Գործ ունենք ոչ թե ՍԴ-ի ճգնաժամի, այլ տարբեր շահերով փոխկապակցված, այդ շահերից կազմված մարդկանց հետ․ Տիգրան Եգորյան

«2019թ․ սահմանադրական ճգնաժամի լուծմանն ուղղված, սակայն ճգնաժամի ամբողջ բովանդակությունն ու խորությունը չսպասարկող քիչ, թե շատ ընդունելի  տարբերակը կարելի է համարել Սահմանադրական դատարանի անդամներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին համակարգի ներդրումը, ուրիշ այլ գործողություն կամ ձեռնարկ ես 2019-ին չեմ տեսել»,- 1inTV-ի հետ, քննարկելով Սահմանադրական դատարանի ճգնաժամն ու դրա լուծմանն ուղղված իշխանության 2019թ․ ձեռնարկված քայլերը, ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին համակարգի ներդրումից, թե առաջ, թե հետո  բավական հստակ ուրվագծվել է վաղ կենսաթոշակային համակարգի դեմ հանդես եկող Սահմանադրական դատարանի «խրամատը» պահողների թիմը՝ ի դեմս Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի։

«Սա խոսում է այն մասին, որ մենք արդեն գործ ունենք ոչ թե Սահմանադրական դատարանի ճգնաժամի, այլ տարբեր շահերով փոխկապակցված և տարբեր շահերից կախման մեջ եղող կոնկրետ մարդկանց խմբի հետ, որոնք էլ այդ շահերի սպասարկելուց և սեփական խնդիրները լուծելուց բացի, որևէ այլ բան գլուխներում չունեն»,- ասաց Տիգրան Եգորյանը։

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանն էլ, պատասխանելով հարցին, թե ի՞նչ քայլեր կան, որոնք կիրառելով ԱԺ-ը կկարողանա հասնել խնդրի հանգուցալուծմանը, ասաց․ «Տարբերակներից մեկը Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունն է, որը բացառապես ԱԺ-ի լիազորությունների տիրույթում է»։ 

Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը

Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված  ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը:

Ըստ Լուսինե Հակոբյանի՝ ճգնաժամի լուծման մյուս «ոչ շատ ցանկալի տարբերակը» Սահմանադրության փոփոխությունների շրջանակում Սահմանադրական դատարանի ճգնաժամին անդրադառնալն է։ «Ինչու եմ ասում անցանկալի, քանի որ սահմանադրական բարեփոխումներն ավելի երկարաժամկետ և ավելի մասնակցային գործընթաց են ենթադրում, իսկ մինչ այդ Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը, գործելով այն իրավիճակում, ինչ իրավիճակում, որ գործում է, կարող է լուրջ վնաս հասցնել պետության շահերին»,- բացատրեց Լուսինե Հակոբյանը։

Տիգրան Եգորյանն էլ նշեց, որ ցանկացած բանական մարդ իր առջև ծառացած խնդիրները լուծելու համար նախ պետք է այն  գնահատի։ Ըստ Տիգրան Եգորյանի՝ այս մոդելը տիպական է նաև պետության համար, ուստի անհրաժեշտ է, որ ՍԴ-ի ճգնաժամի վերաբերյալ լինի իրավաքաղաքական գնահատական։ «Լուծումների փնտրտուքը պետք է հաջորդի խնդրի ձևակերպման և գնահատման գործընթացին, որը մինչ այժմ տեղի չի ունեցել, բայց ես հույս ունեմ, որ հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին  ՀՀ ԱԺ-ն, որն ունի բացառիկ բարձր լեգիտիմության և վստահության աստիճան, կիրականացնի այդ գնահատումը, կձևակերպի ճգնաժամը, խնդիրները, դրանց խորությունն ու էությունը, որից հետո հեշտ ու պարզ արդեն կհաջորդեն բոլոր լուծումներն ու ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են արդեն ձևակերպված խնդիրի լուծման համար»,- ասաց Տիգրան Եգորնաը։

Անդրադառնալով ԴՍ-ի նախագահի պաշտոնը զբաղեցրած Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքին և ՍԴ-ում նրա լիազորությունների դադարեցման վերաբերյալ հարցին՝ Տիգրան Եգորյանն ասաց, որ ո՛չ այդ մեղադրանքը, ո՛չ Հրայր Թովմասյանը, ո՛չ ՍԴ-ի անդամներից որևէ մեկն առանձին վերցրած չեն կարող ՍԴ-ի ճգնաժամի լուծման խողովակ դիտարկվել։

«Ես հասկանում եմ, որ միգուցե Հրայր Թովմասյանը կուզեր, որ անցյալի իր մեղքերը, այն արարքները, որոնց հետևից այսօր են եկել, լուծվեին իր կողմից ինչ-որ զիջումների գնով, բայց կարծում եմ, որ Հրայրն ինքն էլ էլ գիտի, որ այդ հույսերը զուր են»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Փաստաբանը մեկնաբանեց նաև Հրայր Թովմասյանի անձռնմխելիության մասին  շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը, նշելով, որ 2015թ․ ընդունված և այսօր գործող Սահմանադրությամբ ՍԴ-ի դատավորի անձեռնմխելիությունը տարածվում է միայն իր լիազորությունների վերաբերյալ քրեական հետապնդման վրա, իսկ 2005թ․ սահմանադրական փոփոխություններով սահմանված անձեռնմխելիությունը, որևէ կերպ կիրառելի չէ ՍԴ-ի անդամների կազմից որևէ մեկի նկատմամբ, այն պարզ պատճառով, որ այդ իրավունքը որևէ կերպ անհատականացված իրավունք չէ։  «Նրանցից որևէ մեկ չի կարող հայցել իրենց համար առավել բարենպաս իրավական վիճակ՝ պայմանավորված մի նորմով, որը չի սահմանում իրենց անհատական իրավունքը։ Տվյալ դեպքում Սահմանադրության 164-րդ հոդվածն անհատական իրավունք չէ, այն պաշտոնը զբաղեցնող պաշտոնյայի երաշխիքի հարց է, որը չի փոխակերպվում անհատական իրավունքի՝ առանձնացված այդ պաշտոնից»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Լուսինե Հակոբյանն էլ նշեց, որ Սահմանադրության 164-րդ հոդվածի 3-րդ կետը հստակ սահմանում է, որ Սահմանադրական դատարանի համաձայնությունն անհրաժեշտ է միայն  «իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու կապակցությամբ»:

«Մեղադրանքը, որն առաջադրվել է վերաբերում է 2011-14թթ նրա նախարարի պաշտոնը զբաղեցրած լինելու ժամանակին առնչվող մեղադրանք է և որևէ կապ չունի իր՝ որպես ՍԴ- անդամի լիազորությունների հետ»,- ասաց Լուսինե Հակոբյանը։

https://www.youtube.com/watch?v=kAT1DNaQy1w&fbclid=IwAR3VqqXF_KLxUoPdVN3vmLADtiQ4sFztrf_GZ678Cdkyyr4QpiM3PcUp1_Q