Փորձ է արվում վերականգնել Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը․Լուսինե Հակոբյան

«Այսօրվա իշխանությունները չեն ժառանգել ժողովրդավարական պետություն և այսօր սկսել են քայլեր, որոնք կարող են երկիրը տանել ժողովրդավարական դեֆիցիտի։ Իրականում ժառանգել ենք ավտորիտար պետություն, որտեղ տարիներ շարունակ իշխանությունը քամել է ժողովրդի ռեսուրսը, ոչնչացրել է պատմամշակութային արժեքները, փոշիացրել բնական ռեսուրսները։ Հանուն անձնական շահի արվել են բոլոր հնարավոր հակաժողովրդավարական գործողությունները, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի զավթման գործողությունը՝ Հրայր Թովմասյանին այնտեղ նախագահ կարգելու միջոցով, և այսօր գնում է հակառակ գործընթացը՝ փորձ է արվում վերականգնել Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը»,- 1in TV-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը ու հավելեց, որ ԱԺ-ի կողմից սկսված գործընթացն իրավաչափ է և պետք է տեղի ունենա։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը ձայների 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց  «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է դադարեցնել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը։

Ըստ Լուսինե Հակոբյանի՝ այսօր շահարկվում է այն հանգամանքը, թե իբր հակասահմանադրական է այն, որ հանրաքվեի դրվող նախագիծը չի ուղարկվում  Սահմանադրական դատարան՝ եզրակացություն ստանալու համար։ «Սահմանադրությամբ ամրագրված է, որ Ազգային ժողովը իրավասու է փոփոխելու Սահմանադրության այն հոդվածները, որոնք ենթակա չեն փոփոխման հանրաքվեով, իսկ 213-րդ հոդվածը ենթակա էր ԱԺ-ի կողմից փոփխման»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ օրենքը նախատեսում է ևս մեկ կարգավորում, որի դեպքում, եթե ԱԺ-ի կողմից նախատեսված փոփոխությունը ԱԺ-ը չի ընդունում, ապա փոփոխությունների այդ նախագիծը դրվում է հանրաքվեի։ 

Ըստ փաստաբանի՝ թեև Սահմանադրության 168-րդ հոդվածը հստակ թվարկում է Սահմանադրական դատարանի լիազորությունները, իսկ մեկ այլ 169-րդ հոդվածով էլ ամրագրում, թե որ հարցով, որ սուբյեկտը կարող է դիմել Սահմանադրական դատարան, սակայն այդ հոդվածներն իմպերատիվ չեն և այդ թվարկումներից որևէ ձևով չի բխում, թե 169-րդ հոդվածում թվարկված բոլոր սուբյեկտները, այդ թվում՝ ԱԺ-ն, պարտադիր պետք է գնան և հայցեն ՍԴ-ի եզրակացությունը։

Խոսելով 202 հոդվածի մասին Լուսինե Հակոբյանն ասաց, որ այն չի սահմանում, որ ԱԺ-ի կողմից չընդունված նախագիծը հանրաքվեի դնելու դեպքում դարձյալ պետք է ուղարկել ՍԴ։ «Իրավագիտության մեջ գոյություն ունի դարերից եկող, Հուստինյանոսի օրենսգրքում ամրագրված nemo judex in causa sua սկզբունքը, այսինքն՝ որևէ մեկը չի կարող իր իսկ դեպքում որպես դատավոր հանդես գալ»,- ասաց Լուսինե Հակոբյանն ու նշեց, որ այս սկզբունքը բացառություն չէ և այն, այս կամ այն մոդելով, գործում է բոլոր պետություններում։

Բացատրելով նախագծի էությունը՝ փաստաբանն ասում է, որ հանրաքվեի դրվող նախագիծը Սահմանադրական դատարանի յոթ անդամների լիազորությունների դադարեցման մասին է, և տրամաբանական է, որ այդ յոթ անդամները չեն կարող իրենք իրենց հարցով որպես անկախ և անաչառ դատարան հանդես գալ։ «Մյուս կողմից մենք ունենք մի իրավիճակ, երբ ՍԴ-ի յոթ անդամների լիազորությունների դադարեցման հարցը հանրաքվեի դնելու հարցին կողմ է ԱԺ-ի մեծամասնությունը, վարչապետը և հանրապետության նախագահը։ Եթե այս երեք ինստիտուտների հետ միասին կողմ լինի նաև ժողովուրդը, ապա մենք կունենանք լայն կոնսենսուս առ այն, որ ՍԴ-ի յոթ անդամների լիազորությունները պետք է դադարեցվեն։ Սա իրավմամբ լեգիտիմ գործընթաց է և արդյունքները նույնպես կլինեն լեգիտիմ»,- ասաց Լուսինե Հակոբյանը։

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանն էլ նշեց, որ Սահմանադրական դատարանը պետության ողնաշարն է և այդ կարևոր մարմինը կա՛մ ժողովրդի ձեռքում է, կա՛մ գործում է ժողովրդի դեմ։

https://www.youtube.com/watch?v=O7PwM_BUVNE&feature=youtu.be&fbclid=IwAR0ghqrfG7FqE3YD8iIXFV_gk_KPbon7O72z2J-XFaQ3xxzAZU0gJjLW5rA