Նշանակված հանրաքվեն պետք է չեղարկվի․ Տիգրան Եգորյան

«Հանրաքվեն թե՛ իրավական, թե՛ քաղաքական առումով հնարավոր չէ անցկացնել»,-1in TV-ի հետ զրույցում ասաց  «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի մեկի ինը զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը։

Ըստ Տիգրան Եգորյանի՝ բոլոր այն ռիսկերը և այն խնդիրները, որոնք հիմք հանդիսացան արտակարգ դրության ռեժիմի հայտարարման համար, շարունակում են ակտուալ մնալ նաև արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո, և պետությունն իր դրական պարտավորությունների կատարման շրջանակում, հնարավորություն չունի իրագործելու, անցկացնելու այնպիսի մի զանգվածային միջոցառում, ինչպիսին հանրաքվեն է։

«Քանի որ արտակարգ դրության ռեժիմի հայտարարման պատճառները մնում են, հետևաբար մնում են նաև որոշակի սահմանափակումները և դրանց վերաբերյալ պաշտոնական ուղեցույցներ, որոնք այն մասին են, որ մարդիկ խուսափեն այս կամ այն զանգվածային միջոցառումներից։ Այս պահին չի կարող պետությունը մի կողմից հորդորել մարդկանց խուսափել կուտակումներից, մյուս կողմից՝ կոչ անել ակտիվորեն մասնակցել հանրաքվեին»,- բացատրեց Տիգրան Եգորյանն ու հավելեց, որ նշանակված հանրաքվեն պետք է չեղարկվի։

Տիգրան Եգորյանը նշեց, որ ստեղծված հանգամանքների բերումով Սահմանադրական դատարանի ճգնաժամի հարցը պետք է լուծի Ազգային ժողովը՝ հանրությանը զերծ պահելով վտանգներից։

«Իշխանություն իրացնող քաղաքական մեծամասնությունը չի կարող իրեն թույլ տալ, ստեղծված վտանգի պայմաններում, քաղաքական անպատասխանատվություն դրսևորել։ Ընդ որում, հանրաքվեի չեղարկումը պետք է լինի հիմա, ոչ թե արտակարգ դրության ռեժիմի վերացումից հետո, քանի որ դրանից հետո, նախագահը չունի այլընտրանք, քան հանրաքվեի օրվա նշանակումը»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Ըստ հանրաքվեի մասին օրենքի հոդված 12-ի՝ նշանակված, սակայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի մայիսի 8-ի դատավարությունը՝ Տիգրան Եգորյանն ընդգծեց, որ Քոչարյանի գործով դատական գործընթացի նկատմամբ պետք չէ պատրանքներ ունենալ: 

Տիգրան Եգորյանը նշեց, որ ՀՀ-ում 2018թ ժողովրդավարական բարձր չափանիշներով իրականացվեց հեղափոխություն և ձևավորվեցին բարձր լեգիտիմություն ունեցող օրենսդիր և գործադիր մարմիններ, սակայն դատական իշխանությունը կարծես թե դուրս մնաց հեղափոխական գործընթացներից։ 

«Մենք դեռ այն փուլում ենք, որ դատական իշխանության և ՍԴ ճգնաժամի հարցը դեռևս լուծված չէ, և ակնհայտորեն անբավարար են այդ ուղղությամբ իշխանության ջանքերը, իսկ հին համակարգը, որը տարիներ շարունակ աղավաղել է իրավունքի բուն էությունը և խեղաթյուրել արդարադատությունը, շարունակում է անխոչընդոտ գործել՝ ի դեմս դատավորների, ՍԴ անդամների, որոնց առանձին ներկայացուցիչներ կարող են իրենց թույլ տալ այնպիսի լկտի արտահայտություններ և հարձակումներ ընդդեմ ժողովրդավարական լեգիտիմությամբ օժտված օրենսդիր և գործադիր իշխանությունների»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ իրավիճակը վերահսկելի չէ ժողովրդի իշխանության կողմից, հետևաբար պետք չէ պատրանք ունենալ, որ դատական իշխանությունն իրացնում է ժողովրդի իշխանությունը։ «Այս Գործընթացները լավ բանի մասին չեն խոսում»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Նշենք, որ ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստակամ են անձնական երաշխավորություն տալ՝ դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և կալանքից ազատելու համար:

https://www.youtube.com/watch?v=C5ADxTO73PU&fbclid=IwAR2IRJ5NH2PUDlU88vN6Gso0dMMJoUB3Tf-eLb3kP5AEKJRp54nX1g-1ejA