սպառելով իրավական պաշտպանության միջոցները, եթե անհրաժեշտություն լինի, ինչպես ինքն էր մատնանշում, դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Սա է իրավական ճանապարհը իր անհամաձայնությունը հայտնելու: Եվ ի վերջո ի՞նչն է խնդիրը, չէ՞ որ նախկինում Ալվինա Գյուլումյանը և ՍԴ մյուս անդամները բազում անգամներ կայացրել են որոշումներ և ի լուր աշխարհի հայտնել են, որ եթե այդ որոշումներից կան դժգոհներ, ապա նրանց հասու են իրավական պաշտպանության միջոցները` ներպետական միջոցները սպառելուց հետո մարդիկ կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, միջազգային այլ ատյաններ և այլն: Եվ ի՞նչն է խանգարում, որ հիմա իրենք այդ նույն եղանակով հետամուտ լինեն իրենց իրավունքների պաշտպանությանը, եթե գտնում են, որ իրենց իրավունքները խախտվել են»:
Որպես ստեղծված իրավիճակի լուծում՝ Լուսինե Հակոբյանը նշում է, որ դատարանակազմական լիազորություններ ունեցող մարմինները, որպիսիք են հանրապետության նախագահը, կառավարությունը և Դատավորների ընդհանուր ժողովը, պետք է արագ և կարճ ժամկետներում կատարեն նոր առաջարկը, և Ազգային ժողովը պետք է ընտրի նոր դատավորներ: «Սա է հանգուցալուծումը: Իսկ այս անդամներին իրենց հետագա այս ապօրինի գործունեությունը շարունակելու պարագայում պետք է ենթարկել քրեական հետապնդման»,- ասում է Լուսինե Հակոբյանը:

