Եթե անգամ ՍԴ-ի բոլոր յոթ անդամներն էլ հեռանան, ՍԴ-Ի ճգնաժամը դրանով չի կարող լուծված համարվել․ Տիգրան Եգորյան

«Հնարավոր է տարբեր գործիքներով ձգձգել դատական գործընթացը, բայց այդ ձգձգումները չեն կարող անվերջ լինել։ Այն որ, մենք հիմա ականատես ենք լինում այս մեթոդներին, խոսում է այն մասին, որ իսկապես արդարացի էին այն կանխատեսումներն ու գնահատականները, որ հիմնական գործընթացը դատական նիստերի այս դահլիճում չի տեղի ունենում և որ այս գործի հետ կապված Ռոբերտ Քոչարյանի հույսերը բոլորովին այլ կենտրոն ունեն»,- «Ազատության» հետ զրույցում, խոսելով Հայաստանի երկրորդ  նախագահ, Մարտի մեկի գործով՝ որպես մեղադրյալ անցնող Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի հերթական հետաձգման և վերջինիս փաստաբանական թիմի՝ դատական գործընթացը հետաձգելու մարտավարական հնարքների մասին, ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի մեկի ինը զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը։ 

Ըստ փաստաբանի՝ այդ կենտրոնը ՍԴ-ում գործող այն անդամների խումբն է, որն այսօր ի զորու է այս գործն ավարտել իր մեկ որոշմամբ։ «Այդ որոշման համար անհրաժեշտ է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանից որևէ կարծիք, որպեսզի նրանք հնարավորություն ունենան վերսկսելու գործի վարույթը և կայացնելու որոշումը»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ տպավորություն է ստեղծվում, թե գործը քննող դատավոր  Աննա Դանիբեկյանը նույնպես  բուն դատական գործը սկսելու ցանկություն չունի, Տիգրան Եգորյանն ասաց․ «Ես չէի շտապի դատավորին նման մեղադրանքներ հասցեագրել։ Գուցե կա հապաղում և ոչ ընդգծված վճռականություն, սակայն սպասենք հաջորդ նիստին։ Կարծում եմ՝ սա արդեն նշանակում է սահմանը հատել, քանի որ նույն պատճառաբանությամբ երկու տարբեր ամբաստանյալների փաստաբաններ ձախողում են  արդեն երկրորդ նիստը»։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի անդամներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին համակարգի ներդրմանը՝ Տիգրան Եգորյանն ասաց, որ եթե անգամ ՍԴ-ի բոլոր յոթ անդամներն էլ հեռանան, ապա առկա ճգնաժամը դրանով չի կարող համարվել լուծված, քանի որ ՍԴ-ի այդ յոթ անդամները սահմանադրական դատարանի ճգնաժամի մի մասն են։ Տիգրան Եգորյանը նշեց նաև, որ այս փուլում դժվար է պատկերացնել, թե որևէ մեկը կօգտվի այդ հնարավորությունից և կգնա։

«Այն արշավը, որը կազմակերպվել է ընդդեմ այն անդամների, որոնք կարող է օգտվեն այս օրենքից, արդեն իսկ ակնհայտ է դարձնում, որ բավական լուրջ աշխատանք է տարվում այս օրենքից օգտվողների հնարավորությունը բացառելու ուղղությամբ և ըստ ամենայնի այդ աշխատանքը բավական արդյունավետ է և դժվար թե որևէ մեկը այդքան կամք ունենա հաղթահարել այդ խնդիրները և ընդունել այս առաջարկը»։

https://www.youtube.com/watch?v=UbFUcFLUCNA&feature=youtu.be&t=3701