ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին հարիր չէ թաքնվել ծերունական թուլության և անօգնականության ետևում․ Լուսինե Հակոբյան

«Թաքնվել ծերունական թուլության և անօգնականության ետևում և ասել, որ հենց այդ պատճառով իրեն պետք է բաց թողնեն, կարծում եմ՝ հարիր պահվածք չէ Հայաստանի Հանրապետությունում երբևէ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին»,- 1in TV-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։

 Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարան նոր միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Նոր միջնորդության հիմքը երկրում առկա կորոնավիրուսային համաճարակն է և Ռոբերտ Քոչարյանի վարակման վտանգը, քանի որ նա, ըստ պաշտպանների, ռիսկային խմբում է։

Լուսինե Հակոբյանն այս մասին խոսելիս ասաց, որ հարցին այլ տեսանկյունից պետք է նայել․ «Կալանավայրերում այսօր, պայմանական ասած, խոցելի խմբում շատ կալանավորներ ու ազատազրկվածներ կան և դրանով պայմանավորված ստացվում է, որ բոլորին պետք է բաց թողնել, իսկ եթե բոլորին բաց չեն թողնելու, ապա ինչու պետք է բացառություն անել հենց Քոչարյանի համար։ Արդյոք մյուսները իրավունք չեն ունենա բարձրաձայնել իրենց հանդեպ խտրական մոտեցման հարցը»։

 Ըստ Լուսինե Հակոբյանի՝ Ռոբերտ Քոչարյանի առողջության վերաբերյալ միջնորդությունները հավատ չեն ներշնչում։ «Եթե հաշվի առնենք հենց իրենց հայտարարությունները, որ ինքը առողջ է զբաղվում է յոգայով և համացանցում առյուծ հեծնող, առյուծաձև Քոչարյանի տարաբնույթ նկարները»,- ասում է Լուսինե Հակոբյանը հավելելով, որ Քոչարյանը պետք է քաջություն դրսևորի և կանգնի արդարադատության առաջ՝ փարատելով այն բոլոր կասկածները, որոնք առկա են իր հանդեպ։ 

 Անդրադառնալով Վեհափառի՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու կոչին՝ Լուսինե Հակոբյանն ասաց, որ Վեհափառ Գարեգին Բ-ի կոչը պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանի և Վեհափառի միջև եղած անձնական մտերմությամբ։ «Մինչ այս պահը բազմաթիվ այլ դեպքեր են եղել, նույն Հաց բերողի դեպքը, և ես չեմ հիշում, որ Վեհափառը  կամ այլ բարձրաստիճան հոգևորական այդ դեպքերում հանդես գային կոչով։ Ենթադրում եմ, որ նրանք առաջնորդվել են «եկեղեցին չի միջամտում պետության գործերին» կարգախոսով և ճիշտ կլինի, որ այս դեպքում ևս շարունակեն առաջնորդվել այդ սկզբունքով»,- ասաց Լուսինե Հակոբյանը։

https://www.youtube.com/watch?v=vWwkDNoNiQY&feature=youtu.be&fbclid=IwAR3OSq3bVvhIy2dcfLc53dV5DXJTI6wen7ObD_41wCQc9c90LonZuxn6nLc