Վստահ եմ՝ ՍԴ-ի անունից գործող յոթ անդամները հօգուտ Քոչարյանի որոշում կկայացնեն․ Տիգրան Եգորյան

«Եթե ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի և ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների համաձայն որոշեց, որ այն հոդվածը, որով այս գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, չի համապատասխանում իրավական որոշակիության ստանդարտներին, ապա սա կնշանակի, որ Ռոբերտ Քոչարյանի մասով քրեական հետապնդումը դադարեցվում է»,- 1inTV հետ քննարկելով Հայաստանի երկրորդ  նախագահ, Մարտի մեկի գործով՝ որպես մեղադրյալ անցնող Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի հերթական հետաձգումը և դատական գործընթացը հետաձգելու վերջինիս փաստաբանական թիմի մարտավարական հնարքները, ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի մեկի ինը զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը։ 

Հիշեցնենք, որ դատական նիստը հետաձգվել էր Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի բացակայության պատճառով:

Ըստ փաստաբանի՝ սա կոնկրետ մարտավարություն է՝ միտված գործի քննության հետաձգմանն առ այն պահը մինչև ՍԴ-ն կստանա Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքը։ «Ոչ մեկ չի սպասում ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի բովանդակությանը։ Խորհրդատվական կարծիքը պետք է այնքանով, որքանով այն հնարավորություն կտա Սահմանադրական դատարանում կասեցված գործը վերսկսելու։ Սա վերջին գնդակն է և եթե նայենք գործի քննության ընթացքում դատավարական հնարավորությունների հետևողական սպառմանը, ապա կտեսնենք, որ այդ հնարավորություններից մի քանիսը նորից ՍԴ-ն է ընծայել։ Ես չեմ էլ կասկածում, որ ՍԴ-ի անունից գործող այն յոթ անդամների կազմը չի վարանի անհրաժեշտ որոշում կայացնելուց»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Հարցին, արդյոք նման որոշումն իմպերատիվ է և գործը քննող դատարանը հարկադրված կլինի այն կիրառել, Տիգրան Եգորյանը պատասխանեց․ «Եթե դուք նկատի ունեք, թե որքանով է այսօր ՍԴ-ի անունից գործող կազմը լեգիտիմ և որպես հետևանք, այդ դատարանի կողմից արձակված որոշումները որքանով են ճանաչելի, սա այլ հարց է։ Իսկ եթե նկատի ունենք թե որքանով են ՍԴ-ի որոշումների ընկալելիությունը կամ մատչելիությունը, ապա բոլորովի այլ հարց է։ Սակայն բացի այս հարցի վերաբերյալ տարբեր ուղղություններով քննարկումը միշտ պետք է հիշենք այն, որ ունենք շատ ավելի ֆունդամենտալ խնդիր, որը ՍԴ-ում առկա ճգնաժամն է։ ՍԴ-ի ճգնաժամը լուրջ է ոչ այնքան այն պատճառով, որ քննարկում ենք Ռոբերտ Քոչարյանի գործը, այլ այն պատճառով, որ ՍԴ-ի ճգնաժամն առնչվում է պետությունում ընթացող բազմաթիվ գործընթացներին»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ քանի դեռ չի լուծվել ՍԴ-ի ճգնաժամի հարցը, ապա այսպիսի ածանցյալ խնդիրների պարբերաբար առնչվելու ենք։

Տիգրան Եգորյանը խոսեց նաև ԱԺ-ի պատգամավոր Արման Բաբաջանյանի ԱԺ-ի ամբիոնից արված այն հայտարարության մասին, համաձայն որ ՍԴ-ի յոթ անդամներից մի քանիսն արտերկրում մի հանդիպման և քննարկման ժամանակ արտահայտել են դիրքորոշումներ, որն ուղղակի վկայություններն է Ռոբերտ Քոչարյանի գործով նրանց կանխակալ վերաբերմունի։ «Սա կոնկրետ հանգամանք է, փաստ, որն ինքնուրույնաբար ու լիովին բավարար է որպեսզի ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործը քննող կազմից առնվազն այն անդամները, որոնք մասնակցնել են այդ քննարկմանն ու արտահայտել են այդ դիրքորոշումը չմասնակցեն Ռոբերտ Քոչարյանի գործի քննությանը ՍԴ-ում»,- ասաց Տիգրան Եգորյանը։

https://www.youtube.com/watch?v=qKeRhlPjwGE&feature=share&fbclid=IwAR2zcOTcMZSmalaGndnHGQhlm1LwrWJNakkFR9mmxrZOv0Jljv3ez6P_tBc