Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

Իրավական սխալ քաղաքականությունն է շատ ձախողումների պատճառը․ Տիգրան Եգորյան

«Այսօր, ինչպես Քոչարյանի գործով, այնպես էլ բազմաթիվ այլ ոլորտներում ու հատկապես դատական իշխանությունում տուրբուլենտությունը պայմանավորված է պետության հստակ իրավական քաղաքականության և դրա անշեղ իրագործման բացակայությամբ»,- 1in TV-ի հետ զրույցում, անդրադառնալով  Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2 միլիարդ դրամ գրավով ազատ կարձակելու վերաքննիչ քրեական դատարանի որոշմանն ասաց  «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ խորհրդատու, մարտի մեկի ինը զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը։

Ըստ Եգորյանի՝ այս տուրբուլենտությունը ոչ միայն որևէ պահի չի վերացել, այլև խորացել է և պայմանավորված չէ միայն Քոչարյանի գործով։ «Դրա հիմնական պատճառն այն է, որ թեև 2018թ. հեղափոխության արդյունքնում ՀՀ-ն կանգնեց ժողովրդավարացման ճանապարհին, և դեմոկրատական կարգը եկավ փոխարինելու տոտալիտար, ավտորիտար կարգին, բայց պետության իրավական քաղաքականությունը ձախողվեց ու մինչ օրս այդ կապակցությամբ ճանապարհային քարտեզ չի դրվել սեղանին»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Ըստ փաստաբանի՝ Մարտի 1-ի գործի նման բարդ գործի համար, որտեղ կան չափազանց մեծ շահեր և լուրջ խնդիրներ են դրված սեղանին, այն դատական համակարգը, որը տարիներ շարունակ հիմնականում սովոր է եղել աշխատել հստակ հանձնարարություններով և նպատակահարմարություններով, հայտնվել է մի իրավիճակում, երբ ի հայտ են գալիս օպորտյունիստ դատավորներ, որոնք իրենց թույլ են տալիս օգտվել այդ անորոշությունից։

«Ռ. Քոչարյանի գործը շատ կարևոր է և էտալոնային գործ պետք է լինի։ Պետք է գործի քննությունը լինի արդարադատության բոլոր պահանջների պահպանությամբ, և այդ պահանջների պահպանությունը պետք է դառնա ուղենիշ բոլոր դատական գործընթացների համար։ Այս տուրբուլենտությունը կշարունակվի այնքան, մինչև արդարադատության բոլոր պահանջների պահպանության արդյունքում բարձրանա հանրության վստահությունը դատարանների նկատմամբ»,- ասաց հաղորդման մյուս բանախոս, փաստաբան Կարապետ Բադալյանը:

Պատասխանելով դատախազության կողմից դատարանի որոշման բողոքարկման և Ռոբերտ Քոչարյանի նորից կալանավորելու հնարավորության մասին լրագրողի հարցին՝ Տիգրան Եգորյանն ասաց․ «Գործի նյութերը, գործում առկա փաստերը, փաստական տվյալներն ու ապացույցները թույլ չեն տալիս որևէ հնարավորություն հույս ունենալու, որ Ռոբերտ Քոչարյանը, հաշվի առնելով նրա անձը, նրա զբաղեցրած պաշտոնները, գործունեությունը և հարաբերությունները մյուս ամբաստանյալների հետ, կարող է չներկայացնել այն ռիսկերը, որոնց չեզոքացմանն են ուղղված նրա նկատմամաբ կիրառված խափանման միջոցը»։ 

Ըստ Տիգրան Եգորյանի՝ աներկբա է այն կասկածը, որ Ռոբերտ Քոչարյանը գործի քննությանը խոչընդոտելու վրա ունի մեծ հնարավորություն։

«Քոչարյանի՝ մյուսների վրա ազդեցությունը և պոտենցյալը շատ մեծ են և այդ ռիսկերը հնարավոր է նվազեցնել միայն կալանքը՝ որպես խափանման միջոց օգտագործելով։ Որևէ այլ խափանման միջոց չի կարող սահմանափակել օրինակ այն, որ Ռոբերտ Քոչարյանն իր գրասենյակում պարբերաբար հանդիպի մյուս ամբաստանյալների, առանցքային վկաների հետ և համաձայնեցնի դատաքննական ցուցմունքները»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Խոսելով Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի մասին՝ Տիգրան Եգորյանն ասաց, որ Քոչարյանի գործի հետ կապված կա երկու՝ Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴԻ Մեծ պալատի կարծիքը, որոնք հնարավորություն չեն տալիս եզրակացնելու, թե ՔՕ 300․1 հոդվածը չի համապատասխանում իրավական որոշակիության չափորոշիչներին։

«Եվրոպական դատարանի կիրծիքի համաձայն՝ հստակ է, որ 300․1 հոդվածը կոնվենցիայի 7-րդ հոդվածի հետ անհամապատասխանության հարց չունի։ Ե՛վ Եվրոպական դատարանը, և՛ Վենետիկի հանձնաժողովը նշել են, որ  սահմանադրական կարգի տապալման հանցակազմի սահմանումը բավական ընդգրկուն է և դրա կոնկրետացման սկզբունքին համապատասխան կիրառությունը պետք է կատարի գործը քննող դատավորը՝ հենվելով փաստերի և ապացույցների վրա»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ նշելով, որ բեռն ամբողջությամբ թողնված է գործը քննող դատավորի վրա, և սա հիմք ընդունելով հստակ է, որ Սահմանադրական դատարանը այս փուլում, այս գործով անելիք չունի։

https://www.youtube.com/watch?v=nK8Hk4YhODU&feature=share&fbclid=IwAR2l5u74gnKIVORGmXs_qhBybgYJJ3LjBwp5GyNVYiS0pKAtEfJ2fBuwfL8

Exit mobile version