ՍԴ-ի հայտնի խմբավորման անդամները կկայացնեն որոշում հօգուտ Ռոբերտ Քոչարյանի․ Տիգրան Եգորյան

«Մարտի մեկի նման ծանր հանցագործությունների լիարժեք և ամբողջական բացահայտման որևէ ձախողումը հանգեցնելու է մի իրավիճակի, երբ այդ հանցագործությունները կունենան կրկնվելու մեծ հավանականություն»,- FACTOR TV-ի հետ, քննարկելով մարտի 1-ի դատաքննության ներկա փուլը, ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի 1-ի ինը զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը։

Պատասխանելով հարցին, թե՞ արդյոք իրավաչափ է մարտի 1-ի գործի քննության փոխարեն այդ գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունների՝ վերջինիս կալանքի ձևի փոփոխության վերաբերյալ շուրջ մեկ տարի ձգվող գործընթացը, Տիգրան Եգորյանն ասաց․ «Այս ձգձգվող գործընթացի պատճառը փաստաբանները չեն, նրանք նախաձեռնված և նախապատրաստած ծրագիրը կյանքի կոչելու գործիքներն են։ Միջնորդությունների նոր ալիքի պատճառը Սահմանադրական դատարանի երկու որոշումներն են, որոնք երկու նոր փուլով միջնորդությունների շքերթի դատավարական հնարավորություն են տվել»։

Տիգրան Եգորյանը կարծում է, որ այդ ձգձգումների նպատակն է ժամանակ շահել մինչև Սահմանադրական դատարանը կարողանա վերսկսել Ռոբերտ Քոչարյանի և ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա կասեցված գործի քննությունը։ 

Ըստ փաստաբանի՝ կասեցված գործի վերսկսումը հնարավոր կլինի, հենց Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը տա իր խորհրդատվական կարծիքը։ Նա համոզմունք է հայնտնում, որ այդ կարծիքի տրամադրումից հետո «ՍԴ-ի հայտնի խմբավորման անդամները կկայացնեն որոշում հօգուտ Ռոբերտ Քոչարյանի»։

Անդրադառնալով լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկություններին, թե իրավապահ մարմինները տարբեր նյութեր են հավաքագրում ՍԴ-ի անդամների անձնական և ինտիմ կյանքի վերաբերյալ, որպեսզի ստիպեն նրանց տալ հրաժարական և գնալ թոշակի, Տիգրան Եգորյանն ասաց․ «Սա ազգային անվտանգությանը սպառնացող հարց է, և եթե իրավապահներն ունեն նման ինֆորմացա, իսկ ես վստահ եմ, որ եթե ունեն, ապա այդ ինֆորմացաին այսօր չէ, որ հավաքագրվել են, ուստի եթե այդ տեղեկություններն այնպիսին են, որոնք կարող են զրկել կոնկրետ անձին՝ որպես ՍԴ-ի անդամ կամ դատավոր հանդես գալու կարողությունից և նրան դարձնել կոնկրետ ազդեցությունների ենթակա, ապա դրանք պետք հրապարակվեն, քանի որ սպառնում են ազգային անվտանգությանը»։

Փատաբանը նշեց նաև, որ բացարձակ կարևոր չեն, թե ինչ ճանապարհով են այդ տեղեկությունները հավաքագրվել։ «Այդ տեղեկությունները պետք է հրապարակվեն, որից հետո, իհարկե, պետք է հարուցվի քրեական գործ՝ դրանց հավաքագրման օրինականությունը կամ ապօրինությունը պարզելու համար»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Փաստաբան Տիգրան Եգորյանը խոսեց նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի սպանության/ինքնասպանության մասին՝ նշելով, որ Գեորգի Կուտոյանի մահը խորացնում է ազգային անվտանգության շուրջ մտահոգությունները։

«Սպանվել է ԱԱԾ նախկին պետը։ Այս դեպքում նախկին բառը հարաբերական է։ Սա մի պաշտոն է, որը զբաղեցրած անձինք կարող են տարբեր ժամանականերում չափազանց լուրջ դերակատարում ունենան՝ անկախ իրենց նախկին կամ ներկա լինելուց»,- ասաց Տիգրան Եգորյանը։

https://www.youtube.com/watch?v=TlpC2QHd3GA&fbclid=IwAR3-f9FnVhrSV6FZRhwMbY_mOGSN7ll3-47VMe_xfPXjS7PlQASyGqvzhik