Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

Հրայր Թովմասյանի փարիսեցիությունը մեկնաբանելու խոսքեր չեմ գտնում․ Լուսինե Հակոբյան

«Այս նույն շրջանականերն անասելի վայնասուն են բարձրացնում, որ իշխանությունն անլուրջ է, միջոցառումներ չի իրականացնում, մարդկանց մասին չի մտածում և այլն, և երբ այդ միջոցառումներն իրականացվում են, ապա սկսում են մի նոր վայնասուն, թե արտակարգ դրության հայտարարումը հակասահմանադրական է»,- 1in.am-ի հետ զրույցում ասաց  «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսիեն Հակոբյանը՝ մեկնաբանելով «168 ժամ» թերթին տված ՍԴ-ի նախագահ Հրայր Թովմասյանի այն մեկնաբանությունը, թե իբր Արտակարգ դրության ռեժիմի նպատակը ոչ թե մարդկանց COVID-19-ով վարակվելուց պաշտպանելն էր, այլ ապրիլի 5-ի հանրաքվեն անորոշ ժամանակում հետաձգելը և հետագայում չեղարկելը։

Լուսինե Հակոբյանն ասաց նաև, որ իրեն հավատ չեն ներշնչում բացատրություններն առ այն, թե «168 ժամ» թերթին տված հարցազրույցի հեղինակը Հրայր Թովմասյանը չէ, և որ տեղի է ունեցել  թյուրիմացություն։ 

«Ես չեմ հավատում, որ հարցազրույցը Հրայր Թովմասյանը չի տվել։ Արդյոք հնարավոր է այսպես ասած մեկ տեխնիկական սխալի պատճառով վերատպված հարցազրույցում փոխվեր և՛ հարցազրույցի մասնակիցը, և՛ հարցազրուցավարը, և՛ վերնագիրն ու շատ այլ բաներ»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ անշուշտ Հրայր Թովմասյանն ու մնացած ՍԴ-ի անդամները հույս ունեին, որ հանրաքվեն չի հետաձգվի և երկրում ստեղծված համաճարակային վտանգների հետևանքով ցածր կլինի հանրաքվեին մասնակցած քաղաքացիների թիվը, ինչն էլ իրենց մինչև 2035թ․ պաշտոնավարելու հնարավորություն կտար։ 

«Այս ամենից հետո այս անձի փարիսեցիությունը մի կողմից, բուժաշխատողներին իր աշխատավարձը փոխանցելու պատրաստակամությունը մյուս կողմից և այն բուռն ցանկությունը, որ այս պայմաններում հանրաքվեն կայանար, որ իրենց պաշտոնավարումը երկարաձգվեր, այս մարդկանց հասցեին խոսքեր ուղղելու տեղ չի թողնում»,- ասաց Լուսինե Հակոբյանը։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի մարտի 17-ի հայտարարությանը և պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք «բացարձակապես առողջ Ռոբերտ Քոչարյանի ձեռք բերած առողջական խնդիրների» մասին Ալումյանի հայտարարությունն ակնակ է առ այն, թե ինչ-որ մարդիկ կողմնակի ազդեցություն են ունեցել Ռոբերտ Քոչարյանի առողջության վրա հարցին՝ Լուսինե Հակոբյանը պատասխանեց․ «Այս հարցին պատասխանելու համար մեծ թվով բաղադրիչներ պետք է հաշվի առնել․ թե ինչպես և որ կետում է բացարձակապես առողջ Ռոբերտ Քոչարյանը հայտնվել հիվանդանոցում»։

Լուսինե Հակոբյանը նշեց նաև, որ անհասկանալի է, թե որ բուժման մասին է խոսքը։ «Այս վերջին բուժման մասին է խոսքը, թե դրանից առաջ, քանի որ իմ հիշելով, դեռ ամիսներ առաջ, երբ Ռոբերտ Քոչարյանը դարձյալ հայտնվել էր հիվանդանոցում, նույն պաշտպանական խումբը պնդում էր, որ նա վատառողջ է և նրա առողջության մասին միջնորդություններ էր ներկայացնում դատարանին»,- ասաց Լուսինե Հակոբյանն ու հիշեցրեց, որ դատական նիստերից մեկի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ասել էր, որ թեև նա առողջական խնդիրներ ունի, սակայն չի ցանկանում դրանք քննարկել։ «Ճիշտ կլինի, որ Հայկ Ալումյանը հստակեցնի, թե ինչ նկատի ունի և որ ժամանակահատվածը նկատի ունի, արդյոք կասկածներ ունի և արդյոք ունի հիմքեր այդ կասկածների համար»,- ասաց Լուսինե Հակոբյանը։

Հակոբյանն ասաց, որ վերջին նիստից հետո շատ կուզեր հասկանալ և լսել բացատրություն, թե ինչ գործ ունեն պաշտպանները դատավորի և դատախազի աթոռներին։

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի մեկ այլ պաշտպան Արամ Օրբելյանի՝ ՀՀ վարչապետի դեմ դատարան ներկայացրած հայցի մասին՝ Լուսինե Հակոբյանն ասաց, որ հայցը պետք է լիներ ոչ թե վարչապետի, այլ ՍԴ-ի անվտանգության աշխատակիցների դեմ, քանի որ ամիսներ առաջ Հանրային հեռուստատեսության եթերում հեռարձակված նյութում ՍԴ-ի անվտանգության աշխատակիցները պատմել են, որ այո, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից փաստաբան Արամ Օրբելյանը բազմիցս ելումուտ է ունեցել Սահմանադրական դատարան։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե Արամ Օրբելյանը, որը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն է «էն ժամանակներում, երբ մարտի մեկի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարան», որը չի արձանագրվել սահմանված կարգով։ Հենց այս հայտարարության հիմքով է Օրբելյանը դիմել դատարան։

https://www.youtube.com/watch?v=OVsEhMl4K-g&t=227s&fbclid=IwAR1V2T93wwOwTZr_eK6sxotYmKbonWle0YAhnrEWGHkEQ93TMqmvucgeIOw

Exit mobile version