Պետք է վեթինգ իրականացնել, վեթինգը սպանդ չէ․ Տիգրան Եգորյան

«Տարիներ շարունակ կերտվել է կեղեքիչ համակարգ, որը ծառայել է նեղ անձնական, խմբային շահերին: Մինչև դատական համակարգից այս «ուռուցքը» չհեռացվի, դատական իշխանության միջոցով որևէ գործընթաց չի իրականացվի: Պետք է վեթինգ իրականացնել, վեթինգը սպանդ չէ, զտման մեխանիզմ է և այն պետք էր սկել ու անել մի քանի փուլով»,-1in TV-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի մեկի ինը զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը՝ անդրադառնալով դատական համակարգի աստիճանական փոփոխություններին՝ վեթինգի փոխարեն։

«Ընդհանուր իրավասության դատարանի դատավորը շատ դժվար է իր արդարության գնահատականը արտացոլելու ակտում, երբ գիտի, որ իր այդ որոշումը հակասելու է 10-20-ամյակների ընթացքում զարգացրած նեղ անձնական շահերի ծառայող պրակտիկային, և որ վերաքննիչ ու վճռաբեկ դատարանների դատավորներն իր համար շատ բարդ կյանք են ապահովելու այդ որոշման համար։ Այս խնդիրներն են, որոնք պետք է լուծվեն»,- ասաց Տիգրան Եգորյանը։

ԱԺ-ի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ խոսելով կառավարության դատաիրավական համակարգն աստիճանական փոփոխությունների ենթարկելու նախաձեռնությանն ասաց․ «Ոչ միայն համաձայն չեմ այս ամենի հետ, այլև վստահ եմ, որ մեր գործուն քայլերի շնորհիվ կրկին կվերադառնանք այն օրակարգին, որ սահմանվեց մեկ տարի առաջ, երբ վարչապետը հանձնարարեց արգելափակել դռներն այն դատավորների առաջ, ովքեր թաթախված են հանցավորության ու կոռուպցիայի մեջ և մերժված են ժողովրդի կողմից: Հեղափոխությունը արդարության և արդարադատության հաստատման համար էր…, և հեղափոխության հարթակից հռչակված նպատակները ժամ առաջ պետք է կենսագործվեն, իսկ դատական համակարգը առաջին թիրախն է… Հետայսու դատավորների հետ պատասխանատվություն է կրում նաև քաղաքական իշխանությունը»:

Կարեն Զադոյանը նշեց, որ երբ վարչապետն իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելով՝ հայտարարեց անցումային արդարադատության գործիքներ կիրառելու անհրաժեշտության մասին, դրանից հետո «Իրավաբանների հայկական ասոցիացիան» ուսումնասիրություններ է կատարել Հայաստանում անցումային արդարադատության գործիքների հնարավոր կիրառության մասին. «Փորձագիտական եզրակացության մեջ նշել ենք, որ Հայաստանում հնարավոր է վեթինգ իրականացնել՝ այդ թվում նաև իրավապահ մարմիններում և դատարաններում։ Այսօր կառավարությունը գնում է փափուկ վեթինգի իրականացնելու ճանապարհով, քանի որ հակառակ դեպքում կառաջանա դատական համակարգի ճգնաժամ»:

Քննարկման մասնակիցների կարծիքով՝ առաջին հերթին պետք է վեթինգի ենթարկել բարձրագույն դատական խորհուրդը:

«Դատական համակարգում «առողջ» դատավորները պետք է մոբիլիզացվեն՝ ընդդեմ «հիվանդ» փոքրամասնության. նաև դատական իշխանությունից պետք է գան առաջարկներ՝ գտնելու այն ուղիները, որ կցրեն այս տրամադրությունները: Այսպես շարունակել հնարավոր չէ… Գործուն քայլեր պետք է ձեռնարկել և իրերն իրենց անուններով կոչել»,- ընդգծեց Արման Բաբաջանյանը՝ հավելելով, որ նախ՝ մեր երկրի հետ կապ չունեցող ԲԴԽ-ն պետք է որակական փոփոխության ենթարկել, որպեսզի հնարավոր լինի դատական համակարգն առաջ մղել:

https://www.youtube.com/watch?v=gS1Ho4-Qc44&feature=share&fbclid=IwAR27lPIyvC7WItX4UGLPW-GDY7Tq3SqXCI828NYYH9vd5ebU_DwZQYk_PXk