Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

ՍԴ-ի յոթ անդամները ցուցաբերում են զրո պատասխանատվություն․ Տիգրան Եգորյան

«Դատարանի մատչելիությունը և արդար դատաքննության իրավունքը սահմանափակման ենթակա իրավունքներ չեն, չեն սահմանափակվում արտակարգ դրության իրավական կարգավորումներով և դատարանները պետք է ապահովեն այս իրավունքների իրացումը։ Արտակարգ դրության պայմաններում դատարանների աշխատանքը հենց այս իրավունքների իրացման նպատակն է հետապնդում»,- ասաց  «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի մեկի ինը զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը՝ պատասխանելով 1in.am-ի հարցին, թե ինչ է ենթադրում դատարանների արտակարգ ռեժիմով աշխատելը և ինչպես է Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ազդում դատարանների գործունեության վրա։

 Անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակմանը, մասնավորապես՝ զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելման նպատակահարմարությանը՝ Տիգրան Եգորյանն ասաց․«Խոսքի ազատության վերաբերյալ սահմանափակումը մասնակի է և սահմանափակվել է միայն այն տեղեկատվության տարածումը, որը վերաբերում է համաճարակի պատճառ հանդիսացող վիրուսի, վիրուսի տարածման և ձեռնակվող գործողություններին»,- ասաց Տիգրան Եգորյանն ու հավելեց, որ եթե ուսումնասիրենք համացանցը և ուշադրություն դարձնենք տագնապ սերմանող տարաբնույթ հայտարարությունների, հոդվածների, դրանց սոցիալական ցանցերով լայն տարածելու բավական մտահոգիչ գործողությունների վրա, կտեսնենք, որ նման սահմանափակման կիրառումը խելամիտ է։ «Նման իրավիճակներում այսօրինակ սահմանափակումների չկիրառման հետևանքները շատ ավելի ընդգրկուն են և կարող են բացասական ազդեցություն ունենալ համաճարակի դեմ պայքարի միջոցառումների և տնտեսության վրա։ Հետևաբար, խոսքի ազատության այս սահմանափակումը ամբողջությամբ իրավաչափ և համաչափ է»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Խոսելով հանրաքվեի հետաձգման մասին՝ Տիգրան Եգորյանն ասաց, որ, ըստ Սահմանադրության արտակարգ դրության և ռազմական դրության պայմաններում հանրաքվե չի կարող իրականացվել, սակայն արտակարգ դրության ավարտից հետո եռօրյա ժամկետում պետք է քննարկվի արդեն վաղօրոք նշանակված և հետաձգված հանրաքվեի օր 50-65 օրվա միջակայքում նշանակելու հարցը։ «Սահմանադրական դատարանում ինքնամեկուսացած այս յոթ անդամները ցուցաբերում են զրո պատասխանատվություն և կարծես թե, թեթևացած շունչ են քաշում, որ հանրաքվեն հետաձգվել է»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ նշելով, որ ՍԴ-ի այդ յոթ անդամների նմանօրինակ վարքը բացարձակ անակնկալ չէր և ամբողջությամբ համապատասխանում է նրանց նախորդ գործողություններին և վարքին։

https://www.youtube.com/watch?v=E4GdXTReLeA&fbclid=IwAR2yoWvQfkn5YteF3b_PCD8b3me5C_sy5QKDxxRpL45XyAs69viWJuJXnDg

Exit mobile version