ՍԴ-ից Հրայր Թովմասյանի հեռանալը ժամանակի հարց է․ Լուսինե Հակոբյան

«Հայաստանի Հանրապետության լեգիտիմ խորհրդարանի կողմից ընդունած սահմանադրական փոփոխությունները չճանաչելը ոչ միայն հանցագործություն է, այլև ուղղակի ապացույց, որ այս անդամներն այս գործում կողմնակալ են և որևէ կերպ չեն կարողանալու օբյեկտիվ հիմունքներով քննել հարցը»,- անդրադառնալով Սահմանանադրական դատարանի անդամների տարածած հայտարարությանն ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը։

Ըստ Լուսինե Հակոբյանի պետք է ՍԴ-ի անդամների նկատմամբ հարուցվի քրեական գործ և քրեական հետապնդում, եթե հանկարծ ՍԴ-ի մոտակա նիստին ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխությամբ թոշակի անցած անդամները գնան և փորձեն մասնակցել նիստին։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱԺ-ն ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որից հետո այն ստորագրեց ՀՀ նախագահը և, ըստ ընթացակարգի, ԱԺ-ի նախագահն այն հրապարակվեց ԱԺ-ի կայքում։ 

Համաձայն այդ փոփոխությունների՝ հունիսի 26-ին կդադարեն ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները, ինչպես նաև Հրայր Թովմասյանը ստիպված կլինի դադարեցնել ՍԴ-ի նախագահի պաշտոնավարումը:

Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հրայր Թովմասյանը՝ մնալով ՍԴ-ի դատավոր, Լուսինե Հակոբյանը պատասխանեց․ «Հրայր Թովմասյանը դառնում է ընդամենը մեկ դատավոր և, անկեղծ ասած, ճիշտ կլինի, որ այս ամենից հետո նա՝ որպես դատավոր էլ չմնա, այլ հրաժարական տա, քանի որ իր գծած սցենարով և իր հավաստիացումներով առ այն, թե միաջազգային կազմակերպություններն իրենց հետ են, որ ունեն բոլոր անհրաժեշտ ուժերի աջակցությունը և այլ, նա ապակողմնորոշեց ՍԴ-ի անդամներին, որոնք կարող էին օգտվել վաղ կենսաթոշակի սխեմայից, որն իրենց առաջարկվեց անցած տարի։ Հենց միայն այս մարդկանց ապակողմնորոշելու համար, Հրայր Թովմասյանը նույնպես պետք է հրաժարական ներկայացնի»։

Լուսինե Հակոբյանն ասաց նաև, որ ՍԴ-ից Հրայր Թովմասյանի հեռանալնը պարզապես ժամանակի հարց է, սակայն նվազագույն արժանապատվություն ունենալու դեպքում նա առաջինը պիտի հեռանա ՍԴ-ից։

https://www.youtube.com/watch?v=rzfkBmt2zdQ