Դատական իշխանության ուռուցքը տեղաբաշխված է եռաստիճան համակարգի տարբեր սեգմենտներում․ Տիգրան Եգորյան

«Երբ ասում են, թե վեթինգը հակասում է Սահմանադրությանը և չեն ասում, թե կոնկրետ ինչին է հակասում, անհնար է դառնում այդ օդ նետված արտահայտությունները քննարկել»- ՄԱՀԻԻ-ում դատական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ կազմակերպված քննարկմանն ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի մեկի ինը զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ իշխանությունը չկարողացավ ապահովել մասնակցային ժողովրդավարության պարզագույն տարրերը։
 
Ըստ Տիգրան Եգորյանի՝ դեռ մեկ տարի առաջ, ժողովրդավարության բարձր ստանդարտները հաշվի առնելով, հստակեցվել էր, որ դատական համակարգում առկա խնդիրները լուծելու համար սահմանադրական փոփոխություն ավելի երկար ժամանակ պահանջող գործընթաց է, ուստի քննարկումները սկսեցին ծավալվել այն հավանական միջոցների շուրջ, որոնք հնարավոր կդարձնեին տեսանելի արդյունքներ գրանցել կարճ ժամանակահատվածում։
 
Տիգրան Եգորյանը նշեց, որ երբեք և որևէ մեկը չի խոսել այս կամ այն գործիքի կիրառման կոնկրետ վերջնաժամկետների մասին, փոխարենը կարևորվել է փոփոխություններ իրականացնելու գործընթացի մեկնարկն ու արդյունավետ ընթացքի ապահովումը։
 
«Կային տարբեր մոտեցումներ և տարբեր գործիքներ, որոնք կիրառելու պարագայում, ամբողջությամբ տեղավորվելով Սահմանադրության և Սահմանադրությամբ ձևակերպված ընթացակարգերի մեջ, հնարավոր էր իրագործել վեթինգ կոչվածը»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ իրենք առաջարկում էին անցած տասնամյակների ընթացքում արդարադատության արատավորման, խեղման բուն պատասխանատուներին կանչել պատասխանատվության։
 
«Սրա համար մենք ունեինք կոնկրետ չափիչներ․ ՀՀ-ն ունեցել է մարդու իրավունենքների ոլորտում մեծ կատակլիզմներ, երբ զանգվածաբար խախտվել են մարդու իրավունքերը, որ այդ խախտումները կատարելության են հասել դատարաններում։ Այս բոլոր խախտումներն ամփոփված կան ՄԻԵԴ-ի վճիռներում»,- ասաց Տիգրան Եգորյանը։
 
Ըստ Եգորյանի՝ ՄԻԵԴ-ի վճիռները յուրօրինակ ֆիլտրեր են, որոնց կիրառմամբ հնարավոր էր մաքրել դատական համակարգը։ Տիգրան Եգորյանը նշեց նաև, որ դատական իշխանության ուռուցքը տեղաբաշխված է դատական եռաստիճան համակարգի տարբեր սեգմենտներում. «Պետք էր պարզապես տեղադրել ֆիլտրեր ու իրականացնել մաքրման աշխատանքները»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ նշելով, որ մաքրման աշխատանքները պետք է իրականացներ Բարձրագույն դատական խորհուրդը։
 
Հիշեցնենք, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վարչապետի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելով վեթինգի իրականացման գործընթացը, ասել էր, որ կիրառվելու է երեք գործիք, որոնցից առաջինը դատավորների հայտարարագրերի վերլուծությունն է: Գործիքը հետադարձ ուժ չի ենթադրում։ Ըստ նախարարի՝ այդ ճանապարհով գնալը կնշանակի միանգամից կարճ ժամանակում ամբողջ դատական համակարգի դատավորների ստուգում, ինչը կարող է բերել բացասական հետևանքի։ Այս ամենն անելու  համար պետք են սահմանադրական փոփոխություններ: 

https://www.youtube.com/watch?v=BhkdCrwCDmU&feature=share&fbclid=IwAR3-1G1y0oG_UjrMW6d7UEUVOvBaWcoSRnz01FTH6VHHq1Fgncb8E5I3RUU