Հարցը պետք է լուծի ԱԺ-ն՝ առանց ՍԴ-ին դիմելու․ Տիգրան Եգորյան

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է զբաղվի ոչ միայն դատական համակարգում դատավորների ֆինանսական թափանցիկության հարցով, այլև պետք է ուսումնասիրության առաջկա դարձնի նրանց հետ փոխկապակցված անձանց առավել ընդգրկուն շրջանակը, ինչպես նաև ստուգի դատավորների և այդ փոխկապակցված անձանց մարած պարտավորությունները, որոնք տարիներ շարունակ չեն ստուգվել և չեն արձանագրվել»,- 1in TV-ի հետ զրույցում, անդրադառնալով  կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հրապարակված պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների հայտարարագրերին, ասաց  «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ խորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը։

Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակումների՝ «պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների հայտարարագրերը, և նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույք-դրամական միջոցներ» տողի տակ անցնում են մի շարք դատավորներ և նրանց ընտանիքի անդամներ, որոնք 2019-ին շարունակել են ստանալ տարբեր չափերի  նվիրատվություններ։

Տիգրան Եգորյանը խոսեց նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքի արդյունավետ իրացման խնդիրների մասին՝ շեշտադրելով, որ առաջիկայում անհրաժեշտ է, որ դրանք նույնպես խորքային  քննարկման ենթարկվեն և օրենսդրական լուծումներով անպայման ամրագրվեն։ «Սա պետք է լինի դատական իշխանության հեղինակության վերականգնման և արդյունավետության բարձրացման օրակարգային հարցը, սակայն սա հնարավոր կլինի միայն Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծումից հետո»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Խոսելով ՍԴ-ի ճգնաժամն խորհրդարանի մակարդակով լուծելու և այդ հարցի լուծման համար Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք ուզելու մասին՝ Տիգրան Եգորյանն ասաց․ «Մտավախություն ունեմ, որ այդ կարծիքը կլինի բավականին ոչ դիվանագիտական լեզվով և մեկնաբանման ոչ շատ հնարավորություններ կընդձեռնի»։

Տիգրան Եգորյանն ասաց, որ շատ փոքր շեղումով կարելի է կանխատեսել, թե ինչ բովանդակության կլինի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։ «Կարծում եմ, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքում հնարավոր է, որ գերազանցվեն անգամ առաջադրված հարցերի շրջանակը, սակայն սա նորմալ է, քանի որ Հայաստանը բազմաթիվ անգամներ բախվել է այդ հանձնաժողովի՝ իր առաքելությանը հակասող գործունեությանը, որի հետևանքով Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացների զարգացումն առանձին հարցերի վերաբերյալ, տարիներով հետ է մղվել»,- ասած Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ շատ լուրջ չպետք է վերաբերել տրվելիք կարծիքին։

Փաստաբանը նշեց սակայն, որ իրեն մտահոգում է ոչ այնքան Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որքան իշխանության հետագա գործողությունները։ «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար կարևոր է, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալուց հետո, ժողովրդի բացարձակ մեծամասնության վստահությունը վայելող իշխանությունը կարողանա իր բռում հավաքել կամքը և հստակ ձևակերպել իր գործողությունների հերթականությունը և ձեռնամուխ լինել դրանց իրագործմանը։ Սա է էական, առանցքային ու վճռորոշ քայլը, ոչ թե կարծիքը» ,- ասած Տիգրան Եգորյանը։

Ինչ կլինի, եթե Ազգային ժողովը ՍԴ-ի ճգնաժամի լուծման հարցով դիմի հենց Սահմանադրական դատարան հարցին, Տիգրան Եգորյանը պատասխանեց․ «Սրա պատասխանը շատ հստակ է․ այդ որոշմանը կողմ քվեարկած յուրաքանչյուր անձ բացի այն, որ լուրջ պատասխանատվություն է ստանձնում, որի տակից դժվար թե կարողանա դուրս գալ, ուղիղ սաբոտաժի է ենթարկելու հեղափոխության արդյունքում ստացված այն բոլոր հնարավորությունները, որոնք որ պետք է օգտագործվեին ՀՀ-ի ժողովրդավարացման համար»։

Տիգրան Եգորյանը բացատրեց, որ ՍԴ-ի յոթ անդամները, որոնք կայուն մեծամասնություն են ձևավորել, ունեն հստակ կարծիք Սահմանադրության 213-րդ հոդվածի և ՍԴ-ի ճգնաժամի  վերաբերյալ։ «Այս ամենից բացի, հարցը, որ եթե պիտի ուղարկեն ՍԴ-ին՝ կարծիք իմանալու համար, վերաբերում է հենց այն անդամներին, որոնք պետք է կայացնեն որոշումը։ Իսկ իրենք իրենց որոշումն ու դիրքորոշումը վաղուց հրապարակել ու արտահայտել են՝ հայտարարելով, որ չկա ճգնաժամ և հետևաբար այդ ճգնաժամի լուծմանն ուղղված քայլերն անընդունելի են»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ եթե այս հանգամանքները հաշվի առնելով այդուհանդերձ որոշեն դիմել ՍԴ-ին, ապա դա կլինի ոչ միայն այդ քաղաքական ուժի ինքնասպանությունը, այլև 2018թ․ հեղափոխության տապալումը։ «Հարցը պետք է լուծի ԱԺ-ն, առանց ՍԴ-ին դիմելու»,- ասաց Տիգրան Եգորյանը։

https://www.youtube.com/watch?v=tuezMdD3L7s&feature=share&fbclid=IwAR1B0Q8sU2m3mgOp6TAD2kC6P4Q21UpKmFaEnyxUIuXq37dZeQR52M7RXlk