Դատական համակարգի մի մասը շարունակում է ծառայել նախկիններին. Ազարյանը խոչընդոտում է արդարադատությանը

«Արմեն Թավադյանի խափանման միջոցի բողոքը վերաքննիչում իրականացնում է Ալեքսանդր Ազարյանը, որն իր հայտնիությունը ձեռք է բերել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կայացրած իր դատական ակտով, երբ որոշեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ չի կարող իրականացվել քրեական հետապնդում և գործը ենթակա է կարճման, քանի որ Ռոբերտ Քոչարյանը օգտվում է անձեռնմխելիության իրավունքից»,- 1in.am-ի հետ զրույցում ասաց  «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի մեկի ինը զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը՝ անդրադառնալով 5-րդ ալիքի տիրոջ՝ Արմեն Թավադյանի խափանման միջոցի՝ կալանավորման դեմ պաշտպանների բողոքի քննությունը, որը այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Լրագրողի հարցին, թե դատավոր Ազարյանի այս կանխակալ դիրքորոշումը հաշվի առնելով կարո՞ղ է արդյոք Թավադյանի կալանավորման որոշման բողոքարկումը քննվել հենց Ազարյանի նախագահությամբ, փաստաբան Կարապետ Բադալյանն ասաց․ «Տրամաբանական շղթան շատ հստակ է․ թեև վճռաբեկ դատարանը բեկանել էր Ազարյանի՝ Քոչարյանի քրեական հետապնդման անկարելիության մասին որոշումը, միևնույն է Ազարյանը հետագայում մի քանի անգամ վերահաստատեց իր դիրքորոշումը։ Այսինքն անձը արդեն իսկ կանխակալ վերաբերմունք ունի այն բոլոր հարցերի նկատմամբ, որոնք վերաբերում են Ռոբերտ Քոչարյանի գործին, իսկ Թավադյանի գործն ուղղակիորեն առնչվում է հենց Ռոբերտ Քոչարյանի գործին»։ Ըստ փաստաբան Կարապետ Բադալյանի՝ այս կերպ դատավոր Ազարյանն իր պահվածքով և արտահայտություններով միջամտում է արդարադատության համակարգի գործունեությամը։

Փաստաբան Տիգրան Եգորյանն էլ իր հերթին նկատեց․ «Ալեքսանդր Ազարյանը համարում է, որ չկա Ռոբերտ Քոչարյանի գործ, քանի որ այդ գործով հետապնդում Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ չի կարող իրականացվել։ Հիմա էս գործով տուժողների և վկաների վրա ազդեցություն գործելու կապակցությամբ հետապնդվող Թավադյանի կալանքի հարցով էս դիրքորոշումն ունեցող դատավորի կարծիքն այն պետք է լինի, որ եթե չկա գործ ապա այդ գործի տուժողների և վկաների վրա ազդեցություն բանեցնելու գործ նույնպես չի կարող լինել։ Այսինքն պարզ է չէ՞, թե ինչ որոշում կարող է լինել»։

 Անդրադառնալով դատական համակարգի ինքնամաքրմանը՝ Տիգրան Եգորյանը նշեց, որ օբյեկտիվորեն դա հնարավոր չէ, քանի որ չկան ոչ համապատասխան խթանների համակարգը ոչ էլ ձգողականության այն կենտրոնները, որոնք պիտի ձևավորեն արդարադատության համակարգը։ «Սահմանադրության պարագայում մենք չունենք դատարան և ունենք գրեթե անարդյունավետ գործող Բարձրագույն դատական խորհուրդ։ Քանի որ այս գրավիտացիոն կենտրոնները և համակարգերը չեն գործում, ապա դաշտը քաոսի մեջ է և այդ քաոսի մեջ, բոլոր նրանք որոնք կապակցված են համապատասխան խմբային և անձնական շահերով, միշտ դեստրուկտիվ տեսանկյունից կարող են ավելին, քան նրանք որոնք փորձում են ծառայել դատավորի կոչմանը»,- ասաց Տիգրան Եգորյանը։

https://www.youtube.com/watch?v=2caR9m699cU&fbclid=IwAR1VCNg576jjmhkXw_eLjFDXOrPfcwnGx5lImcP4wWK44T2UuP2-fvgQ9wg