ՍԴ-ի հենարանը ֆեյք իրավապաշտպաններն են, արխայիկ, ռեգրեսիվ և եվրոպական արժեքներ չդավանող զանգվածը․ Լուսինե Հակոբյան

«Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի ամենակարևոր դրսևորումը առաջին հերթին լեգիտիմության բացակայությունն է, երկրորդը՝ հանրության շրջանում խիստ ցածր հեղինակությունը»,- Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող զարգացումների մասին 1in TV-ի հետ զրույցում ասաց  «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ ՄԻԵԴ-ի կարծիքի հրապարակումից հետո ակնհատ դարձավ, որ ՍԴ անդամներն ունեն նաև ձեռնհասության խնդիր։

«Ակնհայտ դարձավ, որ իրականում Կոնվենցիայի պահանջներին լավ չեն տիրապետում և հարցեր էին ուղղել, որոնց պատասխանը ՄԻԵԴ-ի իրավասության շրջանակից դուրս էր՝ ըստ Կոնվենցիայի 16-րդ արձանագրության»,- ասաց Լուսինե Հակոբյանն ու հավելեց, որ հատկանշական էր ամընկնող կարծիքը հրապարակած դտավորն առաջին պարբերությունում արված նշումը, որով «արժեքավոր ուղենիշ է տրվում Սահմանադրական դատարանին»։ Ըստ Լուսինե Հակոբյանի՝ սա նույնպես խոսում է հանրային հեղինակության բացակայության մասին։

Խոսելով ներպետական ինստիտուտների հետ ՍԴ-ի հարաբերության մասին՝ Լուսինե Հակոբյանն առանձնացրեց ԲԴԽ-ի դատավորների լիազորությունները դադարեցնելու իրավասությունից զրկելու դեպքը և ԱԺ-ին որոշակի լիազորություններից զրկելուն ուղղված աշխատակարգային որոշումը։

«Ըստ էության, ՍԴ-ն ԱԺ-ից խլվեց որոշակի գործերով ՍԴ դատավորների՝ այդ գործերի մասնակցության անհնարինության մասին դիմումներ ներկայացնելու լիազորությունը»,- նկատեց Լուսինե Հակոբյանը։

Ըստ փաստաբանի՝ Սահմանադրական դատարանի հենարանը ֆեյք իրավապաշտպաններն են, արխայիկ, ռեգրեսիվ և եվրոպական արժեքներ չդավանող զանգվածը: 

Հարցին, թե ՍԴ հարցի մասնակի լուծումը կմեղմացնի ճգնաժամը, թե ոչ, Լուսինե Հակոբյանը պատասխանեց, որ որոշ փոփոխություն տեղի կունենա ՍԴ-ում։

«Սա մինիմալիստական լուծում է։ Լավ կլիներ՝ իրավիճակն այնպիսին լիներ, որ հնարավոր լիներ հանրաքվե անցկացնել և ՍԴ-ի 7 անդամի հարցն էլ լուծել, քանի որ մեկը մյուսից պակաս ու վելի չէ։ Հայաստանում իրավունքի գերակայության հետընթացի, ընտրական իրավունքը չպաշտպանելու, ժողովրդավարության հետընթացի մեջ բոլորն էլ ունեն իրենց մեղքի բաժինը և բնավ էլ պետք չէ ասել, թե այս մեկը նախագահական ընտրություններին այնտեղ չի եղել, ուրեմն պակաս մեղավոր է։ Նախագահական ընտրությունների գործի քննությանը չի մասնակցել, խորհրդարանական ընտրությունների գործի քննության է մասնակցել և այստեղ ես չէի ելնի ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության գնահատականներից, այլ քանի որ «Իրավունքի Եվրոպա միավորումը» «Քաղաքացի դիտորդ» կազմակերպության շրջանակում դիտարեկել է 2012-ից ի վեր բոլոր ընտրությունները և 2015-ի հանրաքվեն, ունի փաստեր այդ բոլոր ընտրություններում տեղ գտած բավական լուրջ խախտուների և դրանց վերաբերյալ ՍԴ որոշումների վերաբերյալ»,- ասաց Լուսինե Հակոբյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԺ-ն սպասում է Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին, որից հետո քայլեր կձեռնարկի, փաստաբանն ընդգծեց, որ Վենետիկի հանձնաժողովից որևէ պիտանի բան սպասել պետք չէ. «Սպասում եմ, որ դիվանագիտական ձևակերպումների մի փաթեթ կստանանք, որից իշխանությունը միգուցե փորձի ինչ-որ օգտակար բաներ գտնել, իսկ թովմասյանական շրջանակներն էլ դա կհամարեն հզոր կարծիք՝ հօգուտ իրենց»։

https://www.youtube.com/watch?v=DRUoDpOJL4c&t=7s&fbclid=IwAR2NSg09fCraHRYnkV0fk5GsiXZSS_r0XDsfii653Qwkpek21kToRAsHosI