Մարտի 1-ի տասը սպանությունը սահմանադրական կարգի տապալման ուղիղ հետևանքն է․Տիգրան Եգորյան

 «Մարտի 1-ի տասը սպանությունը սահմանադրական կարգի տապալման ուղիղ հետևանքն է»,- Factor TV-ի  հետ զրույցում, խոսելով Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի մեկի գործով՝ որպես մեղադրյալ անցնող Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի՝ դատական գործընթացը հետաձգելու մարտավարական հնարքների մասին, ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի մեկի ինը զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը։

«Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ ամբաստանյալի աթոռին հայտնված անձանց առաջադրված է սահմանադրական կարգի տապալման մեղադրանք, և այդ մեղադրանքի հիմքում ընկած փաստերը ամփոփ հետևյալն են․ այս անձինք ՀՀ բարձրագույն իշխանություն իրականացնողներն էին և ունենալով համապատասխան լիազորություններ ու պարտականություններ, կազմակերպել են մի գործընթաց, որին ներգրավել են զինված ուժերը, որի հիմնական և առանցքային նպատակն է եղել սահմանափակել Սահմանադրությամբ գործող իրավունքներն ու ազատությունները՝ կոնկրետ նպատակի հասնելու համար։ Այս ամենի կազմակերպման հետևանքով ստեղծվել է մի իրավիճակ, երբ կյանքի իրավունքը այլևս պաշտպանված չի եղել և տեղի է ունեցել տասը սպանություն»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Նշենք, որ մարտի 1-ի գործով պաշտպանական կողմը միջնորդել է դատարանին՝ վերացնել քրեական հետապնդումը սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև՝ մեղադրյալներ Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի նկատմամբ և կարճել քրեական գործի վարույթը։ 

«Եթե դատարանը մտադիր չէ իրավունք և օրենք խախտել, ապա քրեական գործի կարճման և քրեական հետապնդման դադարեցման հնարավորություն չկա»,- ասաց Տիգրան Եգորյանը։ 

Խոսելով Սահմանադրական դատարանի ճգնաժամի և այդ ճգնաժամը լուծելու իշխանության ձեռնակած քայլերի մասին, Տիգրան Եգորյանն ասաց․ «213-րդ հոդվածի՝ հանրաքվեի միջոցով փոփոխության արդյունքում ՍԴ-ի յոթ անդամների լիազորությունների դադարեցման կապակցությամբ չի առաջանում նրանց անհատական իրավունքի որևէ խախտում»: Նա նաև հավելեց, որ ՄԻԵԴ-ի այս հարցերով վերջին զարգացումներն այն մասին են, որ բարձր պետական պաշտոնյաների, այդ թվում՝ դատական բարձր պաշտոնյաների իրավունքերի պաշտպանության հարցը ՄԻԵԴ-ը կարող է քննարկման առարկա դարձնել միայն այն դեպքում, երբ ազգային մակարդակում այդպիսի իրավունքի դատական պաշտպանություն նախատեսված է։ https://www.youtube.com/watch?v=dtGFC_uyHIs&feature=share&fbclid=IwAR21YEg7f1nNUzvUqZCOnhv9oi2GP0vHEXA10PIm9Q5UpZtPw74hfZDmus0