ԱԺ-ի մեծամասնությունը չի պատկերացնում ՍԴ-ի ճգնաժամի լուծումը․ Լուսինե Հակոբյան

«Ես առ այս պահը հստակ չեմ լսել իշխանությունների տեսակետը ՍԴ-ի ճգնաժամի լուծման ուղղությամբ»,-   խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին տրված գնահատականի մասին, ասաց Լուսինե Հակոբյանը։ 

Նշենք, որ հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր․«ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված սահմանադրական դատարան մենք այսօր չունենք: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը նախատեսում է, որ ՍԴ նախագահին պետք է ընտրի ՍԴ-ն իր կազմից, բայց այսօր մենք ունենք Ազգային ժողովի կազմից ընտրված Սահմանադրական դատարան, և հիմա պարզվեց, որ ԱԺ-ի կողմից ՍԴ նախագահ, ըստ պաշտոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում: Պաշտոնական կեղծիքի արդյունքում ՍԴ-ն օկուպացվել է մի անձի ու խմբի կողմից»:

Լուսինե Հակոբյանը նշեց, որ սկզբից, երբ խոսում էինք Սահմանադրական դատարանի ճգնաժամի մասին, իշխանության տարբեր ներկայացուցիչներ վախվորած շրջանցում էին թեման։ «Հետո խոսեց Փաշինյանը, որից հետո սկսեցին ասել, այո կա Սահմանադրական ճգնաժամ։ Հիմա ՍԴ-ի ճգնաժամի մասին լուծումները չեմ լսում․ մի երկուսը կային, որոնք հարցը տանում էին զարտուղի ճանապարհով՝ դիմում էին ՍԴ-ին ՍԴ-ի ճգնաժամի հարցով, հետո օրենքը փոխեցին, ինչը ոնց որ թե հաջողության նշաններ ցույց չի տալիս։ Այս պահին Նիկոլ Փաշինյանից ես դեռևս լուծումը չեմ լսել, ասում է՝ կլուծենք։ Մյուսներից անգամ դա չենք լսում, որ հասկանանք՝ նրանք ի զորու են այդ տեսակետը պաշտպանել միջազգային գործընկերների մոտ, թե ոչ»,- իր մտահոգությունները բարձրաձայնեց Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ ԱԺ-ի մեծամասնությունը չի պատկերացնում ՍԴ-ի ճգնաժամի լուծումը։

Խնդրի կարգավորման համար որքա՞ն կարևոր են միջազգային կազմակերպությունների դիտարկումներն ու դիրքորոշումները հարցին Լուսինե Հակոբյանը պատասխանեց․ «Երբ հայտարարում ես, որ կառուցում ես ժողովրդավարական պետություն և անում ես հակաժողովրդավարական քայլեր, ապա ձևավորվում են լուրջ վերապահումներ, թե՞ որքանով ես դու այդ ժողովրդավարական պետությունների ընտանիքի անդամ։ Սակայն այստեղ դարձյալ պետք է կարևորել, թե որ միջազգային կառույցի մասին է խոսքը, որովհետև եթե Վենետիկի հանձնաժողովի մասին ենք խոսում, ապա նրա կարծիքը հաշվի առնել պետք չէ»։

Լուսինե Հակոբյանն իր դիրքորոշումը բացատրում է այն հանգամանքով, որ Վենետիկի հանձնաժողովի անցյալը, հանձնաժողովի ներսի ոչ ժողովրդավարական լինելը, ՀՀ նախորդ իշխանությունների ներկայացուցիչների հետ ոչ ֆորմալ հանդիպումները խորացնում են վերջինիս հեղինակության ճգնաժամը Հայաստանում։ 

«Իսկ այլ կառույցներից ես որևէ տեսակետ ՍԴ-ի ճգնաժամի և իշխանության արվելիք քայլերի ուղղությամբ չեմ լսել։ Ի վերջո,պետք է հասկանալ, որ մյուս պետությունները հարգում և պաշտպանում են գործընկերոջ տեսակետն այնքանով, որքանով այդ գործընկերը կարողանում է ճիշտ հիմնավորել իր քայլերը և գործում է իր սուվերենության շրջանակում։ ՍԴ-ի ճգնաժամի լուծման հարցն ամբողջությամբ տեղավորվում է այս տրամաբանության մեջ»,- ասաց Լուսինեն Հակոբյանը: Նա ասաց նաև, որ եթե չլուծվեն դատաիրավական համակարգի խնդիրները և Սահմանադրական դատարանի ճգնաժամը, ապա հետևանքները կարող են բավականաչափ տխուր լինել հեղափոխության համար։

https://www.youtube.com/watch?v=UQuAAiyMUUE&fbclid=IwAR1W0HvCnUCW4OXkWcqZwfArhW1fcUuqlQxkmvNcrB_6XH9DRr7lx27SMTs