Պետք է ազդարարել գործող համակարգից հրաժարում․ Լուսինե Հակոբյան

«Իրական լուծում կլիներ, եթե յոթ անդամները հեռացվեին Սահմանադրական դատարանից և Ազգային ժողովի կողմից փոփոխության ենթարկվեր Սահմանադրության 213-րդ հոդվածը»,- 1in TV-ի հետ, քննարկելով Սահմանադրական դատարանի նախագահի փոփոխության հարցն ԱԺ-ի կողմից լուծելու սցենարը, ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։

Լրագրողի դիտարկմանն ի պատասխան, թե ՍԴ-ի ճգնաժամը կլուծվի ոչ թե հանրահավաքի միջոցով, այլ` խորհրդարանի և որ նոր սցենարով կընտրվի ՍԴ-ի նոր նախագահ, իսկ 12 տարի պաշտոնավարած դատավորները կհեռացվեն, Լուսինե Հակոբյյանն ասաց, որ այդ լուծումը մինիմալիստական է։ Ավելին, ըստ Լուսինե Հակոբյանի, Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք հայցելու անհրաժեշտություն չկար։ 

«Հայաստնից նշանակված անդամները՝ Գագիկ Հարությունյանը և Վարդան Պողոսյանը, չեն կարող այնտեղ հանդես գալ որպես անկողմնակալ իրավաբան-փորձագետներ»,- ասաց Լուսինե Հակոբյանն ու նշեց, որ Վարդան Պողոսյանը վերջերս նշանակվել է Հրայր Թովմասյանի խորհրդական։ «Շահերի բախումն ակնհայտ է․ մի կողմից Վարդան Պողոսյանը պետք է ջանք գործադրի և դիրքորոշումներ ներկայացնի՝ որպես Հրայր Թովմասյանի խորհրդական և մյուս կողմից պետք է հանդես գա՝ որպես անկախ իրավաբան։ Սա պարզապես հնարավոր չէ»,- ասաց Լուսինե Հակոբյանը։

 Փատաբանը խնդրային է համարում նաև Վենետիկի հանձնաժողովի հավանական բացասական կարծիքի դեպքում կառավարության որդեգրելիք դիրքորոշումը։ «Դիցուք կարծիքը եղավ բացասական, ի՞նչ պիտի անեն,- հարցնում է Հակոբյանն ու շարունակում։- Ասելու են, դե սա մեզ համար պարզապես կարծիք է և ունի խորհրդատվական բնույթ, ուստի մենք որևէ կերպ կաշկանդված չենք այդ կարծիքով, մենք կանենք մեր պատկերացրա՞ծը։ Սա աբսուրդ է»։ 

Լուսինե Հակոբյանը կարծում է, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը չի լինելու խիստ դրական կամ խիստ բացասական։ Ըստ փաստաբանի՝ այն կլինի հերթական դիվանագիտական ձևակերպումների մի ամբողջություն, որից իշխանություն կանի իրեն հաճելի ծաղկաքաղը, նախկին իշխանությունն էլ կվերցնի իրեն պետք եկածը։ 

Խոսելով դատական համակարգում խոստացված, բայց չիրականացված փոփոխությունների և վեթինգի մասին՝ Լուսինե Հակոբյանն ասաց, որ իշխանության որդեգրած նոր դիրքորոշման պատճառտ իշխանության մոտեցման փոփոխությունն է։ «Տեսնելով, որ հարվածները շատանում են և որ նախկիններն ունեն և՛ ֆինանսական, և՛ լրատվական միջոցներ, կարողանում են օգտվել փաստաբանական ծառայություններից, որ այդ փաստաբաններից որոշները նաև այլ ուղղորդումներով են առաջնորդվում, որոշում կայացվեց հանձին դատավորների փորձել այս եղանակով գտնել դաշնակիցներ, այլ ոչ նեղացնել նրանց և ձևավորել նոր թշնամական ճակատ»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ իր համոզմամբ արվածը սխալ հաշվարկ է։

Խոսելով Արդարադատության նախարարի այն պատճառաբանության մասին, թե Սահմանադրությունը թույլ չի տալիս իրականացնել վեթինգ՝ Լուսինե Հակոբյանն ասաց, որ մինչ Սահմանադրության հասնելը, պետք է կատարել մի քանի կարևոր քայլեր, որոնցից մեկն էլ ԲԴԽ-ի կազմի համալրումն էր՝ առավել անկախ և անկողմնակալ իրավաբաններով։
 
«Որպես այլընտրանք ընտրվեց դատական օրենսգրքի բարեփոխումը, որով փորձ կատարվեց մի քանի հանձնաժողովների միջոցով խնդիրները լուծել։ Հանձնաժողովներից մեկը Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն էր, մյուսը ուսումնական, մյուսն էլ դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը։ Սակայն այն ամենը, ինչը նրանց ասելով տեղավորվել է Սահմանադրության մեջ, լիարժեքորեն չի արվել»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ բացատրելով, որ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, ըստ նոր փոփոխությունների, պետք է ունենա ութ անդամ, որոնցից վեցը դատավոր են, երկուսը՝ ոչ դատավոր, որոնց կարող են առաջադրել հասարակական կազմակերպության ներկայացուցիչները։
 
«Այս ոչ դատավոր անդամների ընտրությունը սահմանվել է այնպես, որ դարձյալ կատարում է Դատավորների ընդհանուր ժողովը՝ բաց քվեարկությամբ։ Այսինքն այն կառույցը, որի վերաբերյալ քաղաքացիական հասարակությունն ունի վերապահում, պետք է այդ քաղհասարակությունից ընտրի էթիկայի և կարգապահական հանձնաժողովում ներկայացուցիչներ, ավելին՝ այս ընտրությունը պետք է կատարվի բաց։ Այսինքն այն դատավորները, որոնք կարող են ունենալ քաղաքացիական հասարակությունում համակրելի, թեկուզ և իրենց քննադատած թեկնածու, չեն կարողանալու քվեարկել, քանի որ այն բաց է ու կաշկանդող։ Հաջորդ երկու հանձնաժողովներեն են ուսումնական հանձնաժողովը և գնահատման հանձնաժողովը, որնք ունեն հինգական անդամ՝ երեք դատավոր, երկու ոչ դատավոր։ Այս հանձնաժողովներից ամենակարևորը գնահատման հանձնաժողովն է, որի ընտրությունն ընթանում է փակ քվեարկությամբ, սակայն արված է այնպես, որ այդ կաստայից դուրս որևէ մեկը չկարողանա մուտք գործել։ Սա ինքնին ձախողված փոփոխություն է»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ նշելով, որ Հայաստանում կան բավական թվով գործող իրավաբաններ, որոնք տարիներ շարունակ պայքարել են մարդկանց խախտված իրավունքերի համար, սակայն նրանց հնարավորություն ընձեռնված չէ հայտնվել այդ առանցքային հանձնաժողովներում։
 
Խոսելով իրավաբանության՝ որպես գիտության մասին, Լուսինե Հակոբյանն ասաց, որ այն Հայաստանում գոյություն չունեցող գիտություն է․ «Ես վերապահում կանեմ աշխարհի լավագույն բուհերում գիտական աստիճան ստացած իրավաբաններին և կասեմ, որ իրենցից բացի մնացածը, որոնք գիտական աստիճանը ստացել են Հայաստանում, գիտության հետ շատ քիչ աղերս ունեն։ Նրանք երբ գրում են իրենց ատենախոսությունը, նրանց չի էլ հետաքրքրում, թե որևէ մեկը կկարդա դա։ Հայաստանում իրավաբանության ոլորտում իսպառ բացակայում է իրավաբանության այս կամ այն դրույթի նորմի վերաբերյալ գիտական բանավեճերը»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ նշելով, որ եթե սրան էլ գումարենք գրագողությունը, պատկերը ամբողջական կդառնա։

Լուսինե Հակոբյանը կարծում է, որ դատական բարեփոխումներին պետք է լուրջ մոտենալ և ազդարարել գործող համակարգից հրաժարում։ «Մենք բազմիցս առաջարկել ենք ստեղծել աշխատանքային խմբեր և համատեղ քննարկել ու կարճ ժամանակում մշակել փոփոխությունների փաթեթ»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ քաղհասարակությունը չի կարող միաժամանակ զբաղվել անհատական իրավունքների պաշտպանությամբ և մշակել արդյունավետ հանրային քաղաքականությունը, որն էլ կառավարությունը քննարկի ընդունի, թե ոչ։

https://www.youtube.com/watch?v=LdCaKLngERY&fbclid=IwAR0T_Lpo6wNL7S7_4cbB4mrFIN0oqFqgJOi4qpoA1sz6hjvg6nEsdwG0lXY