«Իրական լուծում կլիներ, եթե յոթ անդամները հեռացվեին Սահմանադրական դատարանից և Ազգային ժողովի կողմից փոփոխության ենթարկվեր Սահմանադրության 213-րդ հոդվածը»,- 1in TV-ի հետ, քննարկելով Սահմանադրական դատարանի նախագահի փոփոխության հարցն ԱԺ-ի կողմից լուծելու սցենարը, ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։
Լրագրողի դիտարկմանն ի պատասխան, թե ՍԴ-ի ճգնաժամը կլուծվի ոչ թե հանրահավաքի միջոցով, այլ` խորհրդարանի և որ նոր սցենարով կընտրվի ՍԴ-ի նոր նախագահ, իսկ 12 տարի պաշտոնավարած դատավորները կհեռացվեն, Լուսինե Հակոբյյանն ասաց, որ այդ լուծումը մինիմալիստական է։ Ավելին, ըստ Լուսինե Հակոբյանի, Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք հայցելու անհրաժեշտություն չկար։
«Հայաստնից նշանակված անդամները՝ Գագիկ Հարությունյանը և Վարդան Պողոսյանը, չեն կարող այնտեղ հանդես գալ որպես անկողմնակալ իրավաբան-փորձագետներ»,- ասաց Լուսինե Հակոբյանն ու նշեց, որ Վարդան Պողոսյանը վերջերս նշանակվել է Հրայր Թովմասյանի խորհրդական։ «Շահերի բախումն ակնհայտ է․ մի կողմից Վարդան Պողոսյանը պետք է ջանք գործադրի և դիրքորոշումներ ներկայացնի՝ որպես Հրայր Թովմասյանի խորհրդական և մյուս կողմից պետք է հանդես գա՝ որպես անկախ իրավաբան։ Սա պարզապես հնարավոր չէ»,- ասաց Լուսինե Հակոբյանը։
Փատաբանը խնդրային է համարում նաև Վենետիկի հանձնաժողովի հավանական բացասական կարծիքի դեպքում կառավարության որդեգրելիք դիրքորոշումը։ «Դիցուք կարծիքը եղավ բացասական, ի՞նչ պիտի անեն,- հարցնում է Հակոբյանն ու շարունակում։- Ասելու են, դե սա մեզ համար պարզապես կարծիք է և ունի խորհրդատվական բնույթ, ուստի մենք որևէ կերպ կաշկանդված չենք այդ կարծիքով, մենք կանենք մեր պատկերացրա՞ծը։ Սա աբսուրդ է»։
Լուսինե Հակոբյանը կարծում է, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը չի լինելու խիստ դրական կամ խիստ բացասական։ Ըստ փաստաբանի՝ այն կլինի հերթական դիվանագիտական ձևակերպումների մի ամբողջություն, որից իշխանություն կանի իրեն հաճելի ծաղկաքաղը, նախկին իշխանությունն էլ կվերցնի իրեն պետք եկածը։
Խոսելով դատական համակարգում խոստացված, բայց չիրականացված փոփոխությունների և վեթինգի մասին՝ Լուսինե Հակոբյանն ասաց, որ իշխանության որդեգրած նոր դիրքորոշման պատճառտ իշխանության մոտեցման փոփոխությունն է։ «Տեսնելով, որ հարվածները շատանում են և որ նախկիններն ունեն և՛ ֆինանսական, և՛ լրատվական միջոցներ, կարողանում են օգտվել փաստաբանական ծառայություններից, որ այդ փաստաբաններից որոշները նաև այլ ուղղորդումներով են առաջնորդվում, որոշում կայացվեց հանձին դատավորների փորձել այս եղանակով գտնել դաշնակիցներ, այլ ոչ նեղացնել նրանց և ձևավորել նոր թշնամական ճակատ»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ իր համոզմամբ արվածը սխալ հաշվարկ է։
Լուսինե Հակոբյանը կարծում է, որ դատական բարեփոխումներին պետք է լուրջ մոտենալ և ազդարարել գործող համակարգից հրաժարում։ «Մենք բազմիցս առաջարկել ենք ստեղծել աշխատանքային խմբեր և համատեղ քննարկել ու կարճ ժամանակում մշակել փոփոխությունների փաթեթ»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ քաղհասարակությունը չի կարող միաժամանակ զբաղվել անհատական իրավունքների պաշտպանությամբ և մշակել արդյունավետ հանրային քաղաքականությունը, որն էլ կառավարությունը քննարկի ընդունի, թե ոչ։
