Սահմանադրական դատարանի ճգնաժամի հարցը պետք է լուծել Ազգային ժողովի մակարդակում․ Տիգրան Եգորյան

«Այս պայմաններում հանրաքվեի անցկացումը խնդրահարույց է և կարծում եմ նաև անիրատեսական է, քանի որ պետությունն իր դրական պարտավորությունների կատարման շրջանակում, ըստ էության, հնարավորություն չունի իրագործելու, անցկացնելու այս հանրաքվեն»,-New Armenia News-ի հետ զրույցում ասաց  «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի մեկի ինը զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը։

«Եթե պետությունն ընդունում է, որ կան խնդիրներ, որոնք սպառնում են մարդկանց առողջությանը, պետությունն ընդունում է, որ երկրում համաճարակային իրավիճակ է, հետևաբար պետությունը չի կարող դրանք անտեսել հանրաքվեի համար»,- պարզաբանեց Տիգրան Եգորյանն ու ավելացրեց, որ քաղաքական առումով բավական բարդ իրավիճակ է ստեղծվել և դժվար է պատկերացնել, թե ինչպես է մի կողմից պետությունը քարոզում զգուշավորություն, իսկ մյուս կողմից՝ հորդորում ակտիվորեն մասնակցել հանրաքվեին։

Հարցին, թե՞ հնարավոր է արդյոք չեղարկել հանրաքվեն, Տիգրան Եգորյանը պատասխանեց․ «ԱԺ-ն կարող է և պետք է  իր որոշմամբ վերացնել հարցը հանրաքվեի դնելու մասին որոշումը»։

Տիգրան Եգորյանն ասաց նաև, որ նման որոշման համար շատ ժամանակ չկա և ծուղակ  ու զարտուղի է այն մոտեցումը, թե հարնաքվեի հարցի լուծման վերաբերյալ որոշումը կարելի է կայացնել արտակարգ դրության ռեժիմի վերացումից հետո։ «Այս որոշումը պետք է կայացվի հիմա և չկապվի արտակարգ դրության ռեժիմի հետ, քանի որ արտակարգ դրության ռեժիմի վերացումը չի չեղարկում բոլոր այն ռիսկերը, որոնք առկա էին արտակարգ դրության ռեժիմի հայտարարման համար»,- ասաց Տիգրան Եգորյանը։ 

«Այս պահին կան բոլոր անհրաժեշտ ու բավարար հիմքերը, փաստերն ու փաստարկները, որպեսզի այսօր կամ վաղը չեղարկվի հանրաքվեի մասին որոշումն ու Սահմանադրական դատարանի ճգնաժամի հարցը լուծվի Ազգային ժողովի մակարդակում»,- ասաց Տիգրան Եգորյանը։

https://www.youtube.com/watch?v=V5R-r-KlLtw&feature=youtu.be&fbclid=IwAR3Mmrn-yOb_2HYFzCFilF2huVdFV15m-1YmqgqQJNMP544Tke0kTdT3s2U